
Կառավարությունը կշնորհավորի 1800 դրամանոց բացիկներով
Կառավարությունում ջանք ու եռանդ չեն խնայում տեսախցիկների առջև խոսել ծախսերը կրճատելու, դրա արդյունավետությունը բարձրացնելու մասին: Իսկ իրականու՞մ…
Դեկտեմբերի 12-ին կառավարության աշխատակազմը պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Հայրապետ Հրատարակչություն» ՍՊԸ-ի հետ: Այս անգամ «պետական կարիքը» տոնական բացիկներն են:
Արծաթե ուռուցիկ դաջվածքով անհատական ծրարներն ու օֆֆսեթ անհատական տպագրված պերգամենտ միջուկները կառավարության՝ իսկ ավելի ճիշտ հարկատուներիս վրա նստել է 1 հատը 1800 դրամ: Նախատեսված է գնել նման 550 հատ բացիկ: Ընդհանուր գումարը կազմում է 990,000 դրամ:
Ըստ պայմանագրի՝ բացիկները կառավարություն մատակարարելու վերջնաժամկետն այսօր է՝ դեկտեմբերի 20-ը: Եթե կառավարությունից տոնական բացիկ ստանաք, կարդալուց հետո հիշեք, որ դեն եք նետում 1800 դրամ:
Փոխարենը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը «Եվրոպրինտ» ընկերությունից որոշել է գնել օրինակ՝ 500 դրամանոց 200 հատ բացիկ՝ ընդհանուրը 100,000 դրամ արժեքով: Իհարկե, այն դժվար «արծաթե ուռուցիկ դաջվածք» ունենա, սակայն շնորհավորանքը կարդացողի տրամադրությունը դժվար թե դրանից ընկնի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել