HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՀԿ-ին անդամակցելու վարչապետի յոթ պատճառները

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ այսօր դիմում է ներկայացրել՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) անդամագրվելու համար։

Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու յոթ պատճառներ է առանձնացնում. «Առաջինը՝ վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկրորդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան և մեր կառավարությունը եղել է, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարությունը։ Երրորդ՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում, թե ինչու՞ չենք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ ձեր քաղաքական հենարանը. ուղղակի դա արդարացված չէր լինի»։

Կարեն Կարապետյանն ասում է՝ ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ, «մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից և զարգացումներից»։

Վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցելու չորրորդ պատճառաբանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան։ Ըստ Կարապետյանի՝ ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը իրեն հոգեհարազատ է, և այնտեղ իր համար բազմաթիվ ընդունելի մարդիկ կան։

Վարչապետը շեշում է, որ իրեն պաշտոնի հրավիրելու պահին և դրանից հետո իր առաջ դրված հիմնական խնդիրը եղել է՝ անհրաժեշտ փոփոխությունների կատարումը տնտեսական և սոցիալական կյանքում, առավել ևս՝ պետական կառավարման համակարգում, ինչը, Կարապետյանի գնահատմամբ, նշանակում է՝ փոփոխությունը պետք է սկսել իրենցից։ Վարչապետի կարծիքով՝ այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները կուսակցության ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում առավել սուր է, քան պատկերացնում են դրսից։

Որպես կուսակցության անդամագրման հինգերորդ պատճառ՝ վարչապետը շեշտում է, որ պաշտոնը ստանձնելով դարձել է մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը։ Հաշվի առնելով այս ամենը՝ վարչապետը իշխող կուսակցությանը միանալու որոշում է կայացրել։

Կուսակցական դառնալու վեցերորդ պատճառը, ըստ Կարապետյանի, այն է, որ այս նոր իրավիճակում իր ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը։

«Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցները անդամակցեն ՀՀԿ-ին. որևէ պարտադրանք չկա։ Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է»,- ասում է նա։

Վարչապետի վերջին դիտարկումն այն մասին է, որ թեև ՀՀԿ-ն, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ, սակայն «այն կուսակցությունն է, որ գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը` որոշում է կայացրել փոխվել և իր մեջ ունի այդ ներուժը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter