HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Թվային հեռարձակումը Հայաստանում չապահովեց խոսքի բազմազանություն

12 մարզային հեռուստաընկերություններ փակման եզրին են

Նոյեմբերի 26-ին, երբ Հայաստանում գրեթե վերջնականապես անջատվեց հեռուստատեսության անալոգային հեռարձակումը եւ ամբողջությամբ անցում կատարվեց թվային հեռարձակման, 12 մարզային հեռուստաընկերություններ (ՀԸ) հայտնվեցին փակման եզրին. նրանց ճակատագիրն առկախ է: Թվային հեռարձակման պետական ցանցում այդ ՀԸ-ի համար տեղ չգտնվեց, քանի որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում 2010-ին արված փոփոխություններով սահմանվեց, որ յուրաքանչյուր մարզում պետք է գործի մեկ հեռուստաընկերություն. «...ՀՀ յուրաքանչյուր մարզում եւ քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ քաղաքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական տարածքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն»: «Այդ տրամաբանությամբ էլ անցկացվեցին ՀԸ-ի լիցենզիաների մրցույթները, եւ թվային ցանցով ամեն մարզում մեկ հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիա տրամադրվեց, մինչդեռ բազմաթիվ մարզերում մեկից ավելի հեռուստաընկերություններ կան, որոնք պետք է դատապարտված լինեն մահվան»,- նոյեմբերի 23-ին հրավիրված «Հեռարձակման թվայնացումը եւ դրա հետ կապված  մարտահրավերները մարզերում գործող հեռուստաընկերությունների համար» քննարկմանը ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Օրենքում ամրագրված էր, որ թվային հեռարձակման լիցենզիա չստացած ՀԸ-ները պետք է գործեին մինչեւ 2013-ը, բայց հենց 2010-ին լրագրողական կազմակերպությունների միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերվեց, որ գործունեության ժամկետը երկարացվի մինչեւ 2015-ը, հետո նրանց «կյանքը երկարացվեց» եւս մեկ տարով, բայց վերջնաժամկետին մոտենալիս օրենքում լրացում կատարվեց, համաձայն որի` այդ ընկերությունները գործելու են իրենց լիցենզիայի հիման վրա` մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը: 2015-ի դեկտեմբերին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով նախատեսվեց մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը շուկա, բայց այս ամռանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի /ՀՌԱՀ/ հայտարարած մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման մրցույթը համարվեց չկայացած` հայտերի բացակայության պատճառով: Նոյեմբերի 3-ին մարզային վեց հեռուստաընկերությունների ղեկավարներ բաց նամակ տարածեցին` ուղղված  ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին` խնդրելով միջանկյալ լուծում գտնել, որպեսզի մինչ մասնավոր մուլտիպլեքսորի հայտնվելը չկորցնեն իրենց լսարանը եւ աշխատակազմը. «Խնդրում ենք քայլեր ձեռնարկել անցանկալի զարգացումները կանխելու, ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու եւ մարզերում գործող բոլոր հեռուստաընկերությունների համար հավասար պայմաններ ստեղծելու համար»,- ասված էր նամակում: Իսկ լրագրողական կազմակերպությունները կոչ արեցին իշխանություններին գործնական քայլեր իրականացնել՝ փակման եզրին հայտնված հեռուստաընկերությունների խնդիրները հիմնովին լուծելու ուղղությամբ։

Ինչպես «փրկել» մարզային հեռուստաընկերությունները

Տեղական հեռուստաընկերությունների «փրկության» համար լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը երկու օրինագիծ են մշակել եւ ներկայացրել Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով։ Դրանցից մեկի առանցքում թվային դարաշրջանում հեռուստաընկերությունների լիցենզավորման պարզ ընթացակարգին անցնելու գաղափարն է։ Մյուսը՝ օրենքում նախատեսված մեկ խոշոր, ամբողջ Հայաստանի տարածքը ընդգրկող մասնավոր մուլտիպլեքսորի փոխարեն մի շարք փոքր եւ միջին այդպիսի հեռարձակող ընկերությունների ստեղծումն է, որոնց ծածկույթը կարող է լինել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ եւ այլն։

Այս առաջարկությունների ընդունումը, նրանց կարծիքով, փրկություն կլինի այդ ՀԸ-ի համար, քանի որ հնարավորություն կընձեռի նախ՝ թվային պայմաններում գործելու լիցենզիա ստանալ, ապա նաեւ սեփական ուժերով փոքր կամ միջին մուլտիպլեքսներ ստեղծել եւ դրանց միջոցով հասանելի մնալ տեղի հեռուստալսարանի համար։ Նրանց առաջարկությունները հիմնվում են հարեւան Վրաստանի փորձի վրա, որտեղ կառավարությունը եւ հեռարձակող լրատվամիջոցները փոխհամաձայնության են եկել եւ այնպիսի արդյունավետ մոդել գտել, որ որեւէ ՀԸ չի տուժել: «Այստեղ խելամիտ բաժանում է տեղի ունեցել` միայն Հանրային հեռուստաընկերությունն է ներառվել պետական թվային ցանցում` իր երեք հեռուստածրագրերով, մասնավոր ՀԸ-ները ներառվել են մասնավոր  մուլտիպլեքսում: Այսինքն` մասնավորի համար շուկա կա»,- ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նունե Սարգսյանը:

Մարզային ՀԸ-ները փակելու քաղաքական որոշում չկա, բայց պահպանելու ուղղությամբ էլ քայլեր չեն ձեռնարկվում

«Բոլոր քննարկումների ընթացքում մեզ հավաստիացրել են, որ մարզային հեռուստաընկերությունները փակելու քաղաքական որոշում չկա, իշխանությունները մտադրված չեն դրանք փակել: Դա շատ լավ է, բայց կամա թե ակամա այնպիսի իրավիճակ է, որ նրանք հայտնվել են փակման եզրին, եւ եթե չկա այդպիսի միտում, անհապաղ քայլեր պետք է ձեռնարկվեն: Նախագահականում էլ են նման հավաստիացում տվել, բայց քանի որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, օրենսդրական փոփոխությունը հիմա հավանական չէ, ուրիշ հրատապ հարցեր կան»,- թեմայի շուրջ «բանակցությունների» առկա իրավիճակը ներկայացրեց Աշոտ Մելիքյանը:

«Այս մի քանի մարզային ՀԸ-ի լիցենզիայի հարցը հնարավոր է լուծել, եթե լինի քաղաքական կամք. մարզային թվային 1 կապուղով հնարավոր է մինչեւ 4 ալիքի հեռարձակում: Ցանկությունս այն է, որ այս խնդիրը լուծում ստանա մինչեւ 2017-ի ընտրությունները»,- ասաց փակման վտանգի առաջ կանգնած «Լոռի» ՀԸ տնօրեն Նարինե Ավետիսյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀԸ-ի փակումը ոչ միայն խոսքի ազատության եւ բազմազանության հարց է, այլեւ գործարարության. «ԶԼՄ-ն նաեւ բիզնես է, գործարար նախագիծ: Այս տարիների ընթացքում մենք բազմաթիվ աշխատատեղեր ենք ստեղծել, որոնք հիմա կորցնում ենք»:

ՀՌԱՀ նոր անդամ Տիգրան Հակոբյանը համամիտ է. «ՀԸ ոչ միայն բիզնես է, այլեւ ապրելակերպ, եւ այն կորցնելը շատ ծանր է` անկախ նրանից, թե ում մեղքով է»: Նա եւս հավաստիացրեց, որ ՀԸ-ները փակելու քաղաքական միտում չկա. «Ոչ նրա համար, որ մենք ազատ խոսքը պաշտպանող իշխանություններ ունենք, այլ որովհետեւ մարզային ՀԸ-ի մեջ վտանգ չեն տեսնում: Դրա համար էլ այս հարցը քաղաքական բաղադրիչ չի պարունակում: Իշխանությունները մտածում են, որ եթե պահանջարկ ունեն ու աշխատում են, լավ է, բայց մենք ավելորդ էներգիա ու ռեսուրսներ չենք ծախսի դա պահպանելու համար: Եթե արգելանքին միտված մտադրություններ չկան, ուրեմն այս հարցը հնարավոր լուծումներ կարող է ստանալ»:

Պրն Հակոբյանի կարծիքով` խնդիրը պետք է լուծվի օրենսդրական եւ տեխնիկական եղանակներով, որոնք փոխկապված են: Ինչպես վերը նշեցինք, Օրենքով յուրաքանչյուր մարզում նախատեսված է մեկ թվային հեռուստաընկերություն, ինչը խոչընդոտում է պետական թվային ցանցից դուրս մնացածների համար գոնե միջանկյալ տեխնիկական լուծում գտնե, որպիսին առաջարկում է  «Հայաստանի Հեռուստատեսայի եւ ռադիոհաղորդիչ ցանց»-ի ղեկավար Գրիգոր Ամալյանը:

«Երկու տարի առաջ խոսեցինք հնարավոր տեխնիկական լուծման մասին, որ այս ՀԸ-ները կարող են ժամանակավոր ինտեգրվել հեռարձակման միասնական ցանցի մեջ: Բայց այդ տեխնիկական ինտեգրումը նրանց համար լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Եվ քանի դեռ թվային հեռուստատեսությունը չէր մնացել որպես միակը ՀՀ-ում, անալոգայինը շարունակվում էր, ՀԸ-ները միասնական տեսակետ չտվեցին: Հիմա սուր ձեւով ծագել է հարցը, քանի որ անալոգային հեռարձակումը մեծամասամբ դադարեցված է: Այո, տեխնիկապես համակարգին ինտեգրելը հնարավոր է, դրա համար անհրաժեշտ է պակաս սարքեր-սարքավորումների համալրումը: Թվայնացման ծրագիրն իրականացվել է բացառապես օրենքով սահմանված թվով ՀԸ-ի եթերային ելքը ապահովելու համար, եւ մենք չունենք այն անհրաժեշտ սարքերը, որոնք պետք են լրացուցիչ 10 կամ ավել ՀԸ եթերում ներգրավելու համար»,- հարցի լուծման տեխնիկական կողմն է ներկայացնում պրն Ամալյանը: Մյուս կողմից` ընդգծում է, որ այս ժամանակավոր լուծումը կարող է խոչընդոտ առաջացնել այն ՀԸ-ի համար, որոնք թվային հեռարձակման լիցենզիա ունեն եւ կարող են մարզերում HD հեռարձակում պլանավորել: «Բայց եթե օրենսդիրը որոշում կայացնի այս ՀԸ-ներին հնարավորություն տալ ընդգրկվել պետական թվային ցանցում, այսօրվա հաղորդակի թողունակությունը դրա հնարավորությունը տալիս է: Ընդամենը պետք կլինի ժամանակավորապես սահմանափակել HD ձեւաչափով մարզերում արդեն հեռարձակվող հանրապետական ՀԸ-ների հեռարձակումը զուտ տարածքը պահպանելու համար»,- ավելացնում է նա:

Տիգրան Հակոբյանը եւ Գրիգոր Ամալյանը մեկ այլ մտահոգություն էլ են հայտնում` եթե մարզային ՀԸ-ները երկար ժամանակով ընդգրկվեն պետական ցանց, մասնավոր մուլտիպլեքսորը տնտեսապես կկորցնի իր գրավչությունը: «Պիտի հստակեցվի, թե ինչ ժամկետով եւ ինչ ժամանակով այս ՀԸ պիտի ներգրավվեն թվային ցանցում: Դա պարտադիր պիտի կրի ժամանակավոր բնույթ եւ այն պետք է սահմանված լինի մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորների կողմից նմանատիպ ծառայությունների մատուցումը: Որովհետեւ օրենսդրորեն նախատեսվել է մանավոր մուլտիպլեքսորների գործունեությունը` հեռուստատեսային հեռարձկման ծառայություններ մատուցելու համար: Պետք չէ նրանց ծնունդը դարձնել պակաս գրավիչ եւ պակաս հավանական: Հստակ պետք է հասկացվի, որ երկրին անհրաժեշտ են ալտերնատիվ հեռարձակման ցանցեր»,- մի քանի անգամ պնդեց Ամալյանը:

«Մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը Հայաստան լուծում է ոչ միայն տնտեսական խնդիր, նոր խաղացողների հնարավորություն մեդիադաշտում եւ մարզային ՀԸ-ների պահպանում, այլեւ այն, որ մեկ թվային մուլտիպլեքսորի հույսին չենք մնա: Մենք գիտենք այն ճգնաժամային իրավիճակները, որում կարող ենք հայտնվել, այն խոչընդոտները, որոնք մեր քաղաքական կամ ռազմական հակառակորդները կարող են ստեղծել, եւ մի մուլտիպլեքսի փլուզումից հետո պետք է անպայման ունենանք մի դուբլյաժային համակարգ, որպեսզի նման իրավիճակներում այն կարողանա աշխատել: Սա պատճառներից մեկն է, որ դիմադրություն կա հանրապետական ընդգրկման փոխարեն մարզային մի քանի փոքր մուլտիպլեքսորների առաջարկի դեմ»,- հավելեց Տիգրան Հակոբյանը:

Մասնավոր մուլտիպլեքսորի համար այս նախանձախնդրությունը փոքր-ինչ տարօրինակ է, որովհետեւ ժամանակին, երբ թվայնացման համատեքստում վերանայվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, իշխանությունները խուսափում էին օրենսդրորեն կարգավորել մասնավոր մուլտիպլեքսի մուտքը շուկա:

Նման տարակուսանք հայտնեցին նաեւ քննարկմանը ներկա մարզային ՀԸ-ների ղեկավարները: «Գոյություն չունեցող շահը պաշտպանում եք փաստացի փակման եզրին կանգնած ՀԸ-ների շահից»,- Գ. Ամալյանին ասաց «Լոռի» ՀԸ տնօրենը:

«Հայաստանում մասնավոր մեծ մուլտիպլեքսի, ինչպիսին նախատեսված է օրենքով, որեւէ հնարավորություն ես չեմ տեսնում, որովհետեւ շատ «խելացի ձեւով» լուծված են բոլոր հարցերը: Ով պիտի աշխատի նրա հետ, եթե Երեւանում գործող գրեթե բոլոր ՀԸ-ները ներառված են պետական թվային ցանցում: Հատկապես եթե հսկայական ներդրումներ լինեն, այդ ինչ ծախսերի առջեւ պիտի կանգնեցնեն տեղական մասնավոր ՀԸ-ին, որ նրանք կարողանան վճարել, ով է մնացել, որ գնա այդ մուլտիպլեքսոր»,- քննարկման ժամանակ «Հայաստանի Հեռուստատեսայի եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (այս ընկերությունն է իրականացրել թվայնացման տեխնիկական աշխատանքները) ղեկավար Գրիգոր Ամալյանին հարց ուղղեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նունե Սարգսյանը:

Պրն Ամալյանի առաջարկած ժամանակավոր լուծման իրատեսականությունը դժվար է այս պահին գնահատել, որովհետեւ դեռ հայտնի չէ, թե կարճ ժամանակահատված եթերում լինելու համար ինչպիսի ծախս պետք է կատարեն մարզային ՀԸ-ները: «Քիչ տրամաբանական է, որ ՀԸ կվերցնեն ծախսային որեւէ զգալի պահանջ, եթե պարզվի, որ մեզ մոտ իրենց հյուրընկալելու ենք ընդամենը 6 ամսով: Մյուս կողմից էլ` չի կարելի շատ մեծ ժամկետ ընտրել, որովհետեւ այդ ժամկետով դուք ոչ գրավիչ եք դարձնում մասնավոր մուլտիպլեքսորի առաջացումը»,- Ամալյանի այս փաստարկները գրեթե անլուծելի թնջուկի են վերածում առաջադրված հարցը:

Դատելով ծախսերի թվարկումից` խոսքը զգալի գումարների մասին է: «Մեր ցանցին միանալու համար բացի միանվագ վճարումից պիտի ամսական վճարումներ անեն, բացի տեխնիկական սարքավորումների ձեռքբերումը: Պետք է ապահովվի նաեւ օրենդրական կարգավորումը: Այս խնդիրների համախումբը պետք է լուծվի»,- ասաց ՀՀՌՑ ղեկավարը:

«Արդյոք մասնավոր մուլտիպլեքսորի համար նախատեսված պետական տուրքի չափը՝ 100 մլն դրամ տարեկան, չի խոչընդոտում դրա առաջացմանը»,- հարցրինք պրն Ամալյանին:

«Քանի որ պիտի ստեղծվի մեկ մասնավոր մուլտիպլեքսոր, տուրքի չափը սահմանվել է հանրապետական սփռում ապահովող մուլտիպլեքսորի տրամաբանությամբ»,- ղավ պատասխանը:

Մասնավոր մուլտիպլեքսորի ստեղծմանը խոչընդոտող մյուս հանգամանքը օրենքով սահմանված ընդգրկման տարածքն է` այն չպետք է ավելի փոքր լինի, քան պետական մուլտիպլեքսորինը: Սա ի սկզբանե բացառում է փոքր, լոկալ մուլտիպլեքսորի ստեղծումը: «Եթե պետական տուրքի գինը նվազեցվի եւ ընդգրկման տարածքը փոքրացվի, ապա մասնավորն մուլտիպլեքսորն ավելի գայթակղիչ չի դառնա ներդնողների համար»,- հարց ուղղեցինք պրն Ամալյանին:

«2006 թվականին տեղի է ունեցել թվային հեռարձակման նպատակով հաճախությունների հատկացումը պետություններին Ժնեւում գործող միջազգային հեռահաղորդակցական միության կողմից: Սա միակ մարմինն է, որը կոորդինացնում է ողջ աշխարհում հաճախությունների բաշխումը բոլոր նպատակներով, եւ նա է ամրագրում պետություններին կապուղիներ: Այն կապուղիները, որոնք հատկացվել են թվային հեռարձակման համար եւ Հայաստանին, եւ այլ երկրների, առանց բացառության իրենց թվով շատ ավելի պակաս են, քան ունեցել ենք անալոգային հեռարձակման ժամանակ: Փաստացի թողունակությամբ դրանք ավելի շատ հեռուստածրագրեր կարող են ընդգրկել, բայց ֆիզիկական քանակով ավելի քիչ են, քան անալոգային հեռարձակման ժամանակ»,- ասաց պրն Ամալյանը: Ըստ նրա բացատրության` որեւ է հեռարձակման ցանց պլանավորելիս անպայման պետք է հաշվի առնել, թե քանի կապուղի կա եւ քանիսը կարող է տրամադրվել: Եթե մեկ կապուղու վրա աշխատելու է մեկ հաղորդակ, այն տնօրինելու է մեկ մուլտիպլեքսոր: Ամալյանի տեղեկացմամբ` թափուր կապուղիների իմաստով շատ ծանր վիճակ է Երեւան քաղաքում, Գյումրիում, եւ եթե որդեգրվի մի մոտեցում, որ թույլ տրվի շատ մանր, բայց մեծ թվով մուլտիպլեքսորների գոյությունը, ապա կհայտնվենք այնպիսի ծանր իրավիճակում, որ ոտնահարված կլինեն հենց մարզային բնակիչների իրավունքները:

«Տնտեսական գրավչության, ժողովրդի վճարունակության եւ բնակչության խտության իմաստով գրավիչ են Երեւանը, Գյումրին եւ Վանաձորը, գուցե եւս մի քանի մարզային բնակավայր, ընդ որում` Երեւանւմ ունենք խիստ սահմանափակում` ընդամենը երկու ազատ կապուղի, մեկ մուլտիպլեքսորի կամ լավագույն դեպքում երկուսին կտրամադրես մեկական կապուղիով, Գյումրիում ունենք թվային հեռարձակման ընդամենը մեկ ազատ կապուղի, ու եթե թույլ տվեցինք շատ թվով մանր մուլտիպլեքսորների առաջացումը, ապա հասկանում ենք, որ ՀՀ տարածքի մեծ մասը եւ նաեւ բնակչության մի մեծ մաս այլեւս առհավետ զրկված կլինի այնտեղ նոր մուլտիպլեքսորի հայտնվելուց: Տնտեսական գրավչությունը կենտրոնացված է մի քանի տեղ, եւ մնացած բնակավայրերը եւ բնակչության թվի, եւ վճարունակության իմաստով նոր մուլտիպլեքսորի ստեղծման նպատակով ներդնում անողի համար գրավիչ չեն: Որպեսզի պաշտպանված լինի հանրապետության ողջ տարածքում լրացուցիչ հեռուստատեսային ծառայություններ ունենալու իրավունքը, մենք որոշել ենք, որ այն մուլտիպլեքսորը, որին պիտի տրվի Երեւան, Վանաձոր, Գյումրի կապուղի, իր վրա վերցնի պարտավորվածություն ապահովելու հանրապետության ողջ տարածքը,  որովհետեւ մյուս բնակավայրերը տնտեսապես գրավիչ չեն: Եթե թույլ տանք  փոքրերի ստեղծումը, ապա մի քանի բնակավայրերում կունենանք կղզյակներ, բայց հետայդու խնդիր կդառնա մյուս բնակավայրերում դրանց առաջացումը: Մեր մոտեցման հիմքում դրվել է այն գաղափարը, որ ավելի լավ է ստեղծվի մեծ ալտերնատիվ ցանց, որը մի տեղից ստացված գերշահույթի հաշվին կոմպենսացնի ոչ գրավիչ բնակավայրերի վնասները եւ, բնակչությունը հավասարաչափ հնարավորություն ունենա ստանալ նոր հեռուստածրագրեր»,- ամփոփեց ՀՀՌՑ ղեկավարը:

«Եթե մնացած բնակավայրերը մարզային մեդիայի առումով դատարկ են եղել 25 տարվա ընթացքում, ով ասաց, որ հիմա այնտեղ պետք է ՀԸ-ներ ստեղծվեն, եթե դրա պահանջը չի եղել այսքան տարի: Նոր կոնցեպցիա պետք է լինի, թե ինչպես ենք տեսնում այս ոլորտի զարգացումը, թեեւ մենք, միեւույն է, ուշացել ենք»,- առարկեց Նունե Սարգսյանը:

Եվ չնայած ՀՀՌՑ եւ ՀՌԱՀ ներկայացուցիչները հավաստիացրին, թե կողմ են մարզային ՀԸ-ի խնդրի ցանկացած լուծման, հույս չտվեցին, թե այն կգտնվի մինչ գալիք խորհրդարանական ընտրությունները, ինչպես ակնկալում են ՀԸ-ի սեփականատերերը: «Ընտրություններից հետո հայտարարվելիք նոր մրցույթում հույս ունենք դիմողներ կլինեն եւ մասնավոր մուլտիպլեքսոր կստեղծվի: Խնդիրը այս միջանկյալ ժամանակահատվածի հարցը լուծելն է, որպեսզի մարզային ՀԸ-ները կադրային, լսարանի եւ այլ կորուստներ չունենան: Պետք է հավաքել միջանկյալ լուծման բոլոր առաջարկները եւ փաթեթով ուղարկել կառավարություն եւ ԱԺ: Նման քննարկումներով այս հարցը չի լուծվի: Բայց եւ պետք է հասկանալ, որ մինչեւ ընտրությունները մեծ փոփոխություններ չեն արվի: Եթե նույնիսկ մյուս տարի մասնավոր մուլտիպլեքսոր չստեղծվի, մտածենք մյուս ալտերնատիվ տարբերակների մասին»,- ասաց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:

Խուսափողական է նաեւ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի պատասխանը մեր գրավոր հացադրումներին: Հղում անելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, որով երկարաձգվել է անալոգային մարզային հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի ստեղծումը` նա գրել է. «Տեղական (անալոգային)  հեռուստաընկերությունների գործունեությունը շարունակվում է»: Մինչդեռ հեռուստադիտողին այդ ՀԸ-ների ծրագրերը նորմալ որակով հասանելի են միայն վճարովի տարբերակով` կաբելային հեռուստատեսության միջոցով: 

Լուսանկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter