HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակի բնակիչները բողոքի ցույց են անում՝ «Աշտարակ-կաթ»-ից պահանջելով վճարել իրենց պարտքերը

Ազատուհի Խաչատրյան

Այսօր Ճամբարակ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները ցույցի էին դուրս եկել «Աշտարակ-կաթ» ընկերության գործարանի դիմաց՝ պահանջելու վճարել իրենցից մթերված կաթի պարտքերը:

Ընկերությունն արդեն քանի ամիս է չի վճարում գնված կաթի դիմաց, իսկ ապրիլ ամսից չի վճարել նաև գործարանի աշխատողներին՝ կուտակելով 70 մլն դրամի պարտք:

Բնակիչները պահանջում են վճարել իրենց պարտքը, իսկ եթե հնարավոր չէ գումարի տեսքով հատուցել, ապա իրենք կարող են իրացնել կուտակված պանիրը: Բնակիչների պահանջին է միացել նաև Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:

«Ժողովուրդը հիմա ծանր դրության մեջ ա, կաթի լավ սեզոնին իր կաթը հանձնել ա Աշտարակ կաթին՝ հույս ունենալով, որ իրեն կվճարեն, վարկ է վերցրել ու զուգահեռ նաև վարկի տոկոսների տակ ա մնացել: Հիմա, փաստորեն, ոչ թե ուշացնում են գումարը, այլ ընդհանրապես չեն տալիս, որպեսզի մարդիկ գոնե վարկի տոկոսները փակեն: Ժողովուրդը հայտնվել ա անելանելի վիճակում: Եթե պանիրը վաճառելու հարցը չլուծվեց՝ ստիպված այլ քայլերի ենք գնալու»,-ասաց քաղաքապետը:

Նա նաև մտահգություն հայտնեց, որ տվյալ պանրի շուկա՝ Հայաստանում չկա, եւ արդյո՞ք հնարավոր կլինի պանիրը իրացնել տեղական շուկայում: «Խնդիրը նաև գնի մեջ է, ժողովուրդը պահանջում է, որ իջեցվի պանրի գինը: Բայց էս դեպքում էլ ես վստահ չեմ, որ Հայաստանում 70 տոննա պանիրը կիրացվի»,- նշեց Յուրա Ավալյանը:

«Աշտարակ-կաթ» ընկերության Ճամբարակի մասնաճյուղի տնօրեն Լյովա Սարգսյանը մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի  ընկերության տնօրեն Աշոտ Ափոյանին ներկայացնի բնակիչների պահանջը՝ պարտքի մարման և պանրի մթերման գնի վերաբերյալ:

«Վաղն ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց Լ. Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter