
Անբարեխիղճ մրցակցություն և մակնշման խախտում. հայ արտադրողը մոլորեցնում է սպառողին
Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այս տարվա առաջին նիստը սկսեց հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր տեղական արտադրանքի խթանմանը:
«Հանձնարարում եմ Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20 օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»:
Տեղական արտադրանքի խթանումն ամենևին չի նշանակում, որ հայ արտադրողները պետք է անտեսեն օտարերկյա արտադրողի հեղինակային իրավունքներն ու կրկնօրինակեն ապրանքանիշը. անբարեխիղճ մրցակցությունն ու սպառողին մոլորության մեջ գցելն արգելված է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով:
Ամիսներ առաջ «Հետք»-ը գրել էր մի դեպքի մասին, երբ հայկական արտադրողներից մեկը՝ 2014թ.ին հիմնադրված «Նիկոլա» ՍՊԸ-ն շուկայում վաճառքի էր հանել իտալական «Raffaello» ապրանքանիշին ակնհայտ նմանությամբ «Catalina» ՝ սեփական արտադրության կոնֆետները:
Սա «Նիկոլա» ՍՊԸ-ի կողմից անբարեխիղճ մրցակցության միակ դեպքը չէ.վերջերս շուկայում մենք գտել ենք արտաքին փաթեթավորմամբ (մասնավորապես՝ ապրանքիանիշի պատկերի նմանությամբ) իտալական «Ferrero Rocher» կոնֆետներին հիշեցնող «Nicolo Felice» կոնֆետները, որոնք ևս արտադրում է այս ընկերությունը:
Նշենք, որ ապրաքնի նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճան նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն` մարդու մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայությանը:
Ի տարբերություն «Catalina» կոնֆետի, որտեղ արտաքին նմանություններն ավելի ակնհայտ էին, այս դեպքում կա պատկերային նմանություն, ինչպես նաև՝ մարդու մոտ այլ ապրանքանիշի ընկալման զգացողություն է առաջացնում:
Սպառողը առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ և կարող է ընկնել մոլորության մեջ։
Գնային առումով էլ՝ այս հայկական երկու ապրանքները զգալիորեն զիջում են իտալականներին. օրինակ՝ «Nicolo Felice» 280գ արժե 1240 դրամ, իսկ «Ferrero Rocher»-ի՝ 300 գ՝ մոտ 4,5 անգամ թանկ՝ 5590 դրամ:
Տնտեսական մրցակցության պետական կոմիտեն հավանաբար չի նկատել սա, այլապես կարձանագրեր, որ խախտվել է նաև «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների, ծագման, տեղանունների մասին օրենք»-ը և կմերժեր ապրանքանիշերի գրանցումը:
Մասնավորապես հիմք ընդունելով, որ օգտագործված է համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ, ինչպես նաև՝ պարունակում է ապրանքի մասին սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն: Թե ինչպիսի ՝ ուսումնասիրենք մակնշումը:
Մակնշման խախտում
«Nicolo Felice» կոնֆետների տուփի վրա կա EAC-ի նշան, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքը ստուգվել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր տեխնիկական կանոնակարգերով և համապատասխանում է տվյալ տնտեսական տարածքում հաստատված պահանջներին։
Այնինչ դրանցից մեկի՝ ապրանքի սննդային արժեքի մասին տեղեկությունը թերի է.չի նշված ածխաջրերի քանակը, ինչպես նաև՝ կալորիականությունը՝ 100գ-ում:
Մակնշման մեջ խախտում կա նաև ռուսերեն թարգմանության մեջ.
Հայերեն «սոդայի բիոկարբոնատ» «համեմունքներ» «խմորիչ»
√ √ √
Ռուսերեն «биокарбонат натрия» «ароматизаторы» «разрыхлитель»
Տվյալ դեպքում, հավանաբար, սխալը հայերեն մակնշման մեջ է. նախ՝ սոդան հենց նատրիումի բիոկարբոնատն է (հիդրոկարբոնատ), քաղցրավենիքի արտադրության մեջ ավելի հավանական է օգտագործել «բուավետիչներ / անուշաբույր նյութեր» («ароматизаторы» ), քան՝ «համեմունքներ» («специи»): Իսկ խմորիչը «разрыхлитель»-ը չէ, «дрожжи»-ն է, ու դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է տարբեր նպատակների համար:
Ինչպես տեսնում ենք, բաղադրատարրերը ոչ միայն ճիշտ չեն թարգմանված, այլև խախտված է դրանց հերթականությունը (ինչը ևս կարևոր է, քանի որ դրանք նշվում են՝ ըստ քանակի նվազման սկզբունքի): Ավելորդ կամ փոփոխված բաղադրատարրեր պարունաող սննդամթերքը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում բնորոշվում է՝ իբրև կեղծված։
Ըստ էության՝ ռուսերեն և հայերեն իմացող սպառողին առաջարկվոմ է տարբեր արտադրանք:
Մեկնաբանել