HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երկու ամսով երկարացվել է Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի՝ Հովհաննես Ղազարյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը՝ մերժելով նրան մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Հովհաննես Ղազարյանը անազատության մեջ կմնա ևս երկու ամիս։

Ղազարյանի փաստաբան Անի Չատինյանի գնահատմամբ՝ վեր նշված հանգամանքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դատարանները քաղաքական պատվեր են կատարում։

Փաստաբանի փոխանցմամբ՝ նախաքննությամբ բազմաթիվ գործողություններ կատարվել են, սակայն Հովհաննեսի մեղքը հիմնավորող որևէ փաստաթուղթ կամ ապացույց չի ներկայացվել։ Սակայն, ըստ Չատինյանի, մինչ այս պահը, արդեն չորս ամիս, անհարկի ձգձգումներով Հովհաննեսը անազատության մեջ է պահվում՝ չունենալով որևէ առնչություն իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Ասում է՝ իր պաշտպանյալը միայն մասնակցել է երթին՝ արտահայտելով իր խոսքի ազատությունը, իրացնելով հավաքին մասնակցելու իրավունքը։

«Քննիչի՝ կալանքը երկարացնելու միջնորդությունը այն էր, որ պետք է հեռախոսային խոսակցությունների վերծանումներ կատարվեն։ Բացի այդ, քանի որ գործը միացվել է ՊՊԾ գնդի գրավման գործին, այդ շրջանակներում դեռևս պետք է պարզեն կամ հերքեն հնարավոր օժանդակության հանգամանքը»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց փաստաբանը։

Անդրադառնալով գրավի դիմաց ազատ արձակելու արդեն երրորդ անգամյա մերժմանը՝ Չատինյանը հավաստում է, որ այդ մասով որևէ երաշխիք չի ներկայացվում, որ Հովհաննեսը, ազատության մեջ մնալով, փախուստի կդիմի, կխուսափի վարույթ իրականացնող մարմնից։

Հովհաննես Ղազարյանը նույնպես ներկա է գտնվել դատական նիստին, ներկայացրել կալանքը երկարացնելու միջնորդության վերաբերյալ իր առարկությունները, նաև հայտնել, որ անիմաստ է համարում իր կալանավորման ժամկետի երկարացումը, քանի որ որևէ հանցավոր արարք չի կատարել, և որ իր դեմ ցուցմունք տված անձիք իրեն չեն ճանաչում են, որի պատճառով արդեն չորս ամիս է անազատության մեջ է գտնվում։

Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Նա մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներին մասնակցելու մեջ։

Լուսանկարը՝ Սասնա ծռեր խմբավորման ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter