Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Դատավորին` ինքնաբացարկ, դատախազին`բացարկ. 58-ամյա Եղիշե Խաչատրյանին սպանելու մեջ մեղադրվողները դժգոհ են քրեական գործի քննությունից



Արաքս Մամուլյան

58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով աբաստանյալների պաշտպաները երեկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին դատախազ Վարդգես Սարգսյանին` բացարկի, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Պաշտպանական կողմը դժգոհ է գործով արդեն ավարտված նախաքննությունից ու սկսված դատական գործընթացից:

Հիշեցնենք. խոսքը 2016-ի հուլիսի 4-ին Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին է: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն՝ այդ օրը` ժամը 23:00-ի սահմաններում, մի խումբ անձինք վիճաբանել են Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր` Էմմա Աբրահամյանի ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է: Ըստ գործի նյութերի՝ այս միջադեպի ընթացքում տուժել է նաև Էմմա Աբրահամյանը: Վերջինիս ևս հարված է հասցվել, որի հետևանքով 75-ամյա կինն ընկել ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ ստացել:

Գործով մեղադրվում են 5 անձինք՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը:

Վերջիններս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7 և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Այսօրվա դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը: Վերջինս հիմնավոր կասկած հայտնեց, որ դատավորն իր պաշտպանյալի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունի: Փաստաբանը, հղում կատարելով քրեական դատավորության օրենսգրքին, նշեց, որ գործը վարույթ ընդունելուց հետո դատարանը պարտավոր է դատավարության բոլոր կողմերին տեղյակ պահել այդ մասին՝ տեղեկացնելով միջնորդություններ, դիմում- բողոքներ դատարան ուղարկելու կարգի ու ժամկետների և առհասարակ նրանց այլ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որը, սակայն, դատարանը պատշաճ կերպով չի կատարել: Նադիրյանն ընդգծեց, որ այս գործով առաջին դատական նիստի մասին ինքը տեղեկացել է ոչ թե դատարանից, այլ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Դատարանի կողմից  դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիրը պաշտպանը  ստացել է դատից միայն երկու օր անց:

Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը, Նադիրյանի միջնորդությանը միանալով, նշեց, որ այս դատարանի կողմից իր պաշտպանյալի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի դրսևորման ինքը ևս բախվել է: Քոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը նախաքննության ընթացքում կայացրել է հենց Աննա Դանիբեկյանը: Պաշտպանի խոսքով՝ կալանքի վերաբերյալ դատական նիստին Դանիբեկյանը հայտարարել է խորհրդակցական սենյակ հեռանալու մասին, ապա առանց հեռանալու ընդամենը 23 վայրկյան անց հրապարակել որոշումը:

Նադիրյանի միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Մեղադրող դատախազը, տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ու վերջինիս ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն առարկեցին միջնորդության դեմ:

Փառանձեմ Մեյթիխանյանը նշեց, որ դատական նիստի օրվա և ժամի մասին ինքը ևս ուշ է ծանուցվել, և դա չի կարելի համարել դատարանի կողմից դատավորության որևէ կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի դրսևորում:

Դատարանը, խորհրդակցական սենյակում քննարկելով միջնորդությունը, մերժեց այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատախազ Վարդգես Սարգսյանի դեմ բացարկի միջնորդությունը ներկայացրեց Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ դատախազը աչք է փակել գործի նախաքննության ընթացքում քննիչի կողմից թույլ տված մի շարք դատավարական խախտումների վրա:

Ըստ Պողոսյանի՝ գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազն անտեսել է նաև իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ իր հայտնած հանգամանքները:

Մասնավորապես, ըստ Պողոսյանի՝ Չիտչյանի մոտ հոգեբանական և հոգեբուժական որոշակի խնդիրներ են եղել, վերջինս դեռևս դեպքից ամիսներ առաջ՝ 2016-ի ապրիլին, դիմել է հոգեբույժի օգնությանը:

«Մեղսագրվող արարքի պահին Չիչոյանն առնվազն հոգեբույժի ախտորոշում է ունեցել, և դրանով, ինչպես նաև այլ հանգամաններով պայմանավորված, եղել է հոգեբանական լարված վիճակում, ինչը կարող էր էականորեն ազդել նրա գործողություների վրա»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ իրենք միջնորդել են Չիչոյանի նկատմամբ դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակել, ինչը քննիչը մերժել է՝ հիմնվելով միայն այն հանգամանքների վրա, որ Չիտչյանը «Նորք» հոգեբուժական կենտրոնում, Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում հետազոտման մեջ չի գտնվել և ունի վարորդական վկայական:

Ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ևս դատախազին բացարկի առանձին միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանը ընդգծեց, որ դատախազն անտեսել է իր պաշտպանյալին արդարացող ապացույցներն ու դատարան ուղարկել նրանք, որոնք մեղադրական թեքումով են: Մասնավորապես՝ Նադիրյանի խոսքով՝ դատակոչի ցուցակում չեն ընդգրկվել այն վկաները, որոնք իր պաշտպանյալի անմեղությունն ապացուցող ցուցմունքներ են տվել:

Բացի այդ, ըստ Նադիրյանի, իր պաշտպանյալը այլուրեքություն է հայտնել, որի իսկությունը պարզելու համար գործողություններ են կատարվել միայն իր պաշտպանյալի ցուցմունքից 35 օր անց:

Պաշտպան Վաչագան Քոսյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ մեղադրող դատախազը ոչ թե այս կամ այն ամբաստանյալի, այլ առհասարակ այս քրեական գործի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունի:

«Եղիշեն ինքն իրեն ընկավ ու մեռավ»,- պաշտպանական կողմի հայտնած դիրքորոշումներից ու միջնորդություներից հետո պոռթկած տուժողի իրավահաջորդը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հաջորդ դատական նիստին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ