
Մի խումբ լրագրողներ դիմել են ՔԿՎ Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով
Մի խումբ լրագրողներ դիմել են Արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի առողջական լուրջ խնդիրների մասին ահազանգել են նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը։ Նրանք դիմումներ են ուղարկել Արդարադատության նախարարություն, Քրեակատարողական վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պաշտպանները պահանջել են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն և օգնություն տրամադրելու համար, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ապահովել պատշաճ բուժում ու խնամք:
Ստորեւ ներկայացնում ենք լրագրողների նամակը․
«ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա Ծռեր» խմբի անդամներին այս տարվա հուլիսի 26-ին հաց հասցրած ու արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ: Երեկ այս մասին լրատվամիջոցներին ու Ձեզ ահազանգել են Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը: Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վատթարացման մասին իր անհանգստությունն է հայտնել նաև նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:
Մասնավորապես՝ ըստ փաստաբանների հաղորդագրության` դեկտեմբերի 10-ին Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոց և փսխումներ: Դեկտեմբերի 11-ին Արթուր Սարգսյանի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ: Կանչվել է շտապօգնություն, և Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա և ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի և ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետև Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Փաստաբաններն իրենց նամակում նշել են, որ այդ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հարգելի պարոն Օսիկյան, հաշվի առնելով այն, որ Արթուր Սարգսյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է, ուստի խնդրում ենք Ձեզ Արթուր Սարգսյանին տեսնելու և հարցազրույց ունենալու հնարավորություն ընձեռել (տեսանկարահանում ու ձայնագրություն):
Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում ենք նաև Ձեր ներկայությունը «Նուբարաշեն» ՔԿՀ լրագրողների մեր խմբի այցելությանը (կամ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների), ինչպես նաև ցանկանում ենք, որ ներկա լինեն Արթուր Սարգսյանի փաստաբանները:
Հ.Գ. Այն լրագրողները, որոնք ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը, կարող են արձագանքել` գրելով առաջարկի տակ արդեն իսկ ստորագրած լրագրողներին կամ լրատվամիջոցներին
Կանխավ շնորհակալություն
Հարգանքով`
Տաթեւ Խաչատրյան «Հայկական Ժամանակ»
Զարուհի Մեջլումյան «Հետք»
Սոնա Մաշուրյան «Փաստինֆո»
Թագուհի Հակոբյան «Հրապարակ»
Անի Վարդանյան «Aysor.am»
Փայլակ Ֆահրադյան «Araratnews.am»
Նարինե Ղլեչյան «Ազատություն» ռադիոկայան»
Մեկնաբանել