
Հայաստանից դուրս հայկական օդանավերը «թեւեր են առնում»
«Հետքը» պարբերաբար գրել է, որ Հայաստանում գրանցված օդանավերը՝ բեռնատար, թե մարդատար, գլխավորապես աշխատում են արտերկրում, ինչը հետեւանք է մի շարք գործոնների, այդ թվում եւ՝ նրա, որ ՀՀ-ում ավիացիոն տնտեսվարողների համար միջավայրն այնքան բարենպաստ չէ, որքան արտերկրում:
2016-ի ապրիլի դրությամբ ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված էր 29 օդանավ, ինչը չնչին թիվ է մի ամբողջ երկրի պարագայում: Դրանց գերակշիռ մասն աշխատել է դրսում: Վիճակը չի փոխվել նաեւ այսօր:
Այն ժամանակ Հայաստանը չուներ գեթ մեկ ավիափոխադրող, ով պետական համապատասխան ատյաններից կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարելու թույլտվություն կունենար: Հիմա նման իրավունք ունեն «Արմենիան» եւ «Տարոն-Ավիան»: Սակայն առաջինը, որը վրացական կապիտալով ընկերություն է, Հայաստանում շահագործում է միայն մեկ հատ «Boeing 737-500» (գրանցման համարը՝ EK-73736), երկրորդ օդանավը, չնայած նույնպես գրանցված է Հայաստանում («Boeing 737-700», EK-73786), թռչում է Թբիլիսի-Մոսկվա գծով: Իսկ «Տարոն-Ավիայի» 3 հատ «Boeing 737-500»-ներից երկուսը (EK-73775 եւ EK-73772) 2015-ից վարձակալական հիմունքներով շահագործվում են սուդանական «Badr Airlines»-ի կողմից: Ընկերության 3-րդ նմանատիպ ինքնաթիռը Կոնգոյում եւ Սուդանում որոշ ժամանակ շահագործվելուց հետո հիմա, ըստ ավիացիոն տեղեկատուների, կանգնած է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
«Զվարթնոց» օդանավակայանում բավականին երկար ժամանակ պարապուրդի մատնված մեկ այլ հայկական ինքնաթիռ այսօր շահագործվում է Մոլդովայում: Խոսքը EK-32008 գրանցման համարով «Airbus 320-211»-ի մասին է: Այս օդանավին նախկինում տարբեր առիթներով անդրադարձել ենք: 2003-2013 թթ. այն գտնվում էր Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիայի» շարժակազմում: «Արմավիայի» անկումից հետո դրա շահագործող գրանցվեց հայկական «Atlantis European Airways» ընկերությունը, որը պատկանում է ՔԱԳՎ պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին: Իսկ օդանավի սեփականատերը «Յունիբանկն» է, որը սնանկացած «Արմավիայի» գլխավոր պարտատերերից է:
ՔԱԳՎ-ում «Atlantis»-ի անունով գրանցված օդանավն այդպես էլ չշահագործվեց՝ միայն հատուկենտ տեխնիկական թռիչքներ կատարելով: Հիշեցնենք, որ Մարությանի՝ օդանավ շահագործողի վկայական եւ IATA-ի ու ICAO-ի կոդեր ունեցող ավիաընկերությունը բավարարվում է համատեղ (codeshare) թռիչքներ կատարելով «Ավստրիական ավիաուղիների» հետ (նախկինում՝ նաեւ «Չեխականի»), այսինքն՝ հայկական ընկերությունը միայն տոմսեր է վաճառում:
Ավիացիոն տեղեկատուները հայտնում են, որ 2016-ի օգոստոսից EK-32008-ը վարձակալական հիմունքներով մոլդովական «Fly One» ավիաընկերության տրամադրության տակ է: Եթե ինքնաթիռը կրում է հայկական համար, ուրեմն գրանցված է ՀՀ-ում եւ, ըստ էության, հենց «Atlantis»-ի պատասխանատվության ներքո է: Իրավիճակը նման է «Տարոն-Ավիայի» օդանավերի պարագային, որոնք Աֆրիկայում շահագործվում են հայկական անձնակազմերի կողմից: Նման վարձակալությունը, երբ օդանավը, անձնակազմը, տեխսպասարկումն ու ապահովագրությունը մատակարարի՝ վարձով տվողի պատասխանատվության տակ են, կոչվում է «թաց լիզինգ»:
«Fly One»-ը, ի տարբերություն 1999-ին հիմնադրված «Atlantis»-ի, երիտասարդ ընկերություն է, ստեղծվել է 2015-ի սեպտեմբերին Քիշնեւում, իսկ արդեն 2016-ի մարտին ստացել օդանավ շահագործողի վկայական ու ապրիլից սկսել թռիչքները: Ընկերությունը, ըստ պաշտոնական կայքի, ներկայում շահագործում է 13 ուղղություն, որոնք մեծ պահանջարկ ունեն: Ըստ մոլդովական մամուլի՝ այս նորաթուխ ընկերությանը տրված նման հնարավորությունը մեծապես վնասում է ազգային ավիափոխադրող «Air Moldova»-ի շահերին: Բայց հետաքրքիրն այն է, որ «Fly One»-ը ունի ընդամենը 3 ինքնաթիռ, որոնցից երկուսը վարձակալված են Հայաստանից եւ Լիտվայից:
Իսկ ընկերության առաջընթացի գաղտնիքներից մեկն այն է, որ դրա հիմնադրման ժամանակ 40-ական տոկոսի բաժնետեր են եղել Մարիա Չեբոտարը, որը Մոլդովայի արդարադատության նախարարի կինն է, եւ Տուդոր Կարաբաջակը, որին կապում են երկրի քաղավիացիայի գերատեսչության նախկին ղեկավար Միրչա Մալեկայի հետ: Մնացած 20 տոկոսի սեփականատերը ռումինացի օդաչու Նիկու-Ադրիան Բերլան է: Անցյալ աշնանը մոլդովական մամուլը գրեց, որ նախարարի կինն իր 40 տոկոսը փոխանցել է Անդրեյ Ցուրկանին, ով նախարար Վլադիմիր Չեբոտարի հետ նախկինում աշխատել է «Air Moldova»-ում:
Ներկայում հայկական EK-32008-ը Քիշնեւից չվերթներ է կատարում տարբեր ուղղություններով: Հարց է ծագում՝ ավելի լավ է, որ ՀՀ գրանցում ունեցող օդանավը մնա Հայաստանում, բայց չշահագործվի՞, թե՞ օտար երկնքում ծառայի իր վարձակալին՝ անմասն չթողնելով նաեւ հայ տերերին: Պատասխանն ակնհայտ է:
Լուսանկարում՝ մոլդովական փոխադրողի հայկական օդանավը՝ Մոսկվայում (Դմիտրի Օսիպով, airliners.net)
Մեկնաբանել