
Բարեփոխվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ընթացակարգը. արդարադատության նախարար
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ բարեփոխվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը:
Նրա խոսքով, մասնավորապես, առաջարկվում է գործարկել անկախ հանձնաժողով-դատարան ինստիտուցիոնալ մոդելը՝ օժտված համապատասխան գործիքակազմով: «Այս մոդելը կբացառի պատիժը կատարող հիմնարկի և անկախ հանձնաժողովի կողմից նույնաբնույթ գործառույթների իրականացումը, կբարձրացնի անկախ հանձնաժողովների արդյունավետությունը»,- արդարադատության նախարարության փոխանցմամբ` նշել է նախարարը:
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ պատճառաբանված որոշումների հիմքում: «Ընտրվել են հնարավորինս օբյեկտիվ և չափելի գործոններ, որոնք կարող են նվազագույնի հասցնել չափանիշները գնահատողի սուբյեկտիվիզմը»,- վստահեցրել է Հովհաննիսյանը:
«Առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ ըստ էության բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները: Սա բխում է դատապարտյալի լսված լինելու և դատական պաշտպանության սկզբունքներից: Փոփոխության է ենթարկվելու նաև անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների կազմը: Մասնավորապես՝ անկախ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, ՀՀ նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերից, ՀՀ փաստաբանների պալատից և հասարակական կազմակերպությունից»,- գրված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել