HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է լեզվաբանի ամուսնու սպանության գործով նախաքննությունը. մեղադրանքներ են առաջադրվել 5, այդ թվում՝ պաշտոնատար անձանց

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության և մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Մի շարք քննչական և դատավարական գործողություների արդյունքում որպես մեղադրյալ ներգրավվել են 5 անձինք, այդ թվում՝ պաշտոնատար:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Ե. Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսիգործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն:

Մասնավորապես, հիշյալ անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ուտագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիրկատարող Խ. Կոսյանը, Ա. Չիչոյանը, Ա. Նիկողոսյանը, Ա. Զաքարյանը և Յ. Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ներգրավվել են որպես մեղադրյալներ: Մեղադրյալների նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Լավ է որ հանցագործները կպատժվեն վերջապես: Բայց ինչու է ԶԼՄ - երում անպայման շեշտվում ,,հայտնի լեզվաբանի ամուսին,, բնորոշումը? Չէ որ սա այն ամոթալի մտայնություն է, որ եթե զոհը սովորական կնոջ ամուսին լիներ, ապա գործն այլ ընթացք պիտի ունենար: Իրականում այդպես էլ կա իհարկե, սակայն լրագրողն իրավունք չունի հաշտորեն ներկայացնելու դա որպես նորմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter