HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը Գևորգ Սաֆարյանի համար պահանջեց 2,5 տարվա ազատազրկում

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստին դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով։ Նա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի համար պահանջեց 2․5 տարվա ազատազրկում՝ եզրակացության մեջ նշելով, որ Գևորգ Սաֆարյանի մասին գործի ընթացքում չեն բերվել պատիժը ո՛չ ծանրացնող, ո՛չ էլ թեթևացնող հանգամանքեր։ Դատախազը ելույթի մեջ նշեց, որ 2015-ի հունվարի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած քաշքշուքի հետևանքով վնասվածք է ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի հրամանտար Գեղամ Խաչատրյանը, և, համաձայն մեղադրանքի, Գևորգ Սաֆարյանը հարվածել է վերջինիս, վնասել ունքային հատվածը, այնուհետև ոտքով հարվածել է ոստիկանի սրունքին։

Անդրադառնալով դատարանում վկաների տված ցուցմունքներին՝ մեղադրողը նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած ցուցմունքներում հակասություններ կան, և  ցուցմունքները արժանահավատ չեն, իսկ դատարանի դահլիճում ներկայացրած ապացույց հանդիսացող տեսանյութերը հնարավոր է մոնտաժված լինեն։  Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդմանը, որ տեսանյութի մեջ որևէ վնասվածք չի երևում ոստիկանության աշխատակցի դեմքին, դատախազը նշեց. «Գեղամ Խաչատրյանի գլխին այդ օրը գլխարկ է եղել, և փակ են եղել նրա աչքերը, հոնքերը, վնասվածքը չէր կարող նկատվել, որովհետև եղել է հոնքին, ոչ թե գլխի կամ դեմքի այլ հատվածում»։

Դատկան նիստի ավարտին Գևորգ Սաֆարյանը նշեց, որ դատարանից որևէ ակնկալիք չունի։

Հաջորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով։

 Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատախազը ելույթի մեջ փորձել է հիմնավորել, որ այդ օրը ոստիկանները փորձել են կատարել իրենց պաշտոնեական գործողությունները․«Հենց Գեղամ Խաչատրյանը դատաքննության ըմթացքում «տղայական ձևով» հայտարարեց, որ ինքը եռապատիկ հայհոյել է Գ․ Սաֆարյանին։ Ստացվում է, որ մեղադրող դատախազն օրինականացրեց և համարեց, որ ոստիկանը ՀՀ քաղաքացիներին հայհոյանքներ մաղթելով, այն էլ Ամանորի գիշերը, կատարոմ է իր պաշտոնեական պարտականությունները, սա իշխանության դիրքորոշումն է։  Սա ոստիկանության դեմքն է այսօր և դատախազության մոտեցումը նման լկտի պահվածքի»,-նշեց պաշտպանը։

Նախորդ նիստի ընթացքում դատարանում տված իր ցուցմունքի մեջ Գևորգ Սաֆարյանը նշել էր, որ ինքը որևէ մեկին չի հարվածել. «Ինձ ներկայացվեց դրվագը, որտեղ երևում է մի քաղաքացու ոտք և ասում են, որ ես եմ այդ քաղաքացին, և ես ոտքով հարվածում եմ Գեղամ Խաչատրյանին, խփում եմ սրունքին, ինչի արդյուքնում Գեղամ Խաչատրյանը թիկունքով ընկնում է գետնին: Քննիչին բացատրել եմ, որ միայն ֆիզիակայի օրենքներից ելնելով դա անհնարին է»:

Գևորգ Սաֆարյանը արդեն 11 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ, նա մեղադրվում է 2015թ.-ի Ամանորի գիշերը ազատության հրապարակում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ։ Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։                       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter