HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել բժշկական կենտրոններում՝ սոցփաթեթի առողջապահական ծառայության մատուցման բաղադրիչում

Գայանե Սարգսյան

 ՀՀ Վերահսկիչ պալատն այս տարվա ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողություն է իրականացրել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության և արդյունավետության գործընթացի նկատմամբ:  

Վերահսկողությունն իրականացվել է 2012թ. հունվարի 1-ից 2016թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության նկատմամբ:

2012 թվականից գործող «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագիրը ներառում է սոցիալական փաթեթի հետևյալ 4 ծառայությունները` առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար և հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում:

Ներկայումս շահառուին հատկացվող 132.000 հազ. դրամից 52.000-ը  նախատեսված է պարտադիր բժշկական ապահովագրության, 8.000-ը՝ պարտադիր բուժզննության, իսկ մնացած 72.000-ը հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի և հանգստի ապահովման համար:  

Վերահսկիչ պալատը ռիսկային է համարել առողջապահական փաթեթի և հանգստի ապահովման ծառայության բաղադրիչները:

Առողջապահական փաթեթի բաղադրիչի մասով թվով 93 առողջապահական հիմնարկներից ընտրանքային կարգով ստուգումներ են կատարվել 4-ում: Դրանք են՝ «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի» բժշկական կենտրոնները և «Ա.Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը»:

«Արմենիա» բժշկական կենտրոնում անցկացված վերահսկողության արդյունքում Վերահսկիչ պալատը հայտնաբերել է, որ կենտրոնում տեղ են գտել խախտումներ ուսումնասիրման ենթակա բոլոր տարիներին: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում անվճար բուժծառայությունից օգտվող քաղաքացիներին մատուցվել է մի, սակայն փոխհատուցման են ներկայացվել այլ՝ ավելի թանկ ծառայություններ: Որոշ դեպքերում բուժօգնություն է ցուցաբերվել այնպիսի հիվանդությունների և վիճակների կապակցությամբ, որոնք ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի N375-ն որոշման շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն: Օրինակ՝ հետազոտել են ծանրալսության կապակցությամբ, մինչդեռ ծրագրով այսպիսի հետազոտություն հիվանդանոցային պայմաններում նախատեսված չի եղել:

«Արմենիա» բժշկական կենտրոնի գործունեության վերջին 2.5 տարիների ստուգման արդյունքում Վերահսկիչ պալատն արձանագրել է 15 խախտում, որի հետևանքով ծրագրի իրականացման ընթացքում պետբյուջեից ավել է գանձվել  1մլն 383 հազ. դրամ: Գումարը ենթակա է վերադարձման:

«Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացված վերահսկողության ընթացքում Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ հաշվետու ժամանակաշրջանում սոցիալական փաթեթի շահառուները լիարժեք չեն սպասարկվել և բուժօգնություն են ստացել ուշացումներով՝ հերթագրումների միջոցով:

Կենտրոնը ստուգում իրականացնող հանձնաժողովին չի տրամադրել 2014-2016թթ. ծրագրից օգտված թվով 39 շահառուների պատմագրերը:

Այստեղ մի շարք դեպքերում բուժսպասարկում է իրականացվել՝ խախտելով ՀՀ կառավարության N 375-Ն որոշումը, ըստ որի՝ ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն քրոնիկ հիվանդությունները, որոնք պահանջում են մշտական ոչ վիրահատական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների): Կատարվել են նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամաններին հակասող գործողություններ:

Ցուցաբերված բժշկական ծառայություններում տեղ գտած թվով 8 խախտումների հետևանքով 2014 և 2015 թվականներին կենտրոնի կողմից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 822 հազ. 500, իսկ 2016 թվականին կազմակերպության ընթացիկ կատարողականից նվազեցման ենթակա գումարը՝ 150.000  դրամ:

«Նաիրի» բժշկական կենտրոնում «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ 6 դեպքերում  միաժամանակ կատարվել է 2 վիրահատական միջամտություն: Փոխհատուցման է ներկայացվել  2 վիրահատության համար՝ սահմանված ծառայությունների ամբողջ գներով, մինչդեռ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 6-ի N215-Ա հրամանով հաստատված ծառայությունների գներով սահմանվում է՝ եթե հիվանդը միաժամանակ վիրահատվում է նույն պրոֆիլի 2 հիվանդությունների կապակցությամբ, ապա վճարման ենթակա գումարը հաշվարկվում է հիմնական հիվանդության գնի 100%-ի և ուղեկցող հիվանդության գնի 60%-ի չափով:

10 դեպքում մատուցվել է մեկ, փոխհատուցման ներկայացվել մեկ այլ կամ փոխհատուցման ոչ ենթակա ծառայության համար:

Կենտրոնում տեղ գտած խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 858 հազ., իսկ 2016թ. կտրվածքով կազմակերպության ընթացիկ կատարողականից նվազեցման ենթակա գումարը՝ 253 հազ. դրամ:

«Ա.Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ում կատարված վերահսկողության արդյունքում Վերահսկիչ պալատն արձանագրել է 1 խախտում՝ գրանցված 2014-ին, երբ նույն հիվանդին միաժամանակ կատարված երկու վիրահատության դեպքում փոխհատուցման է ներկայացվել սահմանված ծառայությունների ամբողջ գնով, այն դեպքում, երբ նախատեսված է՝ եթե հիվանդը միաժամանակ վիրահատվում է նույն պրոֆիլի 2 հիվանդությունների կապակցությամբ, ապա վճարման ենթակա գումարը հաշվարկվում է հիմնական հիվանդության գնի 100%-ի և ուղեկցող հիվանդության գնի 60%-ի չափով: Կենտրոնի կողմից պետբյուջե վերադարձման գումարը կազմել է 100.000 դրամ:

Հանգստի ապահովման ծառայության բաղադրիչի խախտումների մասին՝ հաջորդիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter