HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսկացությունները համատեղ գործունեության մասին հուշագիր ստորագրեցին

Դեկտեմբերի 1-ին` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարել էին միավորման և համատեղ համագործակցության մասին։ Այսօր արդեն կուսակցությունների նախագահներ Էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը և Արամ Սարգսյանը ստորագրեցին համատեղ քաղաքական գործունեության մասին հուշագիր։ Մինչ այդ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ այս իրադարձությունը շատ սպասված և պահանջված էր հանրության և իրենց շատ գործընկերների կողմից։

Ըստ նրա՝ այս երեք քաղաքական ուժերը կարողացել են դրսևորել քաղաքական կամք՝ բարձր դասելով շահերը գոյություն ունեցող տարաձայնություններից։ «Նրանք կարողացել են միավորել սեփական ջանքերը արժանապատիվ Հայաստան ստեղծելու ճանապարհին և կարողացել են միավորել իրենց քաղաքական հմտությունը, փորձառությունը և եռանդը, որպեսզի կարողանան հասնել ավելի մեծ նպատակների»,-ասաց նա։

Թանդիլյանը նաև պարզաբանեց, որ այս դաշինքի տեսլականն ու նպատակն է ստեղծել արդիական և հավասար հնարավորություններով Հայաստան, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ, կառուցել հզոր պետություն, որտեղ կապրեն երջանիկ անհատներ և կլինի հոգատար հանրություն, բացի այդ՝ ունենալ պետություն, որտեղ մարդու ազատությունները, քաղաքացու իրավունքը, սեփականության իրավունքը սահմանադրական նորմից իրողություն դարձնելու հնարավորություն կընձեռվի։

Անդրադառնալով ներկայացված և ստորագրված համատեղ  քաղաքական գործունեության մասին հուշագրին՝ նշենք, որ դրանում ուրվագծված են կուսակցությունների համագործակցության եզրերը և նրանց ապագա քաղաքական ուղին։ Մասնավորապես՝ հուշագրում ասվում է. ««Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, համաձայնության եկան՝ համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին։ Ըստ այդմ, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով։ Համատեղ գործունեության, այդ թվում նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացվեն կոնսենսուսով։ Համատեղ գործունեության արդյունքում կսկսվեն բանակցություններ՝ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ։ Հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելին, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։ Արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև և կայուն զարգացումը»։

Լուսանկարը՝ azatutyun.am-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter