HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Միլսի ելույթը ՀԱԱՊ-ում

Ամերիկյան դեսպանատունը ներկայացնում է դեսպան Ռիչարդ Միլսի ելույթը՝ Հայ-ամերիկյան առևտրային պալատում․

«Մեծարգո նախարարներ, փոխնախարարներ, հարգելի Արա Հովսեփյան՝ Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախագահ, ՀԱԱՊ տնօրենների խորհրդի հարգելի անդամներ և հարգարժան հյուրեր, շնորհակալություն այստեղ ներկա գտնվելու համար: Հայ-ամերիկյան առևտրային պալատի առաջ գործունեության ծրագրերի ու ուղեգծերի մասին ելույթով հանդես գալը վերածվում է հաճելի ավանդույթի, մի ավանդույթ, որն արտացոլում է ՀԱԱՊ-ի հետ դեսպանության ամուր գործընկերությունը և մատնանշում մեր մեծ հարգանքն ու բարձր գնահատականը հայ-ամերիկյան երկկողմ կապերի զարգացմանն ուղղված ՀԱԱՊ-ի աշխատանքի վերաբերյալ: Թերևս հիշում եք, որ գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին իմ առաջին խոշոր ելույթը ՀԱԱՊ-ի և ՀՀ կառավարության հարգարժան ներկայացուցիչների առաջ տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերին: Այդ ելույթում ես առանձնացրեցի այստեղ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում իմ և դեսպանության աշխատանքի 4 գերակա ուղղությունները:

15 ամիս առաջ ես հայտարարեցի այս չորս գերակա ուղղությունների մասին, քանզի ես ցանկանում էի թափանցիկ լինել Հայաստանի կառավարության և հասարակության հետ: Ես նաև խոստացա ներկայացնել այն աշխատանքները, որոնք դեսպանատունը կիրականացնի այս նպատակների կենսագործման ուղղությամբ և նաև իմ գնահատականը, թե դեսպանատան աշխատանքներն ինչքանով են նպաստել մեր նպատակների կենսագործմանը: Իսկ այսօր ես ուզում եմ հնչեցնել իմ գնահատականն այս ուղղություններով դեսպանատան ձեռնարկած քայլերի որակի ու ազդեցության վերաբերյալ և առաջարկել հետագա քայլեր՝ այս չորս գերակա ուղղություններով Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ համատեղ մեր աշխատանքը շարունակելու համար:

Երբ հետադարձ հայացք եմ նետում վերջին 15 ամիսներին, այսինքն՝ այսօրվա և 2015թ. նոյեմբերին ՀԱԱՊ-ում իմ առաջին ելույթի միջև անցած ժամանակահատվածին, գիտակցում եմ, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում: Այս 15 ամիսների ընթացքում և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, և թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն:

Որպես իմ հետագա խոսքի նախաբան թույլ տվեք ընդգծել, որ դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և անձամբ ես, աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց:

Վերստին վերադառնալով գերակա հռչակված իմ 4 ուղղություններին՝ ուզում եմ երկու հարցադրման պատասխանել. ի՞նչ է արված այդ ուղղություններով մեկ տարի անց և ի՞նչ հավելյալ քայլեր կարելի է ձեռնարկել: Դեսպանատան գերակա ուղղությունները բոլորն էլ միտված են երկարաժամկետ հեռանկարին ու մեկ տարում փոխակերպող փոփոխություններ չէին ակնկալվում, ուստի մենք փորձում ենք գտնել փոփոխության այն նշույլները, որոնք թույլ կտան գնահատել մեր ընթացքը և վերհանել առաջընթացը:

Իմ առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրային կապերի խորացումը մեր երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում: Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան:

Քանզի այս փոխաբերությունը մեզ տեղափոխեց գյուղատնտեսության տիրույթ, նախ նշեմ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր շարունակական քայլերը: Վերջին երկու տարիների ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով այս ոլորտում առկա է տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ, և նաև այս ոլորտի զարգացումը գյուղական արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոցն է. սրանով նաև հիմնավորվում է հավելյալ միջոցների հատկացումն այս ոլորտին: Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ օգնել է ստեղծել Գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների վեց նոր կենտրոններ, որտեղ տեղի ֆերմերները կարող են ծանոթանալ անասնապահության ու ֆերմերային տնտեսության զարգացման լավագույն փորձին: ԱՄՆ ՄԶԳ նաև ուղղակիորեն աջակցել է գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին՝ աջակցելով նրանց մասնակցությանը տեղական ու միջազգային առևտրային էքսպո-ցուցահանդեսներին և փառատոններին, օգնելով ձևավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք նպաստում են տեղական տնտեսության խթանմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Այս աշխատանքների շնորհիվ միայն անցած տարվա ընթացքում հիմնվել են 41 նոր ընկերություններ և բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ից հավելյալ ֆինանսավորում են ստացել 41 ստարտափ ընկերություններ, իսկ գյուղական բնակավայրերում ստեղծվել են ավելի քան 650 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղեր:

Դեսպանատունը հետամուտ է եղել նաև մի շարք նախաձեռնությունների ձեռնարկատիրության ու ԳՏՃՄ ոլորտներում. վստահ եմ, որ ներկաները գիտեն, որ այս հապավումը նշանակում է գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա: Օրինակ՝ անցած տարի ԱՄՆ ՄԶԳ-ը հայտարարեց, որ գործակցում է ԱյԲիԷմ ընկերության, Երևանի պետական համալսարանի և ՀՀ կառավարության հետ՝ ձևավորելու Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), որի միջոցով ՏՏ ոլորտի ամերիկյան բարձրակարգ համալսարանների ու Հայաստանի 9 բուհերի միջև կապ կձևավորվի՝ ՏՏ ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման նպատակով: Բացի այդ, ամերիկահայ Հովնանյան ընտանիքի օժանդակությամբ դեսպանատունն անցած տարի մեկնարկեց նոր Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը բարձր առաջադիմության տեր այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ԳՏՃՄ ոլորտում իրենց մագիստրոսական կրթությունը ստանալ ԱՄՆ-ում, ապա վերադառնալ ու արտերկրում ձեռք բերած իրենց գիտելիքները ծառայեցնել Հայաստանի տնտեսությանը:

Տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում ես առանձնացրել էի ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև և ուրախությամբ ուզում եմ փաստել վերջին տարվա ընթացքում այստեղ գրանցված զգալի առաջընթացը: 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում: Բացի այդ, «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Մինչ այդ, ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերևս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի: Ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ Հայաստանում և հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին: Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար: Երկու ընկերությունն էլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի մոդել են՝ տեղական համայնքների հետ իրենց աշխատանքի միջոցով, և դրա հետ մեկտեղ նրանք նաև խրախուսել են այս մշակույթի զարգացմանը հայկական ընկերությունների շրջանում:

Ավելի շատ ներդրումներ ներգրավելու, գործարար կապերն առավել բազմազան դարձնելու համար դեսպանատունը կազմակերպել է նաև մի շարք դրական արձագանքի արժանացած կոմերցիոն ուղղվածության միջոցառումներ: Օրինակ՝ ընդամենը երկու ամիս առաջ, 2016թ. նոյեմբերին ՀՀ երկու նախարարությունների ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ կազմակերպվեց գործարար համաժողով հանքարդյունաբերության հարցերի շուրջ, որը կապ ապահովեց հայաստանյան 35 հանքարդյունահանող ընկերությունների և 7 ամերիկյան առաջատար ընկերությունների միջև: Ընդհանուր առմամբ 2016թ. ընթացքում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած կոմերցիոն ուղղվածության ծրագրերի ու միջոցառումների շրջանակում Հայաստան են եկել 20 ամերիկյան ընկերություններ, որոնց մեծ մասը Fortune ամսագրի 500 հեղինակավոր ընկերությունների ցանկում են գտնվում: Այդ միջոցառումներին մասնակցել են Ջեներալ Էլեկտրիկը, ԱյԲիԷմ-ը, Հանիվելը, Կատերպիլարը, Դոուն, Օշկոշը և Օփեն Սիսթեմզ Ինթերնեյշնլը:

Ամերիկյան և հայ ձեռներեցների միջև կապերին ուղղված դեսպանատան աշխատանքներին նոր թափ հաղորդվեց 2015թ. նոյեմբերին կայացած Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստից հետո: Խորհուրդը ձևավորվեց երկու երկրների միջև 2015թ. մայիսին ստորագրված Առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի շրջանակում: Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը և վերջինիս ներքո ձևավորված ութ աշխատանքային խմբերն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մտավոր սեփականության իրավունքը, պետական գնումները կամ մաքսային դաշտը, հարթակ են հանդիսանում հայ և ամերիկացի ոլորտային փորձագետների համար, որպեսզի բացահայտվեն երկու երկրների միջև առևտրին ու ներդրումներին խոչընդոտող խնդիրները, միջոցներ ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ՝ ճանապարհ բացելով գործարար կապերի խորացման համար:

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ աշխատանքը՝ ուղղված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրային հնարավորությունների ընդլայնմանը, և մենք ցանկանում ենք հաջողություններ արձանագրել Առևտրի ու ներդրումների համաձայնագրի ներքո: Սակայն առավելագույն արդյունավետության և մեր երկրների միջև առևտրի ծավալները ընդլայնելու համար Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը պետք է ավելի ակտիվ լինի: Գործարար համաժողովները ողջունելի են, անշուշտ, սակայն աշխատանքային խմբերը պետք է իրենց ձեռքը պահեն զարկերակին և իրապես քայլեր ձեռնարկեն առևտրի ու ներդրումների ճանապարհին առկա և դժվարություններ ստեղծող խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Եթե դուք կամ ձեր ընկերությունը բախվել եք խոչընդոտի, տեղյակ պահեք մեզ: Համաձայնագիրը կլինի իրապես գործուն, եթե այն առաջ է մղվում բիզնեսի կողմից: Հավատացեք ինձ, չարժի օրակարգի ձևավորումը թողնել մի խումբ գրասենյակային աշխատողների:

Մի ոլորտ, որտեղ ես Հայաստանի կառավարությանը կխրախուսեի ավելի ակտիվ լինել, դա մաքսային ոլորտն է, քանի որ աշխարհի այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար անհրաժեշտ նախապայման է Հայաստանում դյուրացված ու թափանցիկ իրականացվող մաքսային ընթացակարգերի ապահովումը: Ես հասկանում եմ, որ Հայաստանն իր մաքսային ու առևտրի դյուրացման մյուս ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության հետ ներդաշնակեցման խնդիր ունի, սակայն Հայաստանի կառավարությունը խրախուսում եմ՝ տեսադաշտից դուրս չթողնել Առևտրի համաշխարհային կազմակերպության և մյուս միջազգային առևտրային գործընկերների հանդեպ պարտավորությունները: Ես մասնավորապես առաջարկում եմ ՀՀ կառավարությանը կրկին վերանայել կողմնորոշիչ գների կիրառման և արտերկրից ներկրված ապրանքների դասակարգման ընթացակարգերը, քանի որ սրանք կարող են խոչընդոտներ ստեղծել մեծածավալ միջազգային առևտրի հարցում և բացասաբար անդրադառնալ հայ սպառողների վրա:

Թույլ տվեք այժմ անդրադառնալ երկրորդ գերակա խնդրին, այն է` գործակցել հայաստանյան գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք դրական արդյունքներ տեսել ենք, բայց անելիք դեռ շատ կա: Ուրախալի ու հուսադրող է, որ վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարն իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն, ու ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա:

Ոլորտներից մեկը, որտեղ նշանակալի առաջընթաց ենք տեսել և որի համար ուզում եմ շռայլ գովեստի խոսքեր ուղղել ՀՀ կառավարությանը, դա Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) անդամակցելու հանձնառությունն է: ԱՃԹՆ անդամակցության համար պահանջվում է, որ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերության ոլորտը միասին աշխատեն՝ նպաստելու հանքարդյունաբերության ոլորտում առավել մեծ թափանցիկության և մաքուր, պատասխանատու շահագործման ու կայուն զարգացման ապահովմանը: Կառավարությունն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ աշխատել է անդամակցության թեկնածության փաթեթը ձևավորելու շուրջ՝ ստեղծելով արդյունահանող ընկերությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերներից կազմված բազմաշահառու աշխատանքային խումբ, և իր անդամակցության դիմումը պաշտոնապես ներկայացրել է ԱՃԹՆ խորհրդին 2016թ. դեկտեմբերին: ԱՃԹՆ-ի անդամակցությամբ աշխատանքները չեն ավարտվում, բայց այն նշանակալի հանձնառություն է ուղղված թափանցիկության մեծացման ու հանքարդյունաբերության այդքան կարևոր ոլորտում միջազգային ստանդարտների ապահովմանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում դեսպանատունը գործակցել է կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ մի շարք հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Օրինակ՝ մենք աջակցել ենք տեղական լրատվամիջոցների ծրագրերին ուղղված հետաքննող լրագրողական հմտությունների զարգացմանը, որը լրատվական ոլորտին օգնում է իրականացնել իր առանցքային ժողովրդավարական գործառույթը, այն է` կառավարության ու պետական գործիչների հաշվետվողականության և քաղաքացիների իրազեկման ապահովում: Մեկ այլ օրինակ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում գնահատվել են առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և մշակվել ու Առողջապահության նախարարությանն են ներկայացվել 55 առաջարկներ, որոնցից ցանկացածի իրագործմամբ շարքային քաղաքացիների համար կլինեն իրական օգուտներ:

Կոռուպցիայի ու տնտեսական զարգացման, կոռուպցիայի ու իրավունքի գերակայության միջև կապը միշտ ակնհայտ է եղել, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն: Երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակ ես նշեցի կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դա զարմանքով ընդունեցին, շատերն ուշադրություն չդարձրեցին: Չեմ ուզում ասել, որ այդ մասին առաջինը ես խոսեցի, սակայն այժմ քաղաքական բանավեճերում այդ հարցին ավելի անկեղծ անդրադարձ է կատարվում, հնչում են կառավարության կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու առաջարկներ: Քառօրյա պատերազմի օրերին և հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին:

Այնուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք: Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին՝ բոլոր մակարդակներում և հստակ ուղերձ հղի վերևից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այս ուղերձը չկա, իրապես փոխակերպող ազդեցությամբ փոփոխություն չի կարող տեղի ունենալ:

Կոռուպցիայի դեմ պայքարելու Վարչապետի հրապարակային հանձնառությամբ ոգեշնչված՝ ես ուզում եմ կառավարության քննությանը ներկայացնել երկու կոնկրետ առաջարկ:

Նախ՝ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Ես ողջունում եմ այս ուղղությամբ կառավարության վերջերս ձեռնարկած քայլը: Նշանակալի փոփոխություններ են եղել Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Քրեական օրենսգրքում՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանք հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան:

Եվ երկրորդը՝ ամենայն հարգանքով առաջարկում եմ կառավարությանը քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն: Այս առաջարկը հնչեցվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն հարցերով գլխավոր խորհրդական պ-ն Փիթեր Այզենվորթի կողմից, ով դեսպանատան հրավերով անցած տարի երկու անգամ այցելեց Հայաստան՝ կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների համար: Կարծում եմ՝ այժմ նպաստավոր պահ է, որպեսզի կառավարությունը քննության առնի այս առաջարկը, քանի որ Վարչապետը դիտարկում է գոյություն ունեցող Հակակոռուպցիոն խորհրդի վերակազմավորման և Խորհրդի ու հակակոռուպցիոն մանդատ ունեցող այլ կառույցների միջև կապերի ու իրավասությունների հստակեցման հարցը:

Թույլ տվեք անդրադառնալ կոռուպցիայի դեմ պայքարում 2015թ. դեսպանատան գործողություններից մեկին, որը Հայաստանում շատերի կողմից միանշանակ չընդունվեց: Գիտեմ, որ Հակակոռուպցիոն խորհրդին ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ աջակցություն ցուցաբերելու մեր որոշումը վերջին երկու տարիներին խիստ քննադատության է ենթարկվում: Ի պատասխան մենք բազմիցս նշել ենք (նաև 2015թ. նոյեմբերի իմ ելույթում), որ պատրաստ ենք աշխատել հայաստանյան ցանկացած պետական հաստատության հետ, որը հանդես է բերում կոռուպցիայի դեմ պայքարելու հանձնառություն, բայց դրա հետ մեկտեղ մեր շարունակական աջակցությունը Հակակոռուպցիոն խորհրդին պայմանավորված էր չափելի կամ շոշափելի արդյունքների ապահովմամբ: Քանի որ մինչ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել, այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5%-ից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրած ամբողջությամբ հանձնել է Խորհրդին. մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի կերպարներ չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ մենք կարիք ունենք տեսնել առաջընթաց Խորհրդի կողմից, և ես տեղյակ եմ, որ նա ուզում են վերակազմավորել Խորհուրդը և վերանայել վերջինիս աշխատանքը: Վարչապետի հետ մեր քննարկումներից հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա քայլերի, այդ թվում Խորհրդին հետագա աջակցություն ցուցաբերելու կամ այդ միջոցներն այլ հակակոռուպցիոն մեխանիզմների ուղղելու վերաբերյալ:

Այժմ թույլ տվեք անցնել մեր երրորդ գերակա ուղղությանը, այն է՝ ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության ամրապնդում Հայաստանում: Մենք տարբեր ճակատներով ներգրավված ենք եղել այս ոլորտում: Չնայած որոշ առաջընթացին ու մի քանի ուշագրավ հաջողված դեպքերին, որոնք հուսադրում են, մենք նաև նկատել ենք որոշակի անհանգստության տեղիք տվող միտումներ մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ոլորտներում: Թույլ տվեք նշեմ Հայաստանի խիստ գովելի հաջողություններն այս ոլորտում: Նախ՝ ամենատպավորիչ փաստերից մեկն այն է, որ Հայաստանը 4 տարի անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում տեղ է գտնում 1-ին խմբի երկրների շարքում, ինչն առավելապես միջգերատեսչական աշխատանքային խմբի շնորհիվ է, որը կառավարության ու քաղաքացիական հասարակության համագործակցության օրինակելի դեպք է: Սակայն, կուզենայի մեկ բան ավելացնել. որպեսզի մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը շարունակվեն արժանվույնս գնահատվել, ես կոչ եմ անում կառավարությանն անհապաղ վերականգնել Աշխատանքային տեսչությունը: Առանց գործունակ Աշխատանքային տեսչության չափազանց դժվար է պարզել ու կանխել աշխատանքային թրաֆիքինգի և, հատկապես, մանկական աշխատանքի դեպքերը: Մեկ այլ ձեռքբերում, որ գրանցվեց քաղաքացիական հասարակության ու դեսպանատան ջանքերով և որի համար մենք շնորհավորել ենք ՀՀ կառավարությանը, դա երկու շաբաթ առաջ ընդունված Հասարակական կազմակերպությունների մասին օրենքն էր, որը երկրում ՀԿ-ների համար բոլորովին նոր հնարավորություններ է ձևավորում՝ թույլ տալով հասնել ավելի մեծ ֆինանսական անկախության և երկարաժամկետ կայունության: Մարդու իրավունքների ոլորտում շատ հուսադրող է Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն ստեղծելու Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը, որին աջակցել է ԱՄՆ դեսպանատունը. նաև նշեմ վերջին շրջանում Նախարարության կողմից թեժ գծի գործարկումը ծնողների համար, ուր նրանք կարող են զանգել իրենց որդիների նկատմամբ զինված ուժերում ցուցաբերվող վերաբերմունքի հետ կապված հարցերով ու մտահոգություններով:

Ուզում եմ նաև նշել, որ դեսպանատան փոքր դրամաշնորհների միջոցով մի շարք ՀԿ-ներ կարողացել են իրականացնել իրական տեղաշարժ ապահովող ծրագրեր. «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ-ը կազմակերպել է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ ուղղված շատ ուշագրավ արշավ սոցիալական հարթակներում. մի շարք ՀԿ-ներ, այդ թվում՝ «Կենդոյի ազգային ասոցիացիա», «Դասարան»,  «Հալեպ» ՀԿ-ներն իրականացրել են ծրագրեր միտված հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական ներառմանը:

Այս բոլոր հաջողությունները ցույց են տալիս, որ կան շատ կազմակերպություններ և շատ մարդիկ կառավարության ու քաղաքացիական հասարակության շարքերում, ովքեր խորապես հոգ են տանում այս հարցերի մասին և նվիրված են հայ հասարակության ներսում իրական փոփոխությունների կատարման գործին:

Բայց ինչպես ասացի, մենք նաև անհանգստության տեղիք տվող միտումների ենք ականատես եղել վեջին 15 ամիսների ընթացքում:

2015թ. դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի հետ կապված դեսպանատունը խորապես մտահոգ էր ընտրակեղծիքների մասին անկախ դիտորդների, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության արժանահավատ հաղորդումներով: Հանրաքվեից կարճ ժամանակ անց մենք հանդես եկանք հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը թափանցիկ քննություն ապահովել բոլոր այն գործերով, որտեղ առկա են կեղծումների մասին արժանահավատ ապացույցներ, և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին: Հանրաքվեից հետո դեսպանատունը հրապարակային հայտարարություն արեց և հստակ նշեց, որ հրապարակային տեղեկություններում ներկայացված տվյալները կօգտագործի, որպեսզի ընտրախախտումներ թույլ տված կամ ընտրություններին միջամտած անձինք հնարավորություն չունենան մասնակցել դեսպանատան ծրագրերին կամ միջոցառումներին: Թեպետ անձնական տվյալների գաղտնիության նկատառումները թույլ չեն տալիս տեղեկություններ տրամադրել այն անձանց մասին, ովքեր այս որոշման հետևանքներն են կրում, սակայն կարող եմ վստահեցնել, որ մենք այդ որոշմանը հետամուտ ենք եղել:

Սահմանադրական հանրաքվեից հետո ես ողջունեցի ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի հրապարակային հանձնառությունը: Ես համամիտ եմ նախագահ Սարգսյանի այն բնութագրման հետ, որ Հայաստանի վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով և հույժ կարևոր է, որ դրանք լինեն ազատ, արդարացի և հասարակությունը վստահություն ունենա արդյունքների վերաբերյալ: Վստահության արժանի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության հրապարակավ ստանձնած հանձնառությունը կյանքի կոչելու հարցում օգնելու համար ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի և ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների ապահովման համար, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև, ընդ որում՝ սա աննախադեպ համաձայնություն էր, որտեղ բոլոր կողմերը զիջումների էին գնացել: Այս միջոցների շնորհիվ հնարավոր կդառնան ընտրողների նույնականացումը՝ քվեարկության օրը և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը:

Թույլ տվեք սակայն հստակեցնել, որ այս հավելյալ միջոցներն ինքին ազատ ու արդարացի ընտրությունների երաշխիք չեն: Դրանք կարող են գործընթացը դարձնել առավել թափանցիկ, առավել դժվարացնել կեղծիքներ թույլ տալը, սակայն ընտրություններն իրապես ազատ ու արդարացի կլինեն, երբ կառավարությունը դրսևորի քաղաքական կամք՝ անցկացնելու նման ընտրություններ և երբ քաղաքական ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը հանդես գան երաշխավորելու այդ գործընթացը: Դրա բեռը կառավարության ու դրա բաղադրիչ հանդիսացող կառույցների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ ու դատական կառույցների ուսերին է, որպեսզի ձեռնարկեն համապատասխան միջոցներ և նպաստեն այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որտեղ մարդիկ կարող են քվեախցիկում ազատ արտահայտել իրենց կամքը: Միաժամանակ, ազատ և արդարացի ընտրության համար պահանջվում է նաև քաղաքացիական ներգրավվածություն ընտրական գործընթացներում՝ քաղաքական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության կողմից, ինչի համար էլ մենք անցած տարի ուրախ էինք տեսնել նրանց կառավարության հետ աշխատելիս և հուսով ենք, որ դրական ու կառուցողական համագործակցության այս ոգին կպահպանվի նաև ընտրությունների շրջանում և դրանից հետո:

Ազատ և արդարացի ընտրությունների կայացման համար կառավարությունը նաև պետք է ձևավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն ազատ են, անկախ ու առանց սահմանափակումների: Վերջերս մենք լսում ենք լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության վրա ճնշումները մեծացնելու մասին ակնարկներ, որոնք, կարծես թե, միտված են ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակմանը և գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում քննադատական դիրքորոշումները մեղմելուն: Եթե դա այդպես է, ապա շատ մեծ անհանգստության տեղիք է այն տալիս և կարող է առավել խաթարել մամուլի ազատության մասով Հայաստանի ցուցանիշը, որը գնահատվում է միջազգային կազմակերպությունների կողմից: Մենք լսել ենք կառավարության խոստումն ազատ և արդարացի ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության խոստումը գործընթացում կառուցողական դեր են խաղալու վերաբերյալ, և սա այն է, ինչին մենք համակ ուշադրությամբ կհետևենք առաջիկա մի քանի ամիսներին:

Թույլ տվեք այժմ անդրադառնալ անցած տարվա հուլիսի Էրեբունու դեպքերին: Դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Այնուհանդերձ, մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները: Այդ ժամանակ մենք մեր մտահոգությունները ներկայացրեցինք՝ նշելով, որ նման գործողությունները խախտում են մամուլի ազատության ու Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքները: Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել և կարևոր է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Մտահոգիչ է նաև մեկ այլ խնդիր, որն առավել շեշտադրվեց Էրեբունու դեպքերի համատեքստում. դա նախնական կալանքի օգտագործումն է կառավարության կողմից: Նախնական կալանքն օգտագործվում է աշխարհի շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի իրավական համակարգում, սակայն դա պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, երբ սպառված են բոլոր այլընտրանքային միջոցները, որոնք կարող են ապահովել, որ կասկածյալը փախուստի չդիմի և չմիջամտի քննության ընթացքին: Այն երբեք չպիտի գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք, իսկ երբ դատարանը սահմանում է նախնական կալանք, պետք է լիովին թափանցիկ ու իրավականորեն հիմնավորված պատճառներ լինեն: Անկեղծ ասած, Էրեբունու ու քաղաքական տեսանկյունից զգայուն գործերի հետ կապված, մեզ մտագոհում է նախնական կալանքի կիրառումը ցույցերին մասնակցություն ունեցած և զինված խմբին ոչ-ուժային աջակցություն ցույց տալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, ովքեր առնչություն չեն ունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ: Ուզում եմ հստակեցնել, որ այս գործերին ես անդրադարձ կատարելով նպատակ չունեմ որևէ դատողություն անել նրանց մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ, այլ ուզում եմ սոսկ շեշտադրել, որ նախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա: Եվ բեռը կրկին պատկան մարմինների ուսերին է, որպեսզի հիմքերն ակնառու լինեն կամ էլ հնարավորինս շուտ ապահովվի բաց դատաքննություն:

Իսկ այժմ, ես կանցնեմ մեր չորրորդ գերակայությանը, այն է` հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալիորեն ներկայացնելը: Ես սա առանձնացրեցի որպես գերակայություն, որովհետև շատ հայեր, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, և մարդիկ, ովքեր նախկինում այցելել են Նահանգներ կամ ապրել այնտեղ, նշում էին, որ չեն հասկանում ԱՄՆ քաղաքականությունը: Շատ առումներով սա հեշտ գործ չէ, եթե հաշվի առնենք հայաստանյան լրատվական դաշտի իրողությունները: Ամերիկյան ու արևմտյան լրատվական աղբյուրներից հայերը քիչ են օգտվում, ու թեպետ ինտերնետը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է ստանում, սակայն ամերիկյան լրատվամիջոցներից օգտվելու համար շատերին խանգարում է անգլերենի չիմացությունը: Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր խմբերի հետ, ինչպիսի օրինակ այս խումբն է, եղել եմ մի շարք համալսարաններում, դեսպանատան ամերիկացի անձնակազմը, մեր կրթական ծրագրերի շրջանավարտների հետ գործակցելով, արտաքին քաղաքականության տարբեր հարցերի են անդրադարձել Ամերիկյան անկյուններում, ես մի շարք հարցազրույցներ եմ տվել, ուղիղ ճեպազրույցներ ունեցել ֆեյսբուքում, ու նաև ակտիվ ենք եղել թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում: Ինձ հետաքրքիր կլինի լսել ձեր գնահատականն այս ուղղությամբ մեր աշխատանքների մասին և առաջարկները, թե ինչպես կարող ենք ավելին անել: Եթե կարծում եք, որ արժե ավելի լավ հասկանալ ԱՄՆ գործողություններն ու քայլերն աշխարհում, ապա հետևեք մեզ թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում, մեկնաբանություններ ներկայացրեք մեր հրապարակումների վերաբերյալ ու դրանք փոխանցեք ձեր շրջապատի մարդկանց:

Ամփոփելով նշեմ, որ ես հպարտ եմ այն աշխատանքներով, որ վերջին 15 ամիսների ընթացքում կատարել է դեսպանատունը նախանշած չորս գերակա ուղղություններով: Կարծում եմ ուշադրությունը որոշակի ոլորտների բևեռելու մեր որոշումը շահավետ էր, քանի որ դա թույլ տվեց դեսպանատանը ներկայացված տարբեր գերատեսչությունների ու գրասենյակների գործիքակազմն ու ռեսուրսները միավորել ու ձևավորել ստեղծարար ու փոխլրացնող ծրագրեր, որոնք կարող են տեղաշարժեր ապահովել այնպիսի ոլորտներում, որոնց ամեն օր առնչվում են շարքային քաղաքացիները: Մենք օգնել ենք ստեղծել աշխատատեղեր, ներգրավել նոր ներդրումներ, խոսակցություն սկսել հայ և ամերիկացի գործարարների միջև, ամերիկացի փորձագետներ ենք հրավիրել՝ աշխատելու կառավարության ու այլ գործարարների հետ այն ոլորտներում, որտեղ ամերիկյան փորձը կարող է օգտակար լինել: Անշուշտ, մեր ընթացքը շարունակվում է և բարելավումների տեղ շատ կա:

Արդեն իմ երկար խոսքի ավարտին եմ մոտենում, բայց մինչ այդ ուզում եմ նշել, որ Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, սակայն փոփոխության հետ մեկտեղ գալիս են նաև հնարավորություններ: Կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ նոր վարչակազմ է ձևավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով պետքարտուղարության մեր վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ նոր վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ուղեգծերն ու նրբությունները, մեր շահերի կարևորությունը Հարավային Կովկասում և մեր բարեկամությունն իր ողջ խորությամբ:

Շնորհակալ եմ ուշադրության համար, հետաքրության և բարեկամության համար: Երեկոյի հաջորդ մասում կարծում եմ առիթ կունենամ անձամբ զրուցել ձեզնից շատերի հետ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՀԱԱՊ-ին այս միջոցառումը կազմակերպելու ու մեզ հյուրընկալելու համար:

Շնորհակալություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter