
«Կաբրիոլետով» շրջագայեցի Երևանում
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Այս տարի 8 անգամ դուրս եմ եկել բանտից ու «թիկնապահների» ուղեկցությամբ շրջագայել Երևանով, սակայն «ճամփորդություններից» մեկը տարբերվում էր ամեն ինչով: Հենց դրա մասին էլ որոշեցի պատմել Ձեզ:
Բանտի տարածքում կա ավտոկայան, որը նախատեսված է ոստիկանության մեքենաների համար. մոտ 10 րոպե այնտեղ կանգնած սպասում էինք: Աշխատակիցներից մեկը ժպտալով մոտեցավ ինձ.
-Էսօր կաբրիոլետով ենք քեզ դատի տանելու:
-Ի՞նչ կաբրիոլետ,- զարմացած հարցրեցի:
-Կտեսնես…
Որոշ ժամանակ անց բանտի ծանր դարպասները բացվեցին, ու տեսա «Վիլիսի» նման մի մեքենա: Ի տարբերություն կալանավորներին ու դատապարտյալներին տեղափոխող այլ մեքենաների, այս մեկը չուներ ոչ մի ճաղ, հակառակը`գրեթե ամբողջությամբ թափանցիկ ապակիներով էր պատված: Ես ու երկու կալանավոր նստեցինք (վերջիններս մեկ ժամ անց ազատվեցին դատարանի դահլիճից): «Կաբրիոլետը» դուրս եկավ բանտի տարածքից: Իրոք, զարմանալի զգացողություն էր`ստիպված չէի ճաղերի արանքից տեսնել ազատությունը, այլ թափանցիկ ապակիներից... ասես Հռոմի պապի մեքենայով շրջագայեի: Անծանոթ մարդիկ ավելի մոտ էին երևում:
…Հավանաբար, տեխնիկական ինչ-որ խնդիր էր, չգիտեմ, բայց հետդարձի ժամանակ արդեն մեծ սովետական «վարանյոկը» ներս չմտավ դատարանի տարածք, կանգնած մնաց դարպասների այն կողմում`ազատության մեջ`հենց փողոցի մեջտեղում: Արդեն մութն ընկել էր: Ինձ և մի քանի կալանավորների, իհարկե ձեռնաշղթաներով, դուրս բերեցին դատարանի շենքից: Ոտքով շարժվեցինք դեպի ազատություն… սիրտս արագ էր բաբախում, շունչս կտրվում էր. դարպասները բաց էին, տեսնում էի փողոցում քայլող ազատ մարդկանց: Ահա և անցա անազատության ու ազատության շեմը: Ոստիկաններից մեկը մոտեցավ և թևանցուկ անելով`ասաց.
-Մհե՛ր ջան, դու փախուստի հակում ունես, չէ՞, արի միասին քայլենք:
-Եթե մեր դատական համակարգն էլ սենց մարդկային ու ճիշտ վերաբերմունք ցուցաբերեր, փախչելու կարիք չէր լինի,- պատասխանեցի ես ու արդեն հայտնվեցի փողոցի մեջտեղում:
Մայթով քայլող մարդկանց հետ կողք-կողքի էի: Դիմացի փոքր խանութների լուսամուտների հետևից մարդիկ նայում էին մեր ուղղությամբ, գիշերային Երևանը զանազան լույսերով էր ողողված: Վաղուց նման տեսարան չէի տեսել: Մի պահ կանգ առա և գլուխս բարձրացնելով` նայեցի բաց երկնքին, փայլող մի աստղ ուղիղ գլխավերևումս էր: Մտքումս աղոթք էի անում, խոսում Աստծո հետ: Ոստիկանները չէին շտապեցնում, ասես կռահում էին… վերջացրեցի, նորից նայեցի չորս կողմից ինձ շրջապատող ազատությանը…
-Աստված քո հետ, Մհե՛ր ջան, դու հաստատ դուրս ես գալու, խոսքերս հիշի` ազատության մեջ անպայման կհանդիպենք,- ասաց մարդ-ոստիկանը:
Հասկանում էի, որ շրջագայությունը պետք է վերջանա… նստեցի «վարանյոկը», շարժվեցինք դեպի բանտ...
Այս շրջագայություններիս ընթացքում ծանոթացա տասնյակ կալանավորների և մի փոքր ավելի շատ ոստիկանների հետ: Նախորդ դարի 90-ականների հետ համեմատած` շատ բան է փոխվել: Չտեսա ոչ մի ոստիկան, որը կոպտություն ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերեր ազատազրկվածների հանդեպ: Հիմնականում երիտասարդ տղաներ էին, կային նաև միջին տարիքի ոստիկաններ, որոնք իրենց աշխատանքն էին կատարում: Կալանավորները, մինչև դատական նիստերի սկսվելը, պատմում էին իրենց քրեական գործերի, ճակատագրերի մասին: Նրանք, ովքեր առաջին անգամ չէին հայտնվել անազատության մեջ, ասում էին.
-Ճիշտ ա, հիմա էլ քաղմասերում ծեծ ու ջարդ կա, բայց 90-ականների հետ չես համեմատի, երբ ով ձեռներն ընկներ, էնքան էին տանջում, շան ծեծ տալիս, մինչև վիզ վերցնի հանցագործությունը, մենակ թե գործը բացահայտված համարեն:
Գիտեք, որ ամենևին էլ հակված չեմ «գովերգելու» ոստիկաններին, ինքս եմ անցել 90-ականների թե՛ ոստիկանական, թե՛ բանտային «բեսպրեդելի» միջով: Միգուցե պարզապես բախտս բերել էր, որ այս անգամ մարդ-ոստիկանների էի հանդիպել: Անկախ նրանից, թե բարիկադների որ կողմում ես, առաջին հերթին մարդու մեջ պետք է մարդուն տեսնել: Այդ դեպքում միգուցե ճաղերն ու բարիկադներն էլ վերանան…
Գիտեք, որ որպես կանոն իմ բանտային նամակներում չեմ նշում ոչ դատապարտյալների, ոչ աշխատակիցների անունները: Բայց ուզում եմ ասել, որ նաև առաջին անգամ հանդիպեցի մարդ-դատավորի: Առաջինն էր, ով չասաց. «Պետք չի անուն-ազգանունով դիմել, ասեք`հարգելի դատարան»:
Երբ նայելով դատավորի աչքերի մեջ` ասում ես «դատարան», կարծես թե այդ «դատարան»-ի հետևում թաքնված է մարդը, ով ընտրել է դատավորի աշխատանքը և ցանկանում է, որ իր անձը նույնականացվի «դատարանի» հետ: Այդպիսով՝ դատավորը պատասխանատվությունից փորձում է իր անձը ազատել կամ իշխանություն զգալ: Իսկ այս դատավորն անկեղծ էր: Չէր խուսափում, երբ ազգանունով էի դիմում: Նրա շնորհիվ էր նաև, որ մի քանի անգամ տեսա առանց ճաղերի երկինքը:
Այսպիսով, ուղեղիս «հուշադարանում» ավելացավ ևս մի քանի հաճելի հիշողություն, որոնց մասին պատմեցի Ձեզ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել