
Բարձր ռիսկայնությամբ սննդամթերք՝ առանց անվտանգությունը հաստատող հավաստագրման նշանի -2
Մենք վերջերս հոդված էին հրապարակել, որտեղ ներկայացրել էին շուկայում վաճառվող բարձր ռիսկայնությամբ մի շարք սննդամթերքներ, որոնց վրա բացակայում էր Եվրասիական համապատասխանության՝ EAC նշանը (այս նշանը հավաստում է, որ ապրանքն անցել է շուկայում հայտնվելու համար նախատեսված բոլոր փուլերը, փորձաքննվել է ու անվտանգ է) :
Ապրանքների՝ EAC նշանի բացակայության վերաբերյալ մենք հարցում էինք ուղարկել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել դրանց ներկրման, անվտանգության, սահմանված տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության հավաստագրի , ինչպես նաև՝ շուկայում առանց անվտանգությունը հավաստող նշանի հայտնվելու պատճառների մասին։ ՍԱՊԾ-ն հայտնել է, որ հարցերին կպատասխանի մինչև 30 օր ընկած ժամանակահատվածում:
Մինչ այդ, մենք խանութներում հայտնաբերել ենք EAC նշան չունեցող մի շարք այլ ապրանքներ:
Այս անգամ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ապրանքը ներկրող ընկերություններից:
Սկումբրիայի ֆիլե՝ տոմատի սոուսով: Արտադրող՝ «ԳԱՄՄԱ-Ա» ՍՊԸ, Հայաստան է ներկրում «Պոլիտան» ընկերությունը: Այս ընկերության կողմից ներկրվող սննդամթերքից մեկին անդրադաձել էինք նաև մեր նախորդ նյութում:
Ապրանքի վրա բացակայումէ EAC նշանը: Առկա է միայն РСТ (ростест), նշանակում է, որ այն անցել է համապատասխանության հավաստման գործընթաց՝ ըստ ռուսական ստանդարտների (ГОСТ Р)։ РСТ նշանն ունենալը կամավոր է:
«Պոլիտան» ընկերության ներմուծման հարցերով զբաղվող Աննա Թավդյանը մեզ հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե ինչու է իրենց ընկերության կողմից ներկրվող մի շարք ապրանքների վրա բացակայում EAC նշանը, սակայն ասաց, որ իրենք բոլոր սերտիֆիկատնեն ունեն, ու ոչ մի խնդիր մինչ այս պահը չի առաջացել: «Մենք բոլոր պայմաններին համապատասխանում ենք, հակառակ դեպքում՝ սերտիֆիկատ չէին տա մեզ»,- ասաց նա:
Պահածոյացված այս յուղով թունան ևս ներկրում է «Պոլիտան» ընկերությունը: Արտադրող՝ «ԳԱՄՄԱ-Ա» ՍՊԸ:
Ինչպես նախորդ դեպքում, այս ապրանքի վրա ևս բացակայումէ EAC նշանը: Առկա է միայն РСТ նշանը:
Բացի այդ, մակնշումը դժվարընթեռնելի է: Սա կարող է պայմանավորված լինել նաև իրացման կետում առկա մի շարք հանգամանքներով, սխալ տեղակայությամբ և այլն:
Շպրոտ յուղով: Այստեղ հայերեն մակնշման մեջ արտադրողի և ներմուծողի մասին ինֆորմացիան բացակայում է (հավանաբար՝ կտրված է):
Սա ՄՄ ՏԿ 022/2011 («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») պահանջների խախտում է, քանի որ այդ այդ տեղեկությունների՝ մակնշման մեջ լինելը պարտադիր է:
«Riga Gold» ապրանքանիշի, հավանաբար, պահածոյացված որևէ ձկնատեսակ:
Ապրանքի վրա ոչ միայն չկա EAC-ի նշան, այլև բացակայում է
հայերեն մակնշումը, ինչը տեխնիկական մի շարք կանոնակարգերի, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է:
Սպառողը նախքան սննդամթերքը գնելը հնարավորություն չունի ծանոթանալու՝ թե ինչ է գնում:
Կասկածելի է նաև սննդի որակն ու անվտանգությունը: Արդյո՞ք այս սննդատեսակն անցել է փորձաքննություն, եթե անցել է, ինչու՞ չունի հայերեն մակնշում:
Ելակի կաթնային յոգուրտ՝ ներկրված Իտալիայից: Արտադրող՝ «Ստերիլգարդա» ՍՊԸ (մակնշման մեջ կա վրպակ՝ ՍՊԱ), ներմուծող՝ «Անդակո» ՍՊԸ: Այս ընկերության ապրանքների մասին նախորդ նյութում մենք ևս գրել էինք:
Բացի EAC նշանի բացակայությունից, կա նաև մակնշման խախտում. չեն պահպանվել ՄՄ ՏԿ 022/2011 («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») պահանջները:
Նախ՝ բացակայում է սննդային արժեքի մասին որևէ ինֆորմացիա: Արտադրողի 4 % ելակի խյուսը հայերեն մակնշման մեջ դարձել է՝ 5%: Ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ այս սննդամթերքը կարելի է համարել կեղծ. մակնշումը չի համապատասխանում բաղադրությանը:
«Անդակո» ընկերությունից մեզ հայտնեցին, որ նշանը չդնելու պատճառը զուտ տեխնիկական է՝ հավելելով, որ ունեն բոլոր ապրանքների համապատասխան սերտիֆիկատները (նախորդ հոդվածի հղումն իրենց ուղարկել էինք):
Մենք խնդրեցինք տրամադրել դրանք, ինչին ի պատասխան ստացանք միայն ռուսական «Ագամա Ռոյալ Գրինլանդե» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Ագամա» ձկան կիսաֆաբրիկատների վերաբերյալ արձանագրությունը` (ներկրող՝ «Պարմա» ՍՊԸ) РСТ ստանալու, Ռուսաստանում իրացվելու համապատսխան դեկլարացիան: Իսկ Հայաստանում իրացվելու համար այն նորից պետք է սահմանային փորձաննքության ենթարկվի՝ ստանալով շուկայում իրացվելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
Ընկերության ներկայացուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հեռախոսազրույցի ընթացքում ասաց , որ իրենց ներկրած ապրանքների մասին որևէ նյութ չհրապարակենք:
Հիշեցնենք, որ մակնշման՝ մեր արձանագրած մոտ 2 տասնյակ խախտումներից 7-ը «Անդակո» ընկերության կողմից ներկրված ապրանքներում էր, և դրանք վերաբերում էին ոչ միայն EAC նշանի բացակայությանը (տես՝ հոդված 1, հոդված 2):
Նրբերշիկ «Frankfurters» , արտադրող՝ «Էդեվեխտ Մայկա» գերմանական ընկերություն: Հայաստան է ներկրում «Նյու Սքայ գրուպ» ՍՊԸ-ն:
EAC-ի նշան ապրանքի վրա չկա: Մակնշման մեջ կան մի շարք խախտումներ.օրինակ՝ հայերեն մակնշման մեջ կա «Առանց ԳՄՕ» գրությունը, սակայն արտադրողի օրիգինալ մակնշման մեջ այդ մասին որևէ բան նշված չէ:
Փոխարենը հայերեն մակնշման մեջ նշված չեն սննդային հավելումները՝ E300 և E250, որոնց մասին նշել է գերմանական արտադրողը:
Ուսումնասիրությունները կատարվել են՝ «Երևան Սիթի», «Պարմա», «ՍԱՍ» սուպերմարկետներում
Մեկնաբանել