HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիա

Նարինե Մկրտչյան

Սկիզբը՝ Մաս 1Մաս 2
                                                                      Մաս 3.
                                                        Վիշապին կերակրողները

Հայաստանում կոռուպցիայի մասին խոսում են ամենուր՝ խոհանոցներում և աշխատավայրերում, փողոցներում և հրապարակներում, խորհրդարանում և կառավարությունում: Բոլորը գիտեն. կոռուպցիան վիշապ է, որը նստած է օրինականության և արդարության կենարար աղբյուրին՝ արգելակելով տնտեսության և քաղաքականության, հասարակության և պետության զարգացումը: Սակայն կոռուպցիայի մասին հայկական հրաշապատում հեքիաթն այլ ավարտ է ունենում՝ ոչ ոք չի գալիս և չի սպանում վիշապին: Նրանք, ովքեր պիտի սպանեին վիշապին, կերակրում են նրան:

5.

Դիմակազերծե՛ք կոռումպացվածներին

«Խոշոր կոռուպցիան իշխանազանցություն է, պաշտոնեական դիրքի չարաշահում բարձրագույն  մակարդակով, որը օգուտ է բերում փոքրաթիվ մարդկանց՝  ի հաշիվ մեծամասնության՝ լուրջ և համատարած վնաս պատճառելով թե՛ անհատներին, թե՛  հասարակությանը: Դա վերաբերում է կոռուպցիայի միլիոնավոր զոհերին ողջ աշխարհում: Կոռուպցիան հաճախ անպատիժ է մնում: Ժամանակն է, որ կոռումպացվածները դեմ առ դեմ բախվեն իրենց հանցագործությունների հետևանքներին: Պայքարի միասնական ճակատով մենք կարող ենք ավելին: Դիմակազերծե՛ք կոռումպացվածներին»,-2015թ. հունվարին կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունը՝ Transparency International-ը, այս կոչով դիմեց հասարակություներին՝ առաջարկելով կայքում քվեարկել մեծ հնչեղություն ստացած կոռուպցիոն այն գործարքների դեմ, որոնց դեմ պայքարելու համար անհրաժեշտ են միասնական ջանքեր1:

Ըստ Transparency International-ի «Մարդիկ և կոռուպցիան. Եվրոպա և Կենտրոնական Ասիա. կոռուպցիայի ընկալման համաշխարհային բարոմետր. 2016» զեկույցի՝ Հայաստանը (Ռուսաստանի, Մոլդովայի, Սերբիայի, Ուկրաինայի, Բոսնիայի հետ), ըստ երկրի քաղաքացիների՝ «Կոռուպցիայի ամենավատ արդյունքն են արձանագրել, ինչը նշանակում է, որ այդ երկրներում կան իրական և լուրջ կոռուպցիոն մարտահրավերներ, որոնք պետք է անհապաղ լուծել: Այս երկրներն աչքի են ընկնում խորհրդարանի անդամների շրջանում բարձր կոռուպցիայով, բարձր կաշառակերությամբ և հակակոռուպցիոն գործողություններում ներգրավվելու բացասական սոցիալական միջավայրով»2:

«Դիմակազերծե՛ք կոռումպացվածներին» կոչին Հայաստանում քչերն են տեղյակ, սակայն Հայաստանի հանրությունն անուն առ անուն կարող է թվարկել այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր, նույն հանրության մեծամասնության համոզմամբ, ներգրավված են խոշոր կոռուպցիոն գործարքներում: Հասարակական մակարդակում նրանց անունները հայտնի են: Պաշտոնական մակարդակում այդ լուրերը հիմնականում չեն հաստատվում կամ հերքվում են: Այսպես:

2012թ. Transparency international-ի Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և ՀՀ քաղաքացի Ռ. Նիկողոսյանը դիմեցին ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ (այժմ՝ նախկին) Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ: Դիմումատուները, հղում անելով հայաստանյան  ԶԼՄ-ներին, նշում էին Հայաստանում գործող մի քանի ընկերությունների («Յուքոմ», «Մեգասպորտ» խանութների ցանց, Գալաքսի սուպերմարկետ և հացի գործարան, «Ալյանս» մաքսային տերմինալ, «Հագուստի աշխարհ» և այլն (թվով 12), կապը ՊԵԿ նախագահի հետ: Դիմումատուները նշում էին, որ «համաձայն համառորեն շրջանառվող լուրերի՝ «Յուքոմ» ընկերությունը տնօրինում է ՊԵԿ նախագահը և դրանով իսկ օգտագործում է պետական պաշտոնը անձնական նպատակների և շահերի համար»: Ի պատասխան՝ 2013թ. մայիսին Հանձնաժողովը ներկայացրեց հետևյալ եզրահանգումը. «Դիմումներում և ներկայացված հրապարակումներում նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս Հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում»3:   

Այս տարվա սեպտեմբերին, նոր վարչապետի նշանակումից և ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո սկսեցին բացահայտվել նաև նախարարության ենթակայության Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցման համար մոտ 13 մլրդ դրամի  անարդյունավետ ծախսերի և չարաշահումների փաստերը:

 «Յուքոմի» հարցը միշտ խնդրահարույց է եղել շահերի բախման տեսանկյունից: Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին պետական կառավարման և կրթական-գիտական հաստատությունների քաղաքային հեռախոսահամարների զգալի մասը փոխվեցին «Յուքոմի» հեռախոսահամարներով, իսկ այժմ էլ նոր միտում է նկատվում՝ դրանք սկսում են փոխարինվել «Ռոստելեկոմի» ցանցի համարներով: Բացի այդ: 2016թ. հոկտեմբերի 6-ի նիստում նորանշանակ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պետական սեփականություն հանդիսացող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքն օտարել: Ըստ «Հայկական ժամանակի»՝ նախարարության շենքը մեկնարկային գնով՝ 27 մլն ԱՄՆ դոլարով, վաճառվել է «Ռոստելեկոմին»: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը 2008-ից եղել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ. «GNC-ալֆա»-ն «Ռոստելեկոմին» հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող նրա դուստր ձեռնարկությունն է:

ՀՀ նախկին և ներկա մեծաթիվ պաշտոնյաների անուններ են կապվում կոռուպցիոն գործարքների, հանցատեսակների հետ: Տարիներ շարունակ հայաստանյան ԶԼՄ-ներում յուրացումների և չարաշահումների առումով շրջանառվում էր «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի անունը՝ Հիմնադրամի միջոցների շուրջ 150 մլն դոլարի անարդյունավետ ծախսերի և չարաշահումների համար4: Սակայն ոչ վերջինս դատի տվեց որևէ լրատվամիջոցի զրպարտության համար, ոչ էլ ինքը ենթարկվեց քրեական պատասխանատվության: 2015թ. Արտաշես Թումանյանը նշանակվեց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Հայաստանյան ԶԼՄ-ներում, հասարակական շրջանակներում տարիներ շարունակ ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաների անուններ էին շրջանառվում, որոնք կապված էին կոռուպցիոն ռիսկերի հետ: Նրանցից մեկը ՀՀ էներգետիկայի նախկին նախարար, «ԻՏԵՌԱ» ռուսական գազային ընկերության նախկին փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանն էր: Կարեն Կարապետյանի առաջին իսկ հրամանագրով նա նշանակեց վարչապետի գլխավոր խորհրդական: Մյուս բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը տարիներ շարունակ կապվում էր կոռուպցիայի հետ, ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի, պետեկամուտների նախկին նախարար, Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է, որի ֆինանսական կարողությունը, ըստ ԶԼՄ-ների, գնահատվում էր 600 մլն դոլար: Զախարյանի՝ Երևանի քաղաքապետ եղած տարիներին կատարված հետազոտությունների համաձայն՝ 10 երևանցիներից 6-ի կարծիքով  քաղաքապետարանը «մեծապես» (30%) կամ «որոշ չափով» (30%) կոռումպացված է, եթե հաշվի առնենք, որ հարցվողների 15 տոկոսն ընտրել է «չգիտեմ», պատասխանը, ապա կոռուպցիոն պատկերը պարզ կդառնա5:

Եվ եթե այսօրինակ իրողություններին ավելացնենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային աղմկահարույց պատմությունը, ապա Հայաստանի բարձրաստիճան կոռուպցիոն իրականությունն ավելի հստակ կդառնա, թեպետ՝ ոչ ամբողջական:

Բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսերի, յուրացումների, վատնումների բազմաթիվ փաստեր են առկա նաև ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվություններում, սակայն այդ փաստերը, որպես կանոն, անտեսվում են և չեն հետաքննվում:

Հայաստանի հանրության մեջ լուրջ կասկածներ կան, որ այդևայլ կոռուպցիոն հանցագործությունների թելերը միշտ էլ ձգվել և ձգվում են դեպի բարձրագույն իշխանություն՝ նախագահական նստավայր:

ՀՀ դատարանները խոշոր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քրեական պատասխանատվության ենթարկելու առումով, որպես կանոն, ենթարկվում են բարձրագույն իշխանության հրահանգներին՝ կատարելով քաղաքական պատվեր: Ըստ այդմ՝ իրավական պատասխանատվության հարցը Հայաստանում գործում է ըստ քաղաքական նպատակահարմարության:

«Բռնված չես՝ գող չես»,-ասում է հայ բանահյուսական միտքը՝ ի ցույց դնելով անպատժելիության և կոռուպցիայի խրախուսման հայկական իրականությունը: Կոռուպցիոն եկամուտների իրեղեն ապացույցներ են Երևանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց շքեղ առանձնատները, որոնց շուկայական արժեքը հազարապատիկ գերազանցում է դրանց իրական սեփականատերերի պետական աշխատավարձերը, պաշտոնական եկամուտներն ընդհանարապես:   

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2012թ. ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի գործառույթները և իրավասությունները սահմանվում են «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով»: Հանձնաժողովը պատասխանատու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոոխկապակցված անձանց գույքի հայտարարագրերի ռեեստրի վարման և հրապարակման համար: Ռեեստրի մեծաթիվ տվյալները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի մասով հաճախ լուրջ կասկածներ են առաջանում նրանց եկամուտների օրինականության առումով: Թեպետ առկա է նաև հակառակ պատկերը, երբ հանրային ընկալումներում կոռումպացվածության բարձր աստիճան  ունեցող կառույցների ղեկավարների եկամուտները չեն գերազանցել պաշտոնական աշխատավարձերը: Հանգամանք, որը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում: Սակայն Հանձաժողովն իրավասություն չունի պատժամիջոցներ կիրառել կեղծ փաստաթղթերի և տվյալների նկատմամբ, դրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, որոնք հասարակական ընկալումներում ամենակոռումպացված կառույցների առաջին եռյակում են:

6.

Ովքե՞ր և ինչպե՞ս են Հայաստանում պայքարում կոռուպցիայի դեմ

Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է պետական քաղաքականություն: Հայաստանը միացել է կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք միջագային կոնվենցիաների, բարեփոխել օրենսդրությունը, մշակել հայեցակարգեր և ծրագրեր այդ ուղղությամբ, ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգային հանձնաժողով,  կոռուպցիայի դեմ պայքարելու համար ստացել մեծածավալ վարկեր և դրամաշնորհներ միջազգային դոնոր կազմակերպություններից, սակայն այս բոլոր տարիներին կոռուպցիան Հայաստանում արմատավորվել է, տարածվել ու խորացել՝ դառնալով ՀՀ գործող քաղաքական համակարգի անբաժան ուղեկիցը: ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների 2009-2012թթ. ծրագրում, անդրադառնալով 2003-2007թթ. ծրագրի արդյունքներին, կոռուպցիայի մակարդակի գնահատման միջազգային ցուցանիշներին, միտումների վերլուծությանը, կառավարությունը խոստովանում է. «Կոռուպցիայի մակարդակը Հայաստանում մնում է բարձր` այն կրում է համակարգային բնույթ»6։

Կոռուպցիոն հանցագործությունների ցանկը հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազի` 2008թ. նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանով և լրամշակվել 2013թ. մարտի 19-ի թիվ 12 հրամանով: Ըստ այդմ՝ կոռուպցիոն հանցատեսակների թիվն ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների, 31-ն է, այդ թվում՝

- Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով (նաև՝ որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից)

-Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում)

- Ապօրինի հակամրցակցային գործունեությունը

 - Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը

- Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը

- Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը

- Կաշառք տալը և ստանալը

 - Պաշտոնեական կեղծիքը

- Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը

- Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը

-Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը և այլն:

Այնպիսի տպավորություն է, որ ցանկն արհեստականորեն մեծացված է, թերևս կոռուպցիոն խոշոր հանցատեսակների բացահայտման դժվարությունը քողարկված է ավելի փոքր հանցատեսակների ընդգրկմամբ: Երկար ցանկում ընդգրկված մի քանի հանցատեսակներ մեծ վերապահությամբ միայն կարելի է համարել կոռուպցիոն:  

Կոռուպցիոն հանցագործությունների պատկերը, ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ հետաքննության և նախաքննության տարեկան վիճակագրական տվյալների, հետևյալն է՝7

                                    

Տարեթիվը

Կոռուպցիոն հանցագործությունների

ընդհ. թիվը

Հարուցվել է

քր. գործ

Քր. գործի հարուցումը մերժվել է

2013

1698

1106

904

2014

1239

695

674

2015

1330

568

714

2016թ.

 1-ին կիսամյակ

549

332

184

Ըստ այդմ պարզ է դառնում, որ դեպքերի մոտ կեսի չափով քր. գործի հարուցումը մերժվել է: Հարկ է նշել, ամենատարածված կոռուպցիոն հանցատեսակները Հայաստանում «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները չարամտորեն թաքցնելն է» և ««Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:

Վերջին հինգ տարիների ընթացքում բացահայտված ամենախոշոր կոռուպցիոն հանցագործությունները

Առաջին: 2014թ. դեկտեմբերին դատարանի վճռով 12 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  սոցապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նրա հետ դատապարտվեցին ևս 12 պաշտոնյաներ: Նրանք բոլորը մեղադրվում էին 2006-2011թթ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ՝  կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով  առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 261 մլն դրամ գումարի յուրացման մեջ: Բացի այդ, ըստ մեղադրանքի Խաչիկյանը խարդախությամբ պետբյուջեից հափշտակել է ևս 29 մլն դրամ:

Երկրորդ: 2015թ. էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դեմ հանդես եկող  «Էլեկտրիկ Երևանի» բողոքի միջոցառումները պատճառ դարձան, որ վեր հանվեն «Հայաստանի էլեկտրական ցանցերում» տարիներ շարունակ տեղի ունեցող  չարաշահումները: Ըստ Policy Forum Armenia-ի՝ ՀԷՑ-ը պարտադրված էր հսկայական ֆինանսական փոխանցումներ կատարել կառավարության հետ առնչություն ունեցող հիմնադրամներին և այլ կառույցներին՝ «միլիոնավոր դոլարների նվիրատվություններ  կատարել տարբեր բարեգործական կազմակերպությունների, նաև այնպիսիներին, որոնց խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է»: «Քաղաքական էլիտայի հետ սերտ կապեր ունեցող որոշակի շրջանակներ տարիներ շարունակ չեն վճարել էլեկտրաէներգիայի վարձավճարները»: «Կոռուպցիայի մակարդակը, էլեկտրաէներգիայի կարգավորման, արտադրության, ինչպես նաև՝ բաշխման թերությունները նվազեցնելու փոխարեն, 2015թ. հունիսի իրադարձությունների արդյունքում կառավարությունը գնաց պետբյուջեից ոլորտի սուբսիդավորման ճանապարհով: Հայաստանի հարկատուները ստիպված եղան վճարել անցյալի սխալների համար՝ այդպես էլ էներգետիկ ոլորտի կառավարման մեջ որևէ առարկայական փոփոխության չհասնելով»8:

Այս դեպքում կոռուպցիոն հանցագործության համար ոչ ոք քրեական պատասխանատվության չենթարկվեց, թեպետ կոռուպցիոն սխեման բացահայտվել էր:

Երրորդ: Ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ բանակի միջոցները մսխվել են, հասարակական կարծիքի ճնշմամբ, հետաքննություն իրականացվեց զինված ուժերում: 2016թ. մայիսին ձերբակալվեցին Զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը,  գնդապետներ Մհեր Պապյանը, Դավիթ Աբրահամյանը և Արմեն Մարգարյանը, ովքեր կասկածվում են «իշխանությունը չարաշահելու մեջ, որ առաջացրել է ծանր հետևանքներ»: Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։ Մասնավորապես՝ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։

Սրանք ընդամնեը խոշոր կոռուպցիոն երեք գործերն են, այն դեպքում, երբ անկախ իրավապահ համակարգի, օրինապահ իշխանությունների և պահանջկոտ ու վերահսկող հասարակության ճնշման արդյունքում այդ թիվը կարող եր հարյուրապատկվել՝ պետությանը վերադարձնելով մսխված, կողոպտված ահռելի գումարները և պատժելով կոռումպացվածներին:

Հայաստանում համակարգային կոռուպցիան նաև ազգաբնակչության աղքատության պատճառներից մեկն է: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ աղքատության մակարդակը Հայաստանում 2015թ. կազմել է 29.8 տոկոս, 2014-ին՝ 30, 2013-ին՝ 32 տոկոս (այսինքն՝ տասը բնակչից երեքը համարվում է աղքատ): Պաշտոնական տվյալներով շուրջ 3 մլն բնակչության ունեցող Հայաստանում աղքատ է շուրջ 1 մլն մարդ:

Հայաստանում կենսաթոշակի միջին չափը 2015թ. կազմել է՝ 40441 դրամ:

ՀՀ արտաքին պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 406 մլն ԱՄՆ դոլար:

Այսևայլ վիճակագրությունն ի ցույց է դնում այն աղետալի վիճակը, որին հասցրել է համակարգային կոռուպցիան Հայաստանում:

Չնայած այսօրինակ իրավիճակին՝ Հաաստանի հասարակությունը հիմնականում չի ցանկանում մասնակցություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում: Հասարակության հայեցողական վարքագծի պատճառները տարբեր են. 1. հայկական միջավայրում հանցագործության մասին հայտնելը չի խրախուսվում, 2. վախենում են հաշվեհարդարից, 3. հիմնական պատճառը թերևս սա է՝ Հայաստանի հանրությունը հիմնավոր կասկածներ ունի, որ կոումպացվածները չեն կարող պայքարել կոռուպցիայի դեմ, առավել ևս՝ կախյալ և կոռումպացված դատական համակարգի պայմաններում: Ասել է թե՝ նրանք, ովքեր պարտավոր են պայքարել կոռուպցիայի դեմ, այս կամ այն չափով ներգրավված են և գործում են կոռուպցիոն սխեմաների մեջ:

«Որտեղի՞ց ձեզ ավելի քան 8 միլիարդ: - Ես պայքարել եմ կոռուպցիայի դեմ: Այդ գումարները ետ եմ վերցրել կոռումպացվածներից: - Իսկ ինչու՞ դրանք չեք հանձնել պետությանը: - Մի՞թե ես նման եմ ապուշի: Եթե գումարները վերադարձնեմ բյուջե, նորից կգողանան: Իսկ դա նշանակում է, որ իմ կյանքի հիմնական գործը գրողի ծոցը կգնա»,-ռուս երգիծաբանի այս պատմությունը նույնությամբ կարելի է տարածել նաև հայկական իրականության վրա:

Հայաստանում հենց այդպես են պայքարում կոռուպցիայի դեմ: Պարզապես, կոռուպցիան Հայաստանում արդեն երգիծանք չէ: Այն մահերգ է, որը հնչում է Հայաստանի անկախ պետականության վրա:

  

Հղումներ և սկզբնաղբյուրներ

-------------------------------------------------------------

1 https://www.unmaskthecorrupt.org

 2 People and corruption: Europe and Central Asia, Global corruption barometrer 2016

3 http://www.ethics.am/files/legislation/222.pdf

4 Տե՛ս http://archive.168.am/am/articles/4898-pr

5 Տե՛ս Caucasus Research Resource Centers «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների և ձեռնարկությունների հետազոտությունների», 2008,

http://www.crrc.am/hosting/file/_static_content/projects/corruption_2008_2010/2008_Corruption_Survey_Report_Armenian.pdf

6 ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների 2009-2012թթ. ծրագիր, www. gov.am

7 http://prosecutor.am/am/corruption/corruption-documents/

8 http://www.aravot.am/2016/06/27/708426/

Մեկնաբանություններ (1)

դառն իրականություն
Հոդվածում շատ բաներ չեն ասված, անհաշիվ բաներ էլ անշուշտ դեռ անհայտ են: Եթե սրան գումարենք խորապես քրեականացված օլիգոպոլիան, նաեւ հանցակից իրավական սիստեմը, ապա տարակուսելի է թե ովքեր եւ ինչ ռեսուրսներով կարող են պայքարել վիճակ փոխելու համար? Կարծում եմ ՀՀ - ն (այս) անդարձելի հոգեւարքի մեջ է այլեւս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter