HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան․ «Պահանջս նույնն է՝ Հ. Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ բուժման»

Դեկտեմբերի 30-ին, ժամը 17:30-ի սահմաններում փաստաբան Հայարփի Սարգսյանը այցելել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին: Սակայն ՔԿՀ-ից նրան տեղեկացրել են, որ Հովհաննեսին իր այցից քիչ առաջ տեղափոխել են այլ վայր։

Սարգսյանի փոխանցմամբ՝ փորձել է ճշտել, թե ուր են տեղափոխել, սակայն որևէ մեկը ստույգ չի պատասխանել։

«ՔԿՀ-ի պետից բանավոր պարզաբանում պահանջեցի, սակայն նա ասաց, որ չի կարող պատասխանել, թե ուր են տարել պաշտպանյալիս, քանի որ չգիտի, բացի այդ` հեգնեց՝ ասելով, թե պետք է գրավոր հարցում անեմ`քաջ գիտակցելով, որ նշված ժամից սկսած մինչև 09.01.2017թ. ոչ աշխատանքային օրեր էին, և ես չէի կարող այդքան օր չիմանալ իմ պաշտպանյալի գտնվելու վայրը»,-նշում է Սարգսյանը։

Փաստաբանը վարույթն իրականացնող մարմնից նույն պահին փորձել է ճշտել, թե ուր են տեղափոխել Հովհաննեսին: Նրա խոսքով՝ այստեղ ևս ասել են, որ չգիտեն Հովհաննեսի գտնվելու վայրը։

Այնուհետ Սարգսյանը զանգահարել է ոստիկանություն և հաղորդել, որ իր պաշտպանյալին տարել են անհայտ ուղղությամբ, դրանից հետո ահազանգել է նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից տեղեկացրել են, թե կճշտեն։

Ահազանգից շուրջ երեսուն րոպե անց ՄԻՊ գրասենյակից զանգահարել են փաստաբանին և տեղեկացրել, որ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

«Անմիջապես այցելեցի պաշտպանյալիս, պարզվեց, որ անգամ իր անձնական իրերն իր հետ չէին տեղափոխել: Ասել էին, թե կբերեն, բայց չէին բերել»։

Փաստաբանի խոսքով՝ Հովհաննեսի հետ չէին տեղափոխել անգամ մոր բերած ամանորյա հանձնուքը, քրեական գործի նյութերը։

Անդրադառնալով Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակին` փաստաբանը նշում է, որ մինչ օրս որևէ բժշկական հետազոտություն չի կատարվել առողջական վիճակը պարզելու համար։ Նա փաստում է, որ Հովհաննես Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և բժշկական հետազոտություններ կատարելու իր պահանջներին ի պատասխան` նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Հայարփի Սարգսյանը պնդում է, որ Հովհաննեսը գլխացավեր, ոտքի ցավեր ունի, դժվարությամբ է նստում չոր աթոռին, քանի որ վիրավոր ոտքը մինչև կոնքը բարակել է, աստիճաններով դժվարությամբ է իջնում: Կարծում է՝ այս պահին անհրաժեշտ է հետազոտել Հովհաննես Հարությունյանի գլուխը, արյունը և վերջապես բուժել վնասված ոտքը:

«Ուստի, պահանջս մնում է նույնը՝ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ բուժման»,-հավելեց փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter