HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

1000-ից 100 հազարի սահմաններում. հայկական հեռուստառադիոընկերությունները սահմանել են քաղաքական գովազդի սակագները

Հանրային ռադիոն եւ Հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստատեսային եւ ռադիոընկերությունները սահմանել են քաղաքական եթերի սակագները:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդ պատրաստ են եթեր հեռարձակել 28 հանրապետական եւ մարզային հեռուստաընկերություններ, ինչպես նաեւ` 8 ռադիոընկերություններ:

«Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները սահմանել են հավասարաչափ՝ 100 հազար դրամ/րոպե սակագինը, որն ամենաբարձրն է: «Արմենիա»-ն կուսակցություններին եւ դաշինքներին պատրաստ է մեկ օրվա ընթացքում հատկացնել 6 րոպե վճարովի եթերաժամանակ, իսկ «Շանթը» որեւէ սահմանափակում չի նշել:

Հանրային հեռուստաընկերության եւ Հ2-ի եթերում սեփական ծրագրերը ներկայացնելու ամեն 1 րոպեի համար քաղաքական ուժերը կվճարեն 60 հազար դրամ:

Հ3-ը սահմանել է 50 հազար, «Ա-Թիվի»-ն՝ 40 հազար, «Երկիր մեդիան»՝ 25 հազար, «Ար» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունները՝ 20 հազար, «Կենտրոնը»՝ 18 հազար դրամ՝ յուրաքանչյուր րոպեի համար:

Մարզային հեռուստաընկերություններից ամենաբարձր սակագինը՝ 22 հազար դրամ, սահմանել է «Շանթ»-Գյումրին, իսկ ամենացածր սակագինը՝ 1000-ից մինչեւ 1900 դրամ, կախված ժամից, Ալավերդու «Անկյուն+3»-ը:

Ընդհանրապես, ամենացածր սակագինը «Ռադիո Շիրակ»-ի սահմանածն է՝ 600 դրամ/րոպե, առանց ավելացված արժեքի հարկի: Հայաստանի հանրային ռադիոընկերությունը սահմանել է 2000 դրամ, «Ռադիո Մարշալ» ռադիոծրագիրը՝ 2500 դրամ, «Վան» ռադիոկայանը՝ 3000, «Հայ FM»-ը եւ «Ռադիո Հայ»-ը՝ 18000  (ներ. ԱԱՀ), «Շանթ» ռադիոն՝ 1500, «Միգ-FM»-ը՝ 3000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ 1 րոպեի համար:

Նշենք, որ քաղաքական գովազդի սակագները սահմանվում են ոչ թե կամայական, այլ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն: Ըստ օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Ազգային ժողովի եւ Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում է Հանրային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առեւտրային գովազդի ձեւավորված շուկայական արժեքը եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

Նույն դրույթները հավասարապես տարածվում են նաեւ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձեւից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter