HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի «ժառանգո՞րդ», թե՞ ցատկահարթակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աստիճանաբար դառնում է ներիշխանական քաղաքական պրոցեսների առանցքը: Ընդ որում՝ արհեստական այս գործընթացը զարգացվում է հնարավորինս արագ և հնարավորինս հրապարակային՝ այն վերածելով յուրօրինակ մի ռեալիթի շոուի, որի վրա է կենտրոնացվում ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական դաշտի ուշադրությունը: Բոլորը փորձում են հասկանալ՝ ի՞նչ է սպասվում հաջորդ «սերիայում», ինչ նոր բան է  անելու «շուոի» հերոսը, ավելի ճիշտ ի՞նչ նոր շտրիխ են «ռեժիսորներն» ավելացնելու նրա կերպարում:

Բարեփոխիչի «տրիումֆը»

Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանն առաջին հայացքից մի քանի ոչ ստանդարտ քայլ կատարեց: Նախ՝ Կառավարությունից հեռացրեց օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ և փաստացի գործադիր իշխանությունն ուզուրպացրած մի քանի առանցքային ֆիգուրների: Հիմնականում ՊՈԱԿ-ների և որոշ ԾԻԳ-երի հաշվին սկսեց կրճատել պետական ապարատը: Ստվերային տնտեսության դեմ «պատերազմ» հայտարարեց՝ գրեթե լիովին անմիջապես իրենից կախվածության մեջ դնելով հարկային և մաքսային ծառայությունները և ՊԵԿ նախագահ նշանակելով իր ամենավստահելի մարդկանցից մեկին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանին: Վերջինիս միջոցով հայտարարվեց ներկրման ոլորտում արհեստական մոնոպոլիաների վերացման քաղաքական կուրս որդեգրելու մասին: Շրջանառության մեջ դրեց ապօրինի հարստացման դեմ պայքարին ուղղված նոր օրենսդրական փաթեթի նախագիծը՝ փորձելով այն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի գործիք: Դրան զուգահեռ՝ փաստացի օգտագործելով «Գազպրոմ»-ում իր կապերը և ռուսական կողմի աջակցությունը՝ նախաձեռնեց թե  սոցիալապես անապահով շարքային սպառողների և թե գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար բնական գազի սակագնի նվազեցման գործընթացը: Նկատի ունենալով փաստը, որ այս ամենը նախաձեռնվեց պաշտոնավարման ընդամենը երկուսուկես ամսվա ընթացքում, ձևավորվեց այն կարծիքը, որ վարչապետն իսկապես ձեռնամուխ է եղել լայն և համարձակ բարեփոխումների՝ լինելով բավականաչափ անկախ քաղաքական իշխանությունից և իշխանական իսթեբլիշմենթից:

Իրականում, սակայն, որքան էլ տպավորիչ էին Կարապետյանի ձեռնարկումների ընդգրկումն ու արագությունը, դրանց մի մասի հիմքերը, գոնե քարոզչական առումով, դրվել էին դեռ նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ: Խոսքը վերաբերում է թե պետական ապարատի կրճատումներին, թե ստվերային տնտեսության կրճատման մեխանիզմների որոնմանը և թե ապօրինի հարստացման դեմ պայքարին: Եվ չնայած դրան՝ իշխանական և իշխանամերձ տեղեկատվա-քարոզչական մեքենան ամեն ինչ արեց, որպեսզի այդ ամենը ներկայացվի որպես բացառապես Կարեն Կարապետյանի կամքի դրսևորում: Ավելին. միտումնավոր անտեսվեց, որ Կարապետյանը փաստացի շարունակում է նախորդ կառավարության հարկային քաղաքականությունը և նշանակվելուց հետո ԱԺ-ից ետ չկանչեց թե գործարար հատվածի և թե քաղաքական անխտիր բոլոր ուժերի կողմից անընդունելի, հարկային դրույքաչափերի ավելացմանը միտված և ՓՄՁ-ների դեմ ուղղված հարկային նոր օրենսգրքի նախագիծը, որը ընդունվեց հենց նոր կառավարության պատասխանատվությամբ: Մյուս կողմից՝ որքան էլ ակնհայտ է, որ ստվերային տնտեսության կրճատման, համակարգային կոռուպցիայի կազմալուծման, մոնոպոլիաների դեմ պայքարի արդյունավետության չափորոշիչը առարկայական ու չափելի արդյունքներն են, որոնք տեսանելի կարող են լինել միայն ամենաշուտը մեկ տարի հետո, ներկայումս լայն թափով տեղեկատվական հոսքերի առումով տեղ է ունենում միայն Կարապետյանի տված հանձնարարականների և օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների նշանակությունն արհեստականորեն ուռճացնելու միտում:

Այս հանգամանքն ակնհայտ դարձավ հատկապես նոյեմբերի 23-ին, երբ  «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց նշանակումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության նկատմամբ հանրային տրամադրությունների պարզմանն ուղղված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Համաձայն դրանց՝ ոչ միայն հասարակության մեծամասնությունը մասամբ կամ լիովին վստահում է գործող վարչապետին, այլև նրա կառավարության վարկանիշն ավելի բարձր է (23տոկոս), քան նախագահականի (15 տոկոս): Եվ չնայած անվանական չի նշվում, սակայն այսպիսով փորձ է արվում ցույց տալ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան նախագահ Սերժ Սարգսյանը:

Այնպիսի կազմակերպության կողմից, ինչպիսին այսպես կոչված «հայկական GELLUP»-ն է, որը նախկինում գրեթե միշտ կատարում էր իշխանության պատվերը և ներկայացնում սոցհարցորմների՝ իշխանության՝ տվյալ պահի հետաքրքրություններից բխող արդյունքներ, այսպիսի պատկերի ներկայացումը պատահական լինել չի կարող: Այն իրականում արտացոլում է ոչ թե նախագահի և վարչապետի վարկանիշների իրական տարբերությունը, այլ Կարեն Կարապետյանի բարձր հանրային վստահություն վայելելու և բարձր վարկանիշ ունենալու փաստը իշխանության կողմից հանրայնացնելու, ընդգծելու միտումը:

Կարապետյանի ներխուժումը ՀՀԿ

Թե ինչու է հատկապես նախագահ Սերժ Սարգսյանը շահագրգռված իր հեղինակության «զոհաբերման» հաշվին Կարեն Կարապետյանի վարկանիշը բարձրացնելու հարցում, պարզ դարձավ Կարապետյանի և Սարգսյանի՝ դրան հաջորդած չորս քայլերից: Առաջինը ՀՀԿ-ի համագումարից ընդամենը երկու օր առաջ Կարեն Կարապետյանի և նրա թիմի անդամակցումն էր ՀՀԿ-ին: Ինքը՝ Կարապետյանը, դա բացատրեց իշխող կուսակցության գաղափարներն ու ծրագրերը կիսելու հանգամանքով և իր կառավարության համար քաղաքական հենարան ապահովելու ցանկությամբ: Իրականում, սակայն, Կարապետյանի այս որոշման շարժառիթը բոլորովին կապ չուներ ոչ մեկի, ոչ էլ մյուս հետ: Նախ՝ եթե այդ հարցում նրան մոտիվացնողը ՀՀԿ-ի «ազգային-պահպանողական» գաղափարախոսության հոգեհարազատությունը լիներ, նա անդամակցելու դիմում կգրեր դեռ տարիներ առաջ, երբ ՀՀԿ-ի ցուցակով Երևանի ավագանի մտնելուց հետո նաև ստանձնեց քաղաքապետի պաշտոնը: Ինչ վերաբերում է քաղաքական հենարանի ապահովմանը, ապա այսպես թե այնպես ՀՀԿ-ն հանդիսանում էր այդ հենարանը, ինչի մասին կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր բազմիցս: Սա նշանակում է, որ պատճառները կապված են շատ ավելի պրագմատիկ քաղաքական հաշվարկների հետ:

Երկրորդ՝ նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ համագումարով կուսակցության կանոնադրության մեջ կատարված փոփոխությամբ կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոն նախատեսվեց հատուկ հենց նրա համար, որ այն զբաղեցնի Կարեն Կարապետյանը: Այսինքն վարչապետը ոչ միայն դարձավ ՀՀԿ անդամ, այլև միանգամից դարձավ կուսակցությունում «երկրորդ դեմքը» նախագահ Սսարգսյանից հետո՝ ստանալով ներկուսակցական և առհասարակ քաղաքական հիմնական որոշումներին ներսից մասնակցելու և այդ որոշումների վրա ազդելու լիարժեք իրավունք և հնարավորություն:

Երրորդ՝ վարչապետի կողմից ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարության հաջորդ օրը հայտնի դարձավ, որ գրեթե միաժամանակ ՀՀԿ-ին անդամակցության դիմում է ներկայացրել մոտ 7000 քաղաքացի: Ովքե՞ր  են նրանք, հայտնի չէ, չնայած այս համընկնումը պատահական լինել չի կարող և ավելի շատ վկայում է, որ նման ծավալով համալրումը հետապնդում է հենց Կարապետյանի դիրքերը կուսակցությունում ամրապնդելու նպատակ: ՀՀԿ-ում, ըստ ամենայնի վարչապետը «դեսանտ» է իջեցրել՝ փաստացի ստանալով ՀՀԿ-ի շարքերում ցանցային ներթափանցված ներկայություն ապահովելու, շարքերի տրամադրությունների վրա ներքևից ազդելու հնարավորություն: Ակնհայտ է, որ դրա անհրաժեշտությունը նա չէր ունենա, եթե չունենար շատ ավելի երկարաժամկետ հեռանկարի հետ կապված պլաններ և եթե դա հավանության արժանացած չլիներ ՀՀԿ ղեկավարի կողմից:    

Եվ չորրորդ ու թերևս հենց այդ հեռանկարային պլանների մասին վկայող ամենախոսուն քայլը ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն էր այն մասին, որ Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետ նաև խորհրդարանական ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ձևավորելու մանդատ ստանա: Ինքնին էականը մինչև 2018թ. նախագահի լիզորությունների ավարտը վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի մնալու իրողության հաստատագրումը չէր: Այդ հաստատագրումն արվել էր դեռ այն ժամանակ, երբ խորհրդարանը հաստատեց Կարապետյանի կառավարության ծրագիրը, որով նախատեսված կարճաժամկետ ծրագրերի, գործողությունների հիմնական, գերակշիռ մասը նախատեսված էր 2017-18թթ համար: Էականն այն էր, որ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարեց համագումարում՝ փաստացի առանց հարցը քննարկման դնելու, առանց ՀՀԿ ակտիվի կարծիքը հաշվի առնելու, այսինքն իմպերատիվ կերպով, միանձնյա որոշմամբ: Սա Կարապետյանի թեկնածության պարտադրումն էր կուսակցությանը՝ այն հաշվարկով, որ համընդհանուր «ադաբրյամսի» ու կոմունիստական ոճով անցնող համագումարի պայմաններում հրապարակավ առարկության չի արժանանա: Դրանով Սարգսյանը հաստատեց, որ վարչապետի այլ թեկնածության շուրջ ներքին քննարկումները, միջխմբային բախումները, անձնական ամբիցիաների բավարարմանն ուղղված քայլերը պետք է ավարտել: Այս կտրվածքով Կարապետյանի բարձր վարկանիշը խաղաթուղթ էր Սերժ Սարգսյանի ձեռքին՝ ցույց տալու համար, որ Կարապետյանը և նրա «բարեփոխիչ» կերպարը ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ին գուցե շատ ավելի է պետք, քան ՀՀԿ-ն Կարապետյանին: Ի դեպ, դեռ իշխող կուսակցության իր անդամակցության որոշումը բացատրելիս էր վերջինս ակնարկել, որ ուներ նոր կուսակցություն ստեղծելու հնարավորություն, բայց ընտրել է ՀՀԿ-ին միանալու տարբերակը:

Իշխանության ռևերանսը օլիգարխիային

Այս հայտարարությանը զուգահեռ, Սերժ Սարգսյանը ևս մեկ կարևոր քողարկված մարտավարական քայլ կատարեց: Չնայած մինչ համագումարն արվող այն պնդումներին, թե ՀՀԿ ղեկավար կազմում լուրջ դիրքային փոփոխություններ են տեղի ունենալու և կուսակցությունում սկսվելու է ներքին վերափոխման գործընթաց, նախագահ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը ձևավորվելու է հեղինակություն վայելող անհատների և «գաղափարներով հաղթել կարողացող» շրջանակների համադրում կատարելու միջոցով: Սա ակնարկ էր հատկապես այդ «հեղինակություն վայելող» անհատներին, որ վարչապետի պաշտոնում Կարապետյանի նշանակումից հետո իշխանավարման օղակից դուրս մնացած անհատները, որոնց «հեղինակությունը» ընտրություններում ՀՀկ-ի համար հաղթանակ ապահովելու լուրջ ներուժ է պարունակում, այս կամ այն կերպ ներկայացված են լինելու խորհրդարանում: Այդ ներկայությունը կապահովի անմիջականորեն նրանց դեմքերով, թե նրանց զավակների կամ «շահերի պաշտպանների» միջոցով քողարկված, դեռ պարզ չէ: Կարևորն այն է, նրանց տրվեց որոշումների կայացման հարթակ վերադառնալու յուրօրինակ խոստում կամ հավաստիացում:

Վերջինս տրվեց նաև փաստացի նախորդ վարչապետերի և հատկապես Հովիկ Աբրահամյանի գործունեությունը վերարժևորելու, գնահատելու միջոցով, ինչին էր ուղղված նախորդ 10 տարիներին Հայաստանում տնտեսության դինամիկ աճի մասին վիճակագրական տվյալների ներկայացումը: Հարցը տվյալ դեպքում այն չէ, որքանո՞վ էին այդ ցուցանիշներն արժանահավատ: Կարևորն այն է, որ նախագահը դա արեց փաստացի հերքելով վարչապետ Կարեն Կարապետյանի տված գնահատականն առ այն, թե տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ասել է թե ինքը նախկին վարչապետից հենց նման վիճակում գտնվող «ժառանգություն» էր ստացել: Սա յուրօրինակ ռևերանս է ՀՀԿ-ի օլիգարխիկ շրջանակների հանդեպ, որի իմաստը, թերևս, յուրօրինակ գործարքի առաջարկն է. ընդունել Կարապետյանի տրիումֆալ ներխուժումը կուսակցության էլիտա, իր կողմից իշխանական կոնյուկտուրայում նրանց ակտիվ դերակատարումը երաշխավորելու դիմաց: Նման «գործարքին» նախագահը կարող էր գնալ Կարեն Կարապետյանի դեմ այդ օլիգարխիկ-ցանցային բավականին ուժեղ և ներքին լուրջ ցնցումների պոտենցիալ ունեցող կենսունակ համակարգի դիմադրությունը թուլացնելու համար: 

Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանը հետևողականորեն և համառորեն առաջ է քաշում Կարեն Կարապետյանին, իրեն բնորոշ շախմատային քայլերով հեռացնում նրա առջև առկա բոլոր խութերը, ողջ տեղեկատվա-քարոզչական ռեսուրսն օգտագործում նրա վարկանիշի հետևողական բարձրացման համար: Փաստացի ի դեմս Կարեն Կարապետյանի՝ կերտվում է Սերժ Սարգսյանի այլընտրանքային լիդերի կամ վատագույն դեպքում նրա փոխանորդի, ժառանգորդի կերպարը: Սա կարող է հետապնդել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նպատակներ:

Կարճաժամկետ սցենարը

Կարճաժամկետ նպատակը խորհրդարանական ընտրություններին Կարապետյանի այդ կերպարն օգտագործելն է, ՀՀԿ-ին գործունյա, բարեփոխումներին միտված, համարձակ, կրեատիվ մտածողությամբ դեմքերով հագեցած քաղաքական ուժ ներկայացնելու համար: Ընդդիմադիր դաշտի բացարձակ անգործության և քայքայվածության, ինչպես նաև Կարապետյանից հանրային ներկայիս սպասումների հանրագումարում այս «խաղաթուղթը» կարող է աշխատել: Իսկ դա չափազանց կարևոր է ՀՀԿ-ի համար հնարավորինս լեգիտիվ կերպով հաջորդ գումարման ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ձևավորելու մանդատ ստանալու համար: Այս իմաստով, դեռ համամասնական ցուցակը չկազմած՝ Կարեն Կարապետյանին որպես ընտրություններից հետո ՀՀԿ-ի վարչապետ ներկայացնելու ենթատեքստային ուղերձն այն է, որ ներկայիս բարեփոխումները լինելու են շարունակական նաև ընտրություններից հետո: Այս սցենարի խաղարկման դեպքում Կարեն Կարապետյանը հանդես է գալիս որպես ցատկահարթակ Սերժ Սարգսյանի համար՝ լրիվ լեգիտիմ կերպով 2018թ. իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետ դառնալու ճանապարհին:

Երկարաժամկետ սցենարը

Երկարաժամկետ նպատակը կարող է պայմանավորված լինել առհասարակ իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու հետ, որի համար ամենաառաջնային խնդիրը իշխանական թիմի ամբողջականությունը հենց Կարապետյանի շուրջ համախմբելն է: Այս սցենարը միանգամայն իրատեսական է այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը որոշել է հետևել դեռ 2015թ. տված իր այն խոստմանը, որ չի հավակնում ոչ  հանրապետության նախագահի և ոչ էլ վարչապետի պաշտոնին, և իր կարծիքով մարդը երկու անգամից ավեի չպետք է հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին: Այն ներկայումս տեղի ուենցող գործընթացների մասշտաբները տպավորություն են ստեղծում, որ գործող նախագահն առաջնորդվում է հենց այս սցենարով: Այդպես է, թե ոչ, պարզ կդառնա այն ժամանակ, երբ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, ինչպես խոստացել է, կխոսի իր պլանների մասին:

Այս սցենարը իրատեսական է թվում ևս մեկ կարևոր պատճառով: Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունը հարմար է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս քայլով Սերժ Սարգսյանը վերջինիս զրկում է իշխանության վերադառնալու այլընտրանքային մեխանզիմների գործադրման մոտիվացիայից և նրան, գուցե, առաջարկում գալ այս թեկնածության շուրջ փոխզիջման: Հետաքրքրական է, որ հենց Կարապետյանին վարչապետ նշանակելուց և նրա իմիջը «կառուցելու» աննախադեպ ծավալումից հետո աստիճանաբար մեղմվեցին պնդումները Քոչարյանի պոտենցիալ քաղաքական հենարանի դերը կատարող Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու և Վարդան Օսկանյանի կողմից ստեղծված «Համախմբում» կուսակցության՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին: Այս ճամբարում ակնհայտորեն մտորումների մեջ են:

Կարապետյանի թեկնածությունը Քոչարյանի համար կարող է փոխզիջումային լինել նաև ու գուցե առաջին հերթին Ռուսաստանի գործոնով պայմանավորված: Բանն այն է, որ Կարապետյանը, որպես ներկայիս վարչապետ և որպես ընտրություններից հետո իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնող պոտենցիալ վարչապետ, միանշանակ ընդունելի է նաև Մոսկվայի համար, եթե չասենք, որ Կարապետյանը Հայաստան է գործուղվել հենց Սերժ Սարգսյանից իշխանությունը «ժառանգելու» նպատակով: Ուշադրություն դարձնենք՝ թե՛ Իրանից Վրաստան գազի տարանցմանը, թե՛ գազի սակագնի իջեցմանը, թե՛ 200մլն. դոլարի սահմաններում գնված զինտեխնիկայի Հայաստան առաքմանը ռուսական կողմը տարօրինակ զուգադիպությամբ համաձայնեց հենց Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո: Մինչ այդ նույն տարօրինակությամբ Մոսկվան բացահայտ անհանդուրժողականություն էր դրսևորում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդեպ և արհեստականորեն տորպեդահարում նրա բոլոր նախաձեռնություններն ու առաջարկները:

Այնպես որ ամենևին չի բացառվում, որ ի դեմս ներկայումս իշխանության ներսում ընթացող բազմավեկտոր գործընթացների, մենք գործ ունենք առավելապես ոչ թե իշխանության զուտ վերարտադրության, այլ իշխանության սահուն և անցնցում փոխանցման գործընթացի հետ:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Անկախ քննարկվող վերսիաներից (որն էական չէ), նման իրականությունը հստակ ցույց է տալիս որ հայ հասարակությունը ամոթալիորեն պարտվել է, կամ որ միեւնույնն է՝ դեռ չի կայացել որպես արդիական պետականություն կառուցելու ունակ ժողովուրդ: Ուրեմն պետք է ճանաչել մեր արժեքն ու խոնարհ ծառայել հաղթողին (ռաբիզ կլինի, գողա - քրեական թե այլ) - նրանք ովքեր կարող են! Ով էլ ունակ չէ, խնդրեմ՝ . իկտիր են լինում երկրից ու աշխատում մոռանալ սեփական ծագումնաբանությունը - դա էլ ելք է!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter