
«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի գործունեության մեջ դատախազությունը չարաշահումներ է գտել և քրեական գործ հարուցել
Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:
«Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- գրված է դատազախության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լիազորել է իր երկու աշխատակիցներին, որպեսզի վերջիններս հենց իր՝ քաղաքացի Բագրատ Ենգիբարյանի հետ Հիմնադրամի անունից կնքեն փոխառության պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 37 մլն դրամ:
Բացի այդ, խնդրահարույց կետեր ու օրենքի խախտումներ են հայտնաբերվել նաև հիմնադրամի ստեղծած ընկերություններում բաժնեմասերի օտարման գործարքներում։
Բագրատ Ենգիբարյանը «Հետք»-ի հետ զրույցում Վերահսկիչ պալատի հրապարակումը որակել էր «անգրագիտություն»: Իսկ ընկերությունների հիմնադիր Հովհաննես Ավոյանը տեղեկացրել էր, որ ՎՊ հաշվետվությունում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ պատրաստվում են բողոք ներկայացնել:
Մեկնաբանել