Զարուհի Մեջլումյան
Պողոսյանների տան ունեցածը մանկական «զենք-զինամթերքն» է եղել
Լիա ու Ներսես Պողոսյանները 13 տարի միասին են, ունեն 3 զավակ: Սակայն վերջին 8 ամիսներին Ներսեսն ազատազրկված է: Կրտսեր՝ զույգ որդիները գիտեն, թե հայրն աշխատում է ուրիշ քաղաքում:
«Էս ամիսների ընթացքում ասում եմ՝ մեր տունը մեռած ա, բոլորն ինձ ասում են՝ երեք երեխա ունես, ոնց կարող ա տունդ մեռած լինի, բայց առանց Ներսեսի մեր տունը տուն չի»,- մեզ ասաց Լիան:
Ներսես Պողոսյանն անցյալ տարվա մայիսի 31-ից ազատազրկման վայրում է: Նա մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի գործով՝ ապօրինի զենք-զինամթերք իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:
Ըստ Լիայի` ամուսինը ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ է, ոչ մի անգամ չի խուսափել իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնել: Մինչև ձերբակալվելը երկու անգամ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: «Երբ մայիսի 31-ին եկան իրեն տանելու, ես հասկացա՝ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ»,- ասաց Լիան:
Ներսեսի կինը լավ հիշում է անցյալ տարվա մայիսի 31-ը. «Լուսադեմին տեսնեմ ամբողջ բակը տղամարդիկ են, սև շորերով՝ դիմակավորված, մի պահ մտածեցի, որ կարող ա կինո են նկարում... պահարանը բացեցին, մի ամբողջ պահարան զենք-զինամթերք էր մանկական, ասեցի՝ մեր ունեցած զենքը սա է, եթե պետք է՝ տարեք»:
Մասնագիտությամբ իրավաբան Լիան ասում է, որ ամուսնու գործը իրավական հարթությունից դուրս է, գտնվում է քաղաքական տիրույթում: «Ամեն ճանապարհով փորձում են լռեցնել, կոտրել, ինձ թվում ա՝ չեն ուզում, որ նման մարդիկ էստեղ լինեն, մեր ղեկավարությունը չի ուզում, որ իր իրավունքները գիտակցող, իր իրավունքների համար պայքարող մարդն ապրի էստեղ: Ամեն ինչ անում են, որ մարդիկ հիասթափվեն, թողնեն-գնան»,- կարծում է Լիա Պողոսյանը:
Ներսեսի կինը վերջին դատի ժամանակ փակ դռան հետևից լսել է Ներսեսի հայտարարությունը, թե ինչպես քննչական խմբի ղեկավարը՝ Մակինյանը, որն այժմ անցել է թոշակի, ասել է՝ 25 տարի «փտացնելու է» Ներսեսին բերդում:
Այս ընթացքում Ներսես Պողոսյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել, որից մեկ անգամը՝ ջրադուլով: Այդպիսով՝ նա իր բողոքն է հայտնել կալանքի որոշումների դեմ, որոնք Լիան բնորոշում է որպես պատժիչ մեթոդ: Ներսեսի կինը ակնկալիք չունի հայսատանյան արդարադատությունից, առավել ևս չի հավատում, որ ամուսնուն կարդարացնեն: Բայց ասում է, որ այս ընթացքում ծանոթացել է իրենց իրավունքների համար դեռ պայքարող մի շարք քաղաքացիների հետ: Այդ հանդիպումները նրան հույս են տալիս կարծելու, որ ամեն բան կորած չէ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել