HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դառը դատինք, դատարկ նստինք». Վանաձորում հրդեհի հետևանքով անտուն է մնացել 17 բնակիչ

Գայանե Սարգսյան

Այսօր առավոտյան Վանաձորի Ուկրշին տնակային ավանում բռնկված խոշոր հրդեհի արդյունքում փողոցում է հայտնվել 17 բնակիչ: Այրվել է 5 փայտաշեն տնակ:

«Ժամը ինն անց կես էր, կուխնյայում ճաշ էի պատրաստում, մեկ էլ հարևանս եկավ, թե՝ հրդեհ ա, երեխեքին շուտ դուրս բեր: Թոռներս անչափահաս, երեքն էլ՝ հիվանդ, փաթաթեցի, դուրս բերի ջերմության մեջ: Սաղ եղածս վառվեց, մի բան չկարեցանք փրկենք»,- պատմեց որդու ընտանիքի հետ բնակվող Սիրուն Ծատուրյանը:

Բնակիչների խոսքով՝ հրդեհը բռնկվել է հարևանուհիներից մեկի տնակից, ով հոգեկան խնդիրներ ունի ու բազմիցս է տնակը հրդեհելու փորձեր արել:

«Մի քանի անգամ պաժառ ա տվել, հանգցրել ենք: Նա հոգեբուժարանի հիվանդ ա: Մելանյա Սարգսյան ա անունը, հոգեբուժարանում գրանցված ա: Ոչ մեկը տեր չեղավ: Մենք սպասում էինք միշտ, որ մի բան կանի ու արեց»,- ասաց տիկին Սիրունը:

Հարևանները վստահեցնում են, որ կնոջ վտանգավորության մասին բազմիցս են ահազանգել պատկան մարմիններին:

«Դիմել ենք քաղաքապետարան, ասել են՝ դիմեք միլիցիային: Միլիցիան գիտի, էս թավուրին ինչի՞ ա բնակչության մեջ թողնում: Դանակը ձեռին ամբողջ օրը ման էր գալիս դրսում, երեխեքս վախում էին տնից դուրս գան»,- նշեց հարևաններից Սվետլանա Թամազյանը:

Վանաձորի քաղաքապետարանում չեն էլ ժխտում՝ խնդրին տեղյակ են եղել:

«Իհարկե, տեղյակ էինք, որ ինքը հոգեկան հիվանդ է: Մի անգամ հոգեբուժարան ենք ուղարկել: Հիմա իմացա բնակիչներից, որ հետ է եկել հոգեբուժարանից»,- ասաց Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Վլասիկ Անդրեասյանը:

Ս. Թամազյանի ընտանիքը ամենից շատ է տուժել է: Այրվող տնակից ընտանիքին հաջողվել է դուրս բերել միայն 7 օրական թոռնիկի օրորոցը:

«Էլ ոչ մի բան չունենք: Մենակ 7 օրական երեխուն ենք հանել լուլկով, էլ ոչ մի բան: Ինչ լուլկի մեջ եղել ա, դա ենք փրկել: Դառը դատինք, դատարկ նստինք: Հարսիս օժիտը, մեր վեշը, սաղ մնաց: Ձմեռվա պաշարից ու փաստաթղթերից բռնած սաղ վառվել ա»,- պատմում է կինը:

Վերջինիս խոսքով՝ կենցաղային իրերի մի մասի ապառիկը դեռևս չէին հասցրել մարել:  

«Բանկերում էնքան կրեդիտներ ունենք,- ասում է Ս. Թամազյանն ու թվում,-լվացքի մեքենան կրեդիտով ա, հեռուստացույցը կրեդիտով ա, տղես խոպան էր գնացել նոր սառնարան էինք առել»:

Սուսաննա Կիրակոսյանը տնակային ավանում բնակվում է 1991թ.-ից՝ ամուսնու ու երկու դուստրերի հետ: Թեև նրանց տնակը հիմնովին չի այրվել, սակայն ամբողջ գույքը վնասվել է ու դարձել օգտագործման համար ոչ պիտանի:

«Շատ դժվար պայմաներում էինք ապրում: Իբր վեշի կեսը փրկել ենք, բայց սաղ ջարդվել ա: Էլ օգտագործել հնարավոր չի»,- նշում  է նա:

Դրսում հայտնված ընտանիքներին Վանաձորի քաղաքապետարանից խոստացել են ժամակավորապես ապահովել այլ տնակով կամ բնակարան վարձակալել: Ընտանիքները, սակայն, կեցության համար անհրաժեշտ տարրական գույքի, հագուստի ու սննդի կարիք էլ ունեն:

 Ի դեպ, վերջին երեք տարվա ընթացքում սա տնակային ավաններում միանգամից մի քանի տնակների հրդեհման երրորդ դեպքն է: Նախորդ երկուսը գրանցվել էին Էներգետիկների տնակային ավանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter