HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աստանա Էքսպո-2017. ինչպես է պատրաստվում Հայաստանը

Հայաստանը կներկայանա «Աստանա Էքսպո-2017»-ին։ Սա համաշխարհային ցուցահանդես է, որին ներկայանալու մասին Հայաստանում երկար մտածեցին։ Նախ 2015 թվականի ապրիլին, երբ Էկոնոմիկայի նախարարը Կարեն Ճշմարիտյանն էր, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որ Հայաստանը մասնակցելու է։

Շուրջ մեկ տարի անց՝ 2016-ի փետրվարին, որոշումը  չեղյալ ճանաչվեց: «Խնդիրն այն է, որ օգուտների ու ծախսերի հաշվարկը վկայում է այն մասին, որ աննպատակահարմար է այս ցուցահանդեսին մասնակցությունը»,- ասաց այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Միանսյանը։ Իսկ, ահա, 2016-ի դեկտեմբերին կառավարությունը վերջնական նոր որոշում կայացրեց՝ մասնակցել։

Ցուցահանդեսին Հայաստանի հավուր պատշաճի մասնակցությունն ապահովելու համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավոր հանձնակատար նշանակեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին։ Իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամը հանդիսանալու է ազգային օպերատորը։

«Աստանա Էքսպո-2017»-ը համաշխարհային ցուցահանդեսների շարքից է, որոնք պարբերաբար անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում՝ կրելով տարբեր խորագրեր։ Դրանց շրջանակներում ներկայացվում են երկրների վերջին ձեռքբերումները` տնտեսության, գիտության և այլ ոլորտներում։ Նման ցուցահանդեսներ անցկացվում են դեռևս 1850-ականներից։

«Աստանա Էքսպո-2017»-ը կայանալու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այն կրելու է «Ապագայի էներգիա» խորագիրը։ Կտևի երեք ամիս՝ հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը։ Սպասվում է, որ երկրները կներկայացնեն իրենց վերջին ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման բնագավառում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնք կրում են այդ զարգացումները։ Արդեն իսկ իրենց մասնակցությունն  են հաստատել 100-ից ավելի երկրներ։

Ո՞ր փուլում են Հայաստանի նախապատրաստական աշխատանքներն, ի՞նչ ենք պլանավորել ցուցացրել Աստանայում, ի՞նչ ծախսեր են սպասվում և ի վերջո՝ ի՞նչ կտա այս ցուցահանդեսը Հայաստանին։ Հարցերի շուրջ «Հետք»-ը զրուցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի հետ։

լուսանկարը` Հայաստանի զարգացման հիմնադրամի

- Ներկայում ո՞ր փուլում են հայկական կողմի աշխատանքները։

- Մենք նոր ենք սկսել այդ ուղղությամբ աշխատանքները, քանի որ մասնակցության որոշումն ընդունվել է դեկտեմբերին, իսկ պայմանագիրը՝ ստորագրվել շուրջ 15 օր առաջ։ Դա բավականին ժամանակատար և աշխատատար գործընթաց է։ Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում, որոնց ներգրավվել են նաև շահագրգիռ մյուս գերատեսչությունները, որ հստակեցնենք հայկական տաղավարի բովանդակությունը։ Ծրագիրը մշակվում է։

- Երկրներ կան, որ շատ ավելի վաղ են որոշում կայացրել և սկսել պատրաստվել ցուցահանդեսին։ Իսկ Հայաստանը միայն 1-2 ամիս առաջ որոշում ընդունեց։ Ժամանակը բավականացնու՞մ է։

- Այո։ Կարծում եմ՝ ժամանակը կբավականացնի։ Ամեն ինչ ընթանում է նորմալ։ Դեռևս հստակեցված չէ, թե ինչ կազմով և ինչպես է ներկայանալու Հայաստանը։ Վերջնական որոշումը կկայացվի միջգերատեսչական աշխատանքային  խմբի շրջանակներում։ Հիմա նաև բանակցություններ են ընթանում ղազախական կողմի հետ, քանի որ որոշակի ծախսեր, որոնք պետք է աներ հայական կողմը, ղազախական կողմն իր վրա է վերցրել։

- Այնուամենայնիվ, ենթադրվում է՝ արդեն նախանշված են ոլորտներ, որոնք կշեշտադրի Հայաստանը։ Որո՞նք են լինելու դրանք և որքա՞ն տարածք է մեզ տրամադրվելու։

- Սա ոչ թե կոնկրետ ոլորտի ցուցահանդես է, այլ երկրի իմիջը ներկայացնելու։ Մեզ տրամադրվելու է 36 քմ տարածք տաղավարի համար և ևս 25 քմ հավելյալ տարածք։ Այսինքն, մենք պետք է փորձենք մեզ հատկացված տարածքում ներկայանալ՝  մեր բոլոր առավելություններով հանդերձ։ Մենք պետք է այնպես ներկայանանք, որ այցելուն, տեսնելով Հայաստանի տաղավարը, պատկերացում կազմի մեր տնտեսության մասին։ Քանի դեռ ծրագիրը հաստատված չէ, չեմ կարող կոնկրետ նշել, թե որ ոլորտներով կներկայանանք։ Առայժմ կարող եմ նշել երեք ոլորտները՝ ճշգրիտ ճարտարագիտությունը, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ զբոսաշրջությունը և ոսկերչությունը։ Տաղավարը գործելու է երեք ամիս։ Անընդհատ Հայաստանը պետք է ներկայացուցիչ ունենա այնտեղ։ Նաև նախատեսվում է, որ ցուցահանդեսի շրջանակներում կանցվակվի Հայաստանի ազգային օր։ Բոլոր երկրներն ունենալու են իրենց ազգային օրերը։

- Մասնակցության ցանկություն հայտնող կազմակերպություններ կա՞ն։ Մասնավոր հատվածի հետ աշխատու՞մ եք։

- Այո։ Նաև իրենց  հետ ենք աշխատում, որպեսզի բովանդակությունը ճիշտ ձևավորվի։ Որոշակի հետաքրքրության կա մասնավոր հատվածի կողմից։

- Իսկ որքա՞ն գումար կծախսի Հայաստանը «Աստանա Էքսպո-2017»-ին ներկանալու համար։

- Քանի դեռ մեր աշխատանքներն ու բանակցություններն ընթացքի մեջ են, չենք կարող ասել, թե կոնկրետ որքան գումար կծախսվի։ Ինչպես ասացի, բանակցում ենք ղազախական կողմի հետ, որովհետև ծախսերի որոշ մաս իրենք իրենց վրա են վերցնում։ Օրինակ՝ տաղավարն անվճար են տրամադրում։

- Ցուցահանդեսին մասնակցելու որոշումից առաջ հաշվարկներ չե՞ն կատարվել։ Չէ՞ որ մինչև այս վերջին որոշումը՝ շուրջ մեկ տարի առաջ, նախարար Արծվիկ Միանասյանը հայտարարեց, որ չենք մասնակցելու, քանի որ օգուտների ու ծախսերի հաշվարկը վկայում է, որ մասնակցությունն աննպատակահարմար է։

- Հաշվարկներ արվել են, սակայն ես այս պահին կոնկրետ ցուցանիշներ հնչեցնելու իրավասություն չունեմ, քանի որ հստատված չեն դրանք։ Որոշ ժամանակ անց արդեն մենք ձեր տված հարցերին առավել հստակ անդրադառնալու հնարավորություն կունենանք։

- Իսկ մասնակցության նպատակահարմարության մասին ի՞նչ կասեք. ինչու Հայաստանը որոշեց, այնուամենայնիվ, մասնակցել։

- Չեմ կարող ասել։ Որոշողը կառավարությունն է։ Բայց կարծում եմ, որ Հայաստանը պետք է մասնակցի նման ցուցահանդեսների։

- Ոչ միայն «Աստանա Էքսպո-2017»-ի, այլև բոլոր միջազգային ու խոշոր միջողառումների ժամանակ էլ այդ տեսակետը հնչում է, որ ավելի շատ ծախսում ենք, քան ստանում։ Ի՞նչ կստանա Հայաստանն այս ցուցահանդեսից։

- Դա առարկայական ինչ-որ բան չէ, կոնկրետ չափելի բաներ չենք կարող նշել։ Կարող է հենց այդ պահին արդյունքը չերևա, բայց ժամանակի ընթացքում հետևանքներ ունենում է։ Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում։ Շա կարևոր է Հայաստանի տնտեսության առաջընթացների ցուցադրումը։ Բավականին շատ քանակի երկրներ են մասնակցում։ Նրանց հետ կապեր են հաստատվում։

- Մասնակից երկրների շարքում կա՞ն այնպիսիք, որ առավել մեծ փորձ ունեն համաշխարհային ցուցահանդեսներում։

- Ես չէի առանձնացնի փորձառուների և ոչ փորձառուների։ Հայասատանը ևս փորձ ունի։ Առաջին անգամ չէ, որ մասնակցում ենք։ Մասնակցել ենք նաև Շանհայում, Հարավային Կորեայում և Հանովերում տեղի ունեցած ցուցահանդեսներին։

- Վերջնական ե՞րբ պաստրատ կլինի Հայաստանը էքսպոյին ներկայանալու համար։

- Վերջանական ասելը հարաբերական է այս դեպքում։ Այս գործընթացն անընդհատ շարունակվելու է՝  և մինչև ցուցահանդեսի բացումը, և ցուցահանդեսի երեք ամիսների ընթացքում։ Օրինակ՝ ազգային օրը չի լինելու ցուցահանդեսի բացման օրը։ Ընթացքում պետք է համաձայնեցվի օրը, կազմակերպչական աշխատանքները։ Այսինքն՝ մինչև ցուցահանդեսի ավարտն անընդհատ աշխատանքներ են տարվելու։  Սա սովորական նեղոլորտային ցուցահանդես չէ։ Ավելի երկարատև պրոցես է։ Երկիրն է ներկայանում։

Գլխավոր լուսանկարը՝ kapital.kz-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter