
Արդյո՞ք գլխավոր դատախազությունը պատրաստվում է գործի դնել Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ-ի կարճման որոշումը վերացնելու իր լիազորությունը
«Հետք»-ը հարցմամբ դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հարցրել ենք, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է գործի դնել Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ-ի կարճման որոշումը վերացնելու իր լիազորությունը: Եթե ոչ՝ ինչո՞ւ:
Հարցրել ենք նաև, թե որքանո՞վ իրավաչափ է ՀՔԾ-ի կողմից մերժումը՝ «Հետք»-ին տրամադրել վերոհիշյալ գործի կարճման մասին որոշումը՝ հաշվի առնելով այն փաստը, որը գործը հարուցվել է լրատվամիջոցի հրապարակման հիման վրա, և փաստորեն, այն, որ որոշման հրապարակումը կարող է օգնել ցրելու բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կոռուպցիոն դրսևորման վեաբերյալ հանրության ունեցած կասկածները: Ինչո՞ւ հանրության համար հույժ կարևոր այս որոշումը չի ներկայացվում հանրության ուշադրությանը:
Խնդրել ենք նաև գլխավոր դատախազի միջամտությունը ՀՔԾ-ից Միհրան Պողոսյանի գործով կարճման որոշումը «Հետք»-ին տրամադրելու հարցում:
Բացի դրանից, երեկ «Հետք»-ը ստացել է նաև Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենի պատասխանը՝ ի պատասխան մեր պաշտոնական գրությանը: Մեզ ևս մամլո խոսնակը նույն պատասխանն է տրամադրել, ինչ OCCRP-ի մեր գործընկերներին:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ի պատասխան ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված գործի ընթացքի վերաբերյալ «Հետք»-ի հարցմանը, նշել էր, որ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Միաժամանակ, ՀՔԾ-ն հայտնել էր, որ Շվեցարիայից 2017թ. հունվարի 11-ին ստացվել է պատասխան՝ իրավական փոխօգնության միջնորդությունը մերժելու մասին:
Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենտի մամլո խոսնակ Ինգրիդ Ռայզերը (Ingrid Ryser) հայտնել էր, որ շվեցարական կողմը պատասխանն ուղարկել է 2016թ. նոյեմբերի 8-ին, իսկ հայկական կողմի միջնորդությունը չի բավարարվել, քանի որ այն չի համապատասխանել միջնորդության տեխնիկական պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել: Միաժամանակ նամակում շվեյցարական կողմը նշում է, որ միջնորդությունը ցանկացած ժամանակ կարող է նորից ներկայացվել:
Միհրան Պողոսյանի և Արթուր Դավթյանի լուսանկարները՝ ԴԱՀԿԾ-ի և ԳԴ-ի պաշտոնական կայքերից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել