
ԿԳՆ-ն ավելի քան 100 հազար դոլարի դասագիրք է տպագրել, որի կարիքը դպրոցները չեն ունեցել
Մարինե Մադաթյան
Կրթության և գիտության նախարարությունն այս տարի տարրական դասարանների ավելի քան 100 հազար դոլարի (շուրջ 54 միլիոն դրամ) դասագիրք է տպագրել, որոնց համար հանրապետության դպրոցներից հայտեր չեն ներկայացվել: Այլ խոսքով` դպրոցներում դրանց կարիքը չի եղել: Որտեղ են ավել դասագրքերը կամ ինչու են տպագրվել առանց անհրաժեշտության, տարբեր պատասխաններ ենք ստացել. «պահեստավորվել են մարզպետարաններում», «դպրոցներում են», «մյուս տարի կբաժանվեն երեխաներին»: Այս պատասխաններն ընդհանուր հուշում ունեն, որ ԿԳՆ-ի բյուջեն, այս դասագրքերի մասով, ծառայել է ոչ թե դպրոցների կարիքներին, այլ հրատարակչություններին:
Իսկ հիմա` մանրամասն: Խոսքը տարրական դասարանների դասագրքերի մասին է, որոնք աշակերտներին բաժանվում են անվճար: Այս դասագրքերի տպագրման համար ԿԳՆ-ն պայմանագրեր է կնքել հրատարակչությունների հետ առանց մրցույթի` հեղինակային կամ բացառիկ իրավունքի հիմքով:
«Հանրակրթական դպրոցներում տասներկուամյա ուսուցման անցման հետ կապված, նախարարի հրամանով, Կրթության ազգային ինստիտուտը 2007թ. հայտարարել և անց է կացրել տարրական դասարանների դասագրքերի մրցույթ: Դասագրքերի մրցույթի ընթացքում գնահատվել են հրատարակչությունների կողմից ներկայացված հայտերը, և բովանդակային պահանջների շեմը հաղթահարած հրատարակչությունների միջև անցկացվել է գնային մրցույթ: Հաղթող է ճանաչվել այն հրատարակչությունը, որը ներկայացրել է ամենացածր գինը»,- «Հետք»-ին տված պատասխանում պարզաբանում է ԿԳՆ-ն:
Ստացվում է` սկսած 2007թ.-ից` շուրջ տասը տարի, դասագրքերի բովանդակությունը չի վերանայվել: ԿԳՆ-ն չի քննարկել նաև այն հարցը` հնարավոր է շուկայում նույնաբովանդակ գրականության համար այս տարիների ընթացքում հայտնված լինի ավելի ցածր գնային առաջարկ, թե ոչ: Հրատարակչությունների հետ պայմանագրերը կնքվում են մոտ տասը տարի առաջ կայացած մրցույթի հիման վրա, առանց նոր մրցույթի:
Մեր երկրորդ հարցին` ինչպես է որոշվում հրատարակչության կողմից տպագրման ենթակա դասագրքերի քանակը, ԿԳՆ-ն պատասխանում է. հանրակրթական ուսումնական հաստատություններ ուղարկվում է շրջաբերական, որից հետո հաստատությունները ԿԳՆ են ներկայացնում հայտեր` անհրաժեշտ դասագրքերի քանակի վերաբերյալ: Մարզերում դպրոցները տարրական դասարանների դասագրքերի հայտերը ներկայացնում են մարզպետարան, վերջիններս էլ` ԿԳՆ: Երևանի դպրոցների հայտերը նախարարություն է ներկայացնում քաղաքապետարանը:
Հենց այս հայտերի հիման վրա էլ, ըստ ԿԳՆ-ի, հանրապետության հանրակրթական դպրոցների տարրական դասարանների (1-4-րդ) դասագրքեր (նաև` մի քանի աշխատանքային տետրեր) մատակարարելու համար ԿԳՆ-ի 2016թ. բյուջեից ծախսել է շուրջ 854 միլիոն դրամ, և, հեղինակային իրավունքի հիմքով, պայմանագրեր են կնքվել ութ տարբեր ընկերությունների հետ:
Դասագրքեր` աշակերտներից շատ, սակայն «պետական միջոցները չեն վատնվել»
Քանի որ նշված շուրջ 854 միլիոն դրամ ծախսի հիմքում դրվել են դպրոցներից ստացված հայտերը, դիմեցինք ԿԳՆ` ստանալու տարբեր մարզերից նախարարություն ուղարկված դասագրքերի պահանջարկն արձանագրող փաստաթղթերը:
ԿԳՆ-ն «Հետք»-ին ուղարկեց հանրապետության 10 մարզերի և Երևանի դպրոցների` ամեն առարկայի համար անհրաժեշտ դասագրքերի քանակը:
Համեմատելով դասագրքերից յուրաքանչյուրի համար հանրապետության բոլոր դպրոցներից եկած թիվը` ԿԳՆ-հրատարակչություններ պայմանագրերում նույն դասագրքի տպագրված քանակի հետ, պարզվեց, որ ոչ բոլոր դասագրքերն են տպագրվել այն քանակով, որքան պահանջարկ եղել է դպրոցներից: Այլ կերպ ասած` հրատարակված դասագրքերի մի մասը գերազանցում է դպրոցների կարիքները:
Ենթադրելով, որ հնարավոր է` ավել դասագրքերը տպագրվել են Արցախի, Ջավախքի կամ սփյուռքահայ համայնքների համար, զանգահարեցինք հրատարակչություններ: Տնօրենները, սակայն, մեզ հետ զրույցում նշեցին, որ դասագրքերը տպագրել են միայն Հայաստանի Հանրապետության դպրոցների համար: «էստեղ լեզվի խնդիր կա, արևմտահայերենի և արևելահայերենի խնդիր կա, չի կարող գնալ սփյուռք: Սփյուռքի համար հատուկ տպագրվող ձեռնարկներ կան»,- ասաց «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը: Հարցին` այդ դեպքում ինչու են դպրոցների կարիքներից ավել դասագրքեր տպագրվել, հրատարակիչները պատասխանում են` ԿԳՆ-ի պատվերն են կատարել և հայտերից առհասարակ տեղյակ չեն:
ԿԳՆ-ի կնքած պայմանագրերի և դպրոցներից ստացված հայտերի անհապատասխանությունը ներկայացնենք` ըստ հրատարակչությունների:
Դասագրքերի առաքումը մարզպետարաններ նույնպես կազմակերպել են հրատարակչությունները: Հրատարակիչները վստահեցնում են, որ ամբողջ քանակով (պայմանագրում նշված թվի չափով) առաքել են մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:
Համոզված լինելու համար, որ դասագրքերը (այդ թվում' ավել տպագրվածը) ուղարկվել են մարզպետարաններ, խնդրեցինք վերջիններիս հանրակրթության վարչություններից մեզ ուղարկել դասագրքերի ստացման հանձնման-ընդունման ակտերը: Համեմատելով ստացված փաստաթղթերը, կարող ենք ասել, որ մարզպետարաններ ուղարկվել են այն քանակով դասագրքեր, որքան նշված է ԿԳՆ-հրատարակչություններ պայմանագրում: Իսկ հարցի մյուս մասին, թե ինչու են դրանք երբեմն գերազանցում կարիքները, մարզպետարանների հանրակրթության վարչության պետերը դժվարանում են պատասխանել:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի կարծիքով' ավել տպագրված դասագրքերը պետական միջոցների վատնում չեն:
«Մեր ատեստատները, մատյանները, ամեն ինչը մի քիչ ավել ենք տպագրում, որ եթե չեն օգտագործում, պահեստավորվում է, մյուս տարի օգտագործում են: Ինքը ոչ մի վնաս ոչ մեկին չի տալիս: Կարող են երեխաները ավելանալ, այդ պատճառով հնարավոր է ավել տպված լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Նշենք, սակայն, որ զրուցել ենք նաև դպրոցների տնօրենների հետ, ովքեր պատմել են, որ իրենց ներկայացրած հայտերում անհրաժեշտ դասագրքերի թիվը մի քանի հատով ավել են ներկայացնում` հաշվի առնելով երեխաների ավելանալու հավանականությունը: Այսինքն` ԿԳՆ-ն դպրոցներից ներկայացված հայտից ավել դասագիրք տպագրելու անհրաժեշտություն չպետք է ունենար: Հարցին, թե որտեղ են ավել տպագրված դասագրքերը, Ն. Հովհաննիսյանը պատասխանում է` դպրոցների գրադարաններում, կարող է և մարզպետարաններում:
Հստակեցնելով, որ ներկայացված հայտերից ԿԳՆ-ի պատվերի քանակը որոշ հրատարակչությունների դեպքում հասնում է, օրինակ, մինչև 11 միլիոն դրամի (տես «Էդիթ պրինտը»)` Ն. Հովհաննիսյանը պատասխանում է. «Չէ, չկա նման բան, չի կարող նման բան լինել, իմ ասածը շատ քիչ տոկոս է: Իմ ասածը քիչ մնացորդ է, որ վնաս չի լինի պետությանը: Հաջորդ տարի օգտագործվում է»:
Նշենք, որ վերոնշյալ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ ավել տպագրված դասագրքերի հաշվարկի մեջ չենք ներառել Շախմատի ակադեմիայի հրատարակած «Շախմատ» առարկայի դասագրքերն ու աշխատանքային տետրերը և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագիրքը: Այս երկու դասագրքերի համար, պարզվեց, ԿԳՆ-ն ընդհանրապես կարիքների գնահատում չի անում:
«Շախմատ» առարկայի դեպքում, Ն. Հովհաննիսյանի խոսքով, դպրոցները հայտերն ուղարկում են միանգամից Շախմատի ակադեմիա, վերջինս էլ հրատարակելուց հետո գրքերը բաժանում է դպրոցներին: Ու թեև ԿԳՆ-ն է վճարողը, սակայն չի վերահսկում, թե որ դպրոցից դասագրքերի որքան պահանջարկ կա, արդյոք տպված քանակն ավելին չէր, քան դպրոցների հայտերը:
«Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի դեպքում էլ դպրոցները հայտերը ուղարկում են եկեղեցուն առընթեր Քրիստոնեական դաստիարակության կենտրոն: ԿԳՆ-ն դարձյալ թեև վճարողն է, սակայն չի վերահսկում դպրոցներից ստացված հայտերի քանակը և դրանց համապատասխանությունը տպագրաքանակի հետ:
Տավուշի մարզպետարանում դասագրքերի հարցով զբաղվում է հանրակրթության վարչության աշխատակից Խաչատուր Խաչատրյանը: Նա հաստատեց, որ, օրինակ, 3-րդ և 4-րդ դասարանների «Կերպարվեստ» առարկայի պատվեր չեն տվել, սակայն ստացել են և բաժանել դպրոցներին:
- Իսկ եթե պատվեր չեք տվել, ինչո՞ւ եք ստացել, պարո'ն Խաչատրյան:
- Դե, բերել էին, էլ հետ չտվեցինք: Բաժանեցինք դպրոցներին:
- Բայց եթե այդ գրքերի կարիքը չի եղել, ինչո՞ւ եք վերցրել:
- Չեմ կարող ասել` ինչու են բերել, բայց որ բերել էին, բաժանել ենք դպրոցներին: Դե բաժանել ենք, դպրոցներին պետք էլ ա էլի:
Նշենք, որ 3-րդ և 4-րդ դասարանների «Կերպարվեստ» առարկաների համար ոչ Երևանի, ոչ էլ մարզերի դպրոցները հայտեր չեն ներկայացրել, սակայն ԿԳՆ-ի պատվերով «Զանգակ-97» հրատարակչությունը տպագրել է շուրջ 18 միլիոն դրամի դասագիրք և առաքել մարզպետարաններ:
Կոտայքի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Հերմինե Ադամյանի հետ զրույցում էլ պարզվեց, որ մարզի դպրոցները երբեմն ստացել են ոչ այն հրատարակչության դասագիրքը, որի համար հայտ են ներկայացրել, ապա հրաժարվել են գրքից, և այդ դպրոցներում եղած հին դասագրքերը, որոնց օգտագործման ժամկետը երեք տարի է, հիմա օգտագործվում են արդեն չորրորդ տարին: Ինչ վերաբերում է ավել ուղարկված դասագրքերին, Հ. Ադամյանի խոսքով, դրանք պահվում են: «Այդ գրքերը պահեստավորված են, հաշվարկված, պահեստավորված են»,- ասում է Հ. Ադամյանը:
Շարունակելի
Դասագրքերի լուսանկարը` yerevan.am-ի, հրատարակիչների լուսանկարները` manmar.am-ի, Armnews-ի, Wikipedia-ի, Հ1-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել