HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պղինձն աշխարհում թանկանում է՝ հօգուտ Հայաստանի

Այս տարվա հոկտեմբերի վերջերից սկսած և հատկապես այս ամիս՝ նոյեմբերին, համաշխարհային շուկայում պղնձի գների նկատելի աճ է գրանցվում։ Bloomberg գործակալության հաշվարկներով՝ վերջին մեկ ամսում պղնձի մեկ տոննայի միջին գինն աճել է շուրջ 20%-ով. հիմքում Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներն են։

Սա Հայաստանի տնտեսության համար դրական ու ուշագրավ ազդակ է։ Պղինձը ներկայում ՀՀ արտահանման կազմում առաջին տեղում է։ Հետևաբար, գնային տատանումներն իրենց զգալի ազդեցությունն են թողնում արտահանումից ստացվող եկամուտների և պետբյուջե վճարվող հարկերի վրա։

Եթե տարեսկզբից մինչև հոկտեմբեր ամսվա կեսը համաշխարհային շուկայում պղնձի 1 տոննայի միջին գինը տատանվում էր 4.5-5 հազ. դոլարի շրջակայքում, ապա նոյեմբերից սկսած՝ այն սահուն կերպով աճել ու հատել է 5.5 հազ. դոլարի շեմը՝ ձգտելով 6 հազարի։

Նման տեմպերով պղնձի գինը նկատելի բարձրացավ նաև նախորդ տարվա կեսին և հասավ  6.5 հազ դոլարի շեմին, սակայն բարձր գինը երկար չպահպանվեց ու շուտով նորից անկում գրանցվեց։ Եթե այս տարվա նոյեմբերին գրանցված աճի տեմպերն ավելի երկար պահպանվեն, ապա ենթադրվում է, որ Հայաստանից պղնձի արտահանումից ստացվող եկամուտները կավելանան։

Պղնձի գնային տատանումների վրա ազդող գործոնները բազմաթիվ են։ Մեծ ազդեցություն է ունենում Չինաստանը, որն աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է։ Առաջիկայում Չինաստանում պղնձի պահանջարկի աճ է կանխատեսվում, ինչը զգալի ազդեցություն է ունեցել նոյեմբերին գրանցված թանկացման վրա։

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ներդրողների շրջանում որոշակի լավատեսություն է առաջացրել, ինչը ևս ազդել է։

Հայաստանից պղնձի արտահանումն աճել է, բայց՝ ավելի էժան գնով

Գալիք ամիսների տվյալներից արդեն պարզ կդառնա, թե վերջին թանկացումները որքանով են ազդել Հայաստանից պղնձի արտահանման արժեքի վրա։ Իսկ մինչ այդ տարվա առաջին երեք եռամսյակներին գրանցված տվյալները ցույց են տալիս, որ 2016-ին Հայաստանից ավելի շատ պղինձ է արտահանվել, քան 2015-ի նույն ժամանակահատվածում, սակայն մեկ տոննայի միջին գինն ավելի ցածր է եղել։

Հայաստանից պղինձն արտահանվում է հիմնականում խտանյութի տեսքով, քիչ քանակությամբ՝ նաև որպես թափոն-ջարդոն և որպես  չզտած (կոնվերտորային) պղինձ։

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից, ընդհանուր առմամբ,  ավելի քան 291 հազ. տոննա պղնձի խտանյութ (հանքաքարեր եւ խտահանքեր) է արտահանվել,  որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 121.5 մլրդ դրամ (ՊԵԿ-ը տվյալները տրամադրել է դրամով, իսկ դրամ-դոլար միջին փոխարժեքի հաշվարկով ստանում ենք 253 մլն դոլար)։

2015-ի հունվար-սեպտեմբերի համեմատ Հայաստանից 74.4 հազ. տոննայով ավելի շատ պղինձ է արտահանվել, որի արդյունքում արտահանման արժեքն աճել է 10.1  մլրդ դրամով։

Ուշագրավ է, որ արտահանման ֆիզիկական ծավալները շատ ավելի մեծ տեմպով են աճել՝ ավելի  34%-ով, քան արժեքը՝  ընդամենը 10%-ով։ Եվ սա տրամաբանական է, քանի որ նախորդ տարվա առաջին ինը ամիսներին միջազգային շուկայում պղնձի գներն ավելի բարձր են եղել, քան այս տարվա նույն ամիսներին։ Այս տարի մեկ տոննայի միջին արժեքը կազմել է 417 հազ. դրամ, մինչդեռ նախորդ տարի այն կազմել է 510 հազ. դրամ։ Տարբերությունը՝ շուրջ 18%: Այսինքն՝ արտահանվել է ավելի շատ պղինձ, բայց՝ ավելի էժան գնով։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ երկրի ընդերքը շարունակում են ավելի արագ դատարկել, և պղնձի արտահանումից ստացվող արժեքի աճը հենց դրանով է պայմանավորված։

Պղնձի խտանյութի մեծ մասն արտահանվել է Բուլղարիա, մի զգալի մաս՝ Վրաստան ու Չինաստան, փոքր մասը՝ Ռումինիա։

ՀՀ-ից արտահանվում է նաև ոչ մեծ քանակությամբ պղնձի թափոն-ջարդոն և չզտած (կոնվերտորային) պղինձ։ Համեմատության համար՝ տարվա առաջին կեսին արտահանվել է 6.26 հազ. տոննա չզտած պղինձ՝ մոտ 30.6 մլն  դոլարով և 484.5 տոննա պղնձի թափոն-ջարդոն՝ 912  հազ. դոլարով։  

Պղինձ արտահանող երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար լավագույն գինը 2007 թվականից սկսած՝ գրանցվել է 2011-ին, երբ հասել է 9  հազ. դոլարի։ Այդ տարի Հայաստանից արտահանված պղնձի խտանյութի մեկ տոննայի միջին գինը կազմել է շուրջ 2200 դոլար։ Համեմատության համար նշենք, որ ՊԵԿ-ի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է մոտ 870 դոլար։

Մեկնաբանություններ (1)

Minas
Ինչու պղինձը երկրի ներսում չի վերածվում հաղորդալարի, կաբելի, էլեկտրոշարժիչների եւ այլնի, այլ միանգամից դուրս է հանվում է հումքի տեսքով? Երեւի, այդպես հեշտ է թաքցնել ուղեկից ոսկին, ռեալ ծավալներն ու շահառուներին? Ուրիշ ինչ մտածենք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter