HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բնակչությունն ավելի քիչ առևտուր է անում. ինչ են ցույց տալիս մանրածախ առևտրի թվերը

Հայաստանում բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել կամ առնվազն՝ ցածր մակարդակում մնալ, ինչի մասին վկայում են նաև պաշտոնական որոշ տվյալներ։ Ամենադիպուկ օրինակներից մեկը բնակչության կատարած առևտրի ծավալներն են։ 

Այս տարվա առաջին 10 ամսվա կտրվածքով Հայաստանում առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 1.754 տրլն դրամ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այն պակասել է 0.1%-ով։  Սա արդեն իսկ ցույց է տալիս գնողունակության ցածր մակարդակն ու նվազումը՝ հաշվի առնելով, որ այս անկումը սկսվել է դեռևս նախորդ տարվանից (2015 թվականին տարեկան անկումը՝ 8%)։ Սակայն պատկերն առավել պարզ երևում է մանրածախ առևտրի ոլորտում, քանի որ հենց դա է ցույց տալիս բնակչության լայն զանգվածի առևտուրը։ Եվ գլխավորապես հենց դրանով է պայմանավորված ընդհանուր առևտրաշրջանառության անկումը վերջին երկու տարում։ 

Այսպես, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների՝ մանրածախ առևտուրն այս տարվա առաջին 10 ամսվա  ընթացքում զբաղեցրել է ընդհանուր առևտրաշրջանառության 55%-ը, 40.9%-ը բաժին է ընկել  մեծածախ առևտրին, իսկ  փոքր մասը՝ 4.1%-ը՝ ավտոմեքենաների առևտրին, որը  ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը: 

Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ մանրածախ առևտրի ծավալները հանրապետությունում նվազել են 3.2%-ով։ 

Ի հակառակ սրան՝ ավելացել են մեծածախ առևտրի ծավալները՝ 2.5%-ով, որը որոշակիորեն զսպել է ընդհանուր առևտրաշրջանառության ծավալների անկումը։ Աճել է նաև ավտոմեքենաների առևտուրը՝ 20%-ով, սակայն քանի որ մեքենաների առևտրի կշիռը փոքր է ընդհանուրի մեջ, այս աճը նախ բացարձակ թվով մեծ չէ, և հետո՝ զգալի ազդեցություն չի ունեցել ընդհանուր ծավալների վրա։ 

Վերդառանալով մանրածախ առևտրին՝ այս տարվա ընթացքում, բացառությամբ փետրվար ամսվա, մանրածախ առևտրի ծավալները  բոլոր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, նվազել են։ Եվ դա այն պարագայում, երբ նախորդ տարվա բացառապես բոլոր ամիսներին  դրանք արդեն իսկ նվազել էին։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում սկսել են նվազել դեռևս 2014 թվականի հոկտեմբերից։ Ասվածն ավելի պարզ կտեսնեք ինֆոգրաֆիկայում։ 

Իսկ տարեկան կտրվածքով՝ 2014-ին նվազել է 0.4%-ով, 2015-ին՝ 10.1%-ով, այս տարվա հունվար-հոկտեմբերին, ինչպես նշեցինք, 3.2%-ով։ Ու թեև այս տարի, նախորդ տարվա համեմատ,  նվազման տեմպերը թուլացել են, ինչը դրական է, սակայն նկատի ունենանք, որ համեմատում ենք արդեն իսկ անկում ապրած ցուցանիշների հետ։  

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հայաստանում բնակչության գնողունակության նվազման վրա մեծ ազդեցություն է ունեցել առաջին հերթին տրանսֆերտների անկումը, որոնց գերակշիռ մասը գալիս է Ռուսաստանից՝ այնտեղ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներից։ Ռուսաստանի տնտեսության անկման ու ռուսական ռուբլու թուլացման հետևանքով այս երկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները մինչ օրս էլ շարունակում են նվազել։ Իսկ դրանց հույսին ապրող ընտանիքների թիվը Հայաստանում փոքր չէ։  Բայց միայն դրսի գործոնների վրա «մեղքը բարդել» չի կարելի է։ Խնդիրն ավելի խորքային է։ Դրանք ներքին խնդիրներն են։ Հենց առաջինն այն, որ տնտեսությունը այսչափ կախված է դրսից եկող տրանսֆերտներից, արդեն իսկ խոսում է ներսի խնդիրների  ու ժամանակին դրանք չկանխելու մասին։ 

Մանրածախ առևտրի նվազման ֆոնին համոզիչ չեն թվում բանկերում ավանդների աճի մասին հայտարարությունները, թե դրանք վկայում են, որ բնակչության եկամուտներն ավելացել են։ Հայտնի է, որ վարկերի մեջ խրված բնակչության փոքր մասն է  կարողանում լրացուցիչ գումարներ կուտակել և դրանք խնայել ավանդների տեսքով։  Այսինքն՝ դրանց աճը կամ նվազումը չի կարող վկայել բնակչության լայն շերտերի սոցիալական վիճակի մասին։ Այստեղ խոսքն ավելի նեղ շրջանակի մասին է։ Նշենք, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալների՝ այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում ռեզիդենտներից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1.67 տրլն դրամ, տարվա սկզբում այն կազմել է 1.5 տրլն դրամ, իսկ 2015-ի սկզբում՝ 1.32 տրլն դրամ։ Ամսեամսի այս ցուցանիշները փոփոխվում են՝ ներգրավվում են նոր ավանդներ, վերադարձվում հին ավանդները։ 

Մանրածախ առևտրի նվազումը  նույն տրամաբանության մեջ չի տեղավորվում նաև աշխատավարձի աճի ցուցանիշների հետ։

Նորից ըստ պաշտոնական վիճակագրության՝  այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.4%-ով՝ կազմելով մոտ 186 հազ. դրամ։  Այսինքն՝ աշխատավարձի աճ է գրանցվել, բայց բնակչության մանրածախ առևտրաշրջանառությունը նվազել է։  Սա կարող է նշանակել, որ նախ աշխատավարձի չափի հաշվարկի մեթոդաբանությամբ պայմանավորված՝ այդ աճը նորից նեղ շրջանակներին է վերաբերում, քանի որ սա ընդամենը միջինացված ցուցանիշ է։ Եվ երկրորդ՝ եթե իսկապես աճ կա, չի բացառվում, որ դա այն մարդկանց աշխատավարձին է վերաբերում, որոնք ավելացրել են խնայողությունները բանկերում։ 

Մի խոսքով՝ կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել, կապեր ու հակասություններ գտնել, սակայն փաստ է, որ մարդիկ սկսել են ավելի քիչ առևտուր անել։ 

Մանրածախ առևտրի վերաբերյալ այլ հետաքրքիր տվյալներ կան, որոնք վերաբերում են առևտրի օբյեկտներին։ Դրանք հստակ ցույց են տալիս, որ գնալով մանրածախ առևտուրը կենտրոնանում է խոշորների՝ սուպերմարկետների  ձեռքում։ Այս թեմային առաջիկայում կանդրադառնանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter