
«1000 դրամների» օրենքը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հաշվապահներին ու գործատուներին
Այս տարվանից Հայաստանում ուժի մեջ է մտել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը, որը հանրության շրջանում առավել հայտնի դարձավ «1000 դրամների» օրենք անվանումով։ Հունվարից գործատուներն իրենց աշխատակիցների աշխատավարձերից 1000-ական դրամներ պետք է գանձեն, որը համարվում է պարտադիր վճար և փոխանցֆեն նշված օրենքի շրջանակներում ստեղծված Հիմնադրամին։ Հիմնադրամը կառավարելու է ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ): Սակայն մի շարք գործատուների և հաշվապահների օրենքը երկընտրանքի առաջ է կանգնեցրել։ Ըստ իրենց՝ թերի ու հակասական կողմեր կան։
Հաշվապահ Արաքսյա Համբարձումյանն, ով ևս բախվել է այդ խնդիրներին, «Հետք»-ի հետ զրույցում երեք-չորս մաս առանձնացրեց օրենքի այն հատվածներից, որոնք իր խոսքով՝ հստակ ձևակերպված չեն և երկընտրանքի առաջ են կանգնեցնում վճարները կատարելիս։
Օրինակ՝ օրենքի Հոդված 11-ի 3-րդ մասում նշվում է, որ այս 1000 դրամները չեն վճարում այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և ստանում են նվազագույն աշխատավարձ (տես ներքևում գտնվող պատկերի 1-ին էջում)։ Նրանց փոխարեն վճարում է կամ գործատուն՝ սեփական գրպանից, կամ պետական բյուջեից, կամ համայնքի բյուջեից։
Սակայն, ըստ հաշվապահի, այստեղ պարզ չէ խոսքը միայն հաստիքային աշխատողների՞ն է վերաբերում, թե՞ նաև ժամային ու գործարքային պայմանագրով աշխատողներին։ Ի՞նչն է խնդիրը։ ՀՀ նվազագույն աշխատավարձն, ըստ նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքի, 55 հազար դրամն է։ Բայց կա նաև ժամային նվազագույն աշխատավարձի չափ՝ 330-550 դրամ (ՀՕ-66-Ն 2003թ, տես պատկերի 3-րդ էջում)։ Եթե հաստիքային աշխատողի դեպքում օրենքի սահմանումը պարզ է, ապա ժամային և գործարքային պայամանագրով աշխատողի պարագայում, Ա. Համբարձումյանի խոսքով, հակասություններ են առաջանում։
«Ենթադրենք աշխատակցի հետ կնքվում է ժամային աշխատանքային պայմանագիր, և նրա 1 ժամ աշխատանքը նվազագույնից բարձր է սահմանվում, օրինակ՝ ոչ թե 330-550 դրամ մեկ ժամի համար, այլ օրինակ՝ 10 000 դրամ։ Աշխատակիցն ամսվա մեջ աշխատել է ընդամենը 5 ժամ։ Նրա ամսական աշխատավարձը կկազմի 50 000։ Այսինքն՝ չի կազմում 55 000 դրամ։ Հարց՝ նրա աշխատավարձից 1000 դրամ գանձվելու՞ է, թե՞ ոչ։ Օրենքը վերաբերու՞մ է ժամային պայմանագրով աշխատողին, թե՞ ոչ։ Հարկավոր է հստակեցնել նվազագույն աշխատավարձի հասկացությունը՝ ժամայինի, գործարքայինի և հաստիքայինի դեպքում։ Որովհետև եթե ես ժամայինի դեպքում նվազագույնից բարձր շեմ եմ դրել աշխատակցի համար, ապա պետք է վճարեմ այս հարկը։ Ինձ Պաշտպանության նախարարությունից ուղղորդեցին Կենտրոնական բանկ, բայց այդպես էլ հստակ պատասխան չստացա։ Այսինքն՝ եթե դուք հաստիքի վրա եք շեշտը դնում որպես նվազագույն աշխատավարձի չափ, այդ դեպքում գործարքային ու ժամային էլ գոյություն ունի. ի՞նչ անել նրանց պարագայում։ Ես հիմա ժամային աշխատողին ինչպես բացատրեմ, որ՝ քո 50 000 դրամ աշխատավարձից պետք է պահեմ։ Աշխատողն էլ ինձ կարող է ասել՝ ոչ, ես 55 000 դրամ չեմ ստանում, իսկ օրենքով նվազագույն աշխատավարձն այդքան է, ինչու՞ եք ինձանից գանձում»,- նշում է Ա. Համբարձումյանը։
Հատվածներ օրենքից by Seda Hergnyan
Օրենքի Հոդված 11-ի 3-րդ մասի կապակցությամբ, ըստ հաշվապահի, ևս հակասություններ կան։ Ինչպես նշեցինք, ըստ օրենքի՝ 1000 դրամները չեն վճարում այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և ստանում են նվազագույն աշխատավարձ։ Այսինքն՝ շեշտվում է մեկ աշխատանքային պայմանագիրը։ «Այստեղ ևս խնդիր կա՝ ինչպե՞ս պարզել, թե այն մարդը, որն ինձ մոտ աշխատում և ստանում է նվազագույն աշխատավարձ, քանի՞ գործատուի մոտ ունի էլի նման պայմանագիր և ստանում է նվազագույն աշխատավարձ»,- նկատում է Ա. Համաբարձումյանը։
«Մյուս հարցը՝ այս դեպքում 1000 դրամը համախառն դառնում է 1323 դրամ։ Այսինքն՝ այդ գումարը եկամտային հարկով հարկվում է։ Եթե նվազագույն աշխատավարձ ստացողների պարագայում այդ 1000 դրամը վճարում է գործատուն (ըստ օրենքի՝ աշխատողների թիվը բազմապատկած 1000 դրամով), արդյոք չի առաջանում հակասություն և անհավասար պայմաններ»,- ասում է հաշվապահը:
Մյուս հակասությունն, ըստ նրա, վերաբերում է գործարքային աշխատավարձին։ Ա. Համբարձումյանի խոսքով՝ նրանց դեպքում չկա նվազագույն աշխատավարձի սահմանաչափ։ Օրինակ՝ աշխատակցի կատարած աշխատանքը ամսական կտրվածքով գործարքայինով կազմել է ընդամենը 5 հազար դրամ։ Եվ պարզ չէ՝ նրա այս գումարից 1000 դրամ պետք է պահել, թե՞ ոչ։ «Աշխատակիցն էլի կարող է գալ ու ասել՝ ես ստանում եմ ամսական 10 կամ 30 հազար դրամ, ինչու՞ եք ինձանից գումար գանձում»,-ասում է Ա. Համբարձումյանը։
Եվ չորրորդ խնդիրն, ըստ հաշվապահի, հավելյալ գանձված 1000 դրամներին է առնչվում։ Թեև այստեղ օրենքի մասով հակասություններն չկան, սակայն Ա. Համբարձումյանը կարծում է, որ այն լրացուցիչ քաշքշուկի պատճառ է դառնալու աշխատակիցների համար։ Օրենքը սահմանում է (տես պատկերի 2-րդ էջում), որ եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա նա սահմանված կարգով և ժամկետներում պետք է դիմի Հիմնադրամ՝ մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարները հետ ստանալու համար: Այսինքն՝ նախ բոլորի դեպքում գանձվում է 1000 դրամը, հետո՝ աշխատակիցը պետք է դիմի Հիմնադրամ գումարը ետ ստանալու հարցով։ «Օրինակ՝ 4 տեղ է աշխատում, 4-ից էլ պետք է պահվի։ Հետո նոր աշխատակիցը պետք է գնա հարկային, տեղեկանք վերցնի, գնա Հիմնադրամ և նոր այդ 1000 դրամները ետ վերցնի։ Ընդ որում՝ տարվա վերջում պետք է վերցնել։ Նախ, ինչու պետք է աշխատակիցն իր գումարները «քնեցնի» այդքան ժամանակ, և հետո՝ հաստատ շատերը չեն ընկնի այդ գլխացավանքի տակ ու այդպես էլ նրանց գումարները հետ չեն գա։ Նախագծի վերջին ընթերցմամբ սա փոխվեց։ Իսկ դրանից առաջ գրված էր, որ մի գործատուից, ով պահում է գումարը, տեղեկանք ես վերցնում ու տալիս մյուս քո գործատուներին, որ նրանք այդ գումարը չգանձեն»,- նկատում է հաշվապահը։
Կենտրոնական բանկից (ՀՀ ԿԲ) «Հետք»-ը պարզաբանում խնդրեց՝ արդյոք օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները (1000 դրամները չեն վճարում այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և ստանում են նվազագույն աշխատավարձ) վերաբերում են ժամավճարով և գործարքային պայմանագրով աշխատող անձանց, թե՞ միայն հաստիքային աշխատողների։
Ի պատասխան տեղեկացրին, որ դրույթները վերաբերում են աշխատանքային պայմանագրով աշխատող բոլոր անձանց՝ հաստիքային, ամբողջ կամ կես դրույքով աշխատող, ժամավճարով կամ գործավարձով աշխատանքային պայմանագրով աշխատողներին:
ԿԲ-ից հավելյալ պարզաբանում խնդրեցինք՝ ժամային և գործարքային աշխատողների դեպքում, եթե նրանց աշխատավարձը սահմանված չէ նվազագույն չափով, սակայն ամսական կտրվածքով չի էլ հասնում 55 հազար դրամի, նրանցից գանձվելու՞ է 1000 դրամ, թե՞ ոչ։ Օրինակ՝ եթե ժամային աշխատողի համար գործատուն 1 ժամը սահմանել է ոչ թե նվազագույն 330 դրամն, այլ՝ օրինակ 900 դրամ, բայց աշխատակիցն ամսվա ընթացքում աշխատել է ընդամենը 8 ժամ և նրա ամսական աշխատավարձը կազմել է 7200 դրամ. նրանից 1000 դրամ գանձվելու է, թե՞ ոչ։
Այս հարցի վերաբերյալ ԿԲ-ից պատասխանել են. «Եթե գործատուի և աշխատակցի միջև կնքված աշխատանքային պայմանագրում ի սկզբանե ամրագրված է, որ աշխատանքը վարձատրվելու է ժամավճարով, և աշխատանքային պայմանագրով սահմանված` 1 ժամվա համար վճարման ենթակա գումարի չափը գերազանցում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափը, ապա տվյալ աշխատողն իր հաշվին պետք է վճարի դրոշմանիշային վճար` անկախ այն հանգամանքից, թե փաստացի որքան գումար է նա ստանում տվյալ ամսում:
Եթե աշխատանքային պայմանագրով սահմանված` 1 ժամվա համար վճարման ենթակա գումարի չափը չի գերազանցում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափը, ապա աշխատողի փոխարեն դրոշմանիշային վճար պետք է վճարի գործատուն` սեփական միջոցներից»։
Կենտրոնական բանկը հստակ «այո» կամ «ոչ» պատասխան չի տվել մեր ներկայացրած օրինակին, սակայն պատասխանից ստացվում է, որ աշխատակցի 7200 դրամ աշխատավարձից պետք է գանձվի 1000 դրամը։ Այդ դեպքում արդյոք անհավասարություն չի՞ առաջանում, երբ հաստիքային պայմանագրով նվազագույն աշխատավարձ ստացողի 55 000 դրամից չի գանձվում, սակայն ժամային պայմանագրով աշխատակցի 7200 դրամից գանձվում է։ Իսկ, ահա, գործարքային պայմանագրով աշխատողների դեպքում հստակություն չկա. օրենքը նրանց մասով մնում է անհասկանալի։
Բացի վերը նշվածներից, ըստ հաշվապահների, օրենքում վիճելի այլ դրությաներ էլ կան։ Օրինակ՝ արձակուրդային վճարների կապակցությամբ։ Նշված և մնացած հարցերի շուրջ Կենտրոնական բանկից հստակություն է անկնալվում։
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել