HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով տուժող ոստիկանը պնդեց․ «Մեզ վրա այրվող անիվներ են գլորել»

Ամալյա Մարգարյան

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում ՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց  Սարի թաղում զանգվածային անկարգությւնների մեջ մեղադրող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը: Ցուցմունք տվեցին տուժող ճանաչված ոստիկանության աշխատակիցները: Աճուկային հատվածում վնասվածք ստացած տուժող Արազի Թիրաբյանը ցուցմունքի մեջ նշեց, որ ժողովրդի կողմից քարեր նետելուց հետո ոստիկանության մի քանի աշխատակիցներ օդ են կրակել․ «Ամբոխը գազազած վիճակում էր, օդ կրակեցինք, հետո քարեր նետելը դադարեցրին, կրակողներից մեկն էլ ես եմ եղել»։ Ոստիկանության աշխատակիցը նշեց նաև, որ «գազազած ամբոխի» մեջ եղել են նաև հանգստացնող մարդիկ, ովքեր երիտասարդներին կոչ են արել հանդարտվել։

Տուժող մյուս ոստիկան Արմեն Մուսայելյանը ցուցմունքի մեջ նշեց, որ 2016թ-ի հուլիսի 19-ին ծառայություն է իրականացրել, որի ժամանակ հարված է ստացել ոտքից․  «Երեկոյան ութի կողմերը մոտ 30-40 երիտասարդներ, ցվրված վիճակում, քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, ինձ էլ կպավ, սակայն շարունակեցի ծառայությունը»։ Ոստիկանը նշեց, որ իրենք քաղաքացիներից պահանջել են չիջնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն ինքը չի լսել հավաքված քաղաքացիների պահանջները, իր ենթադրությամբ՝ դրանք եղել են կենցաղային հարցերի շուրջ․ «Նրանց պահանջները ես չեմ լսել, միայն լսել եմ, արտահայտություններ՝ եթե չբացեք ճանապարհը անիվներ կվառենք, կգլորենք ձեր ուղղությամբ»։ Տուժող ոստիկանը դատարանում կրկնեց, որ հետագայում քաղաքացիներն անիվները վառել են և վերև բարձրանալով գլորել ոստիկանների ուղղությամբ, ավելացրեց նաև, որ աղբամաններից բարիկադներ են պատրաստել և դրանք նույնպես վառել։  Արմեն Մուսայելյանի պնդմամբ՝ տարածքում հրշեջ մեքենաներ են եղել։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցին՝ ինչու՞ տուժող ոստիկաններից միայն Արմեն Մուսայելյանն է ցուցմունք տալիս այրվող անիվների վերաբերյալ, վերջինս պատասխանեց․ «Ինչ տեսել եմ, դա եմ ասում»։

Լիպարիտ Սիմոնյանը փորձեց պարզաբանել հնարավո՞ր է, որ տուժողը շփոթում է, քանի որ դեպքից մի քանի օր հետո նույն տարածքում տուն է այրվել, Արմեն Մուսայելյանը բացասական պատասխան տվեց ՝ պնդելով իր խոսքը։

Դատարանում ցուցմունք տվեց նաև ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակից, տուժող Իշխան Ավագյանը, ով նույնպես նշեց, որ չի ճանաչում ամբաստանյալներին։ Անդրադառնալով Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում հուլիսի 19-ին կատարված դեպքերին՝ տուժողը նշեց․ «Հավաքված էին 25-30 երիտասարդներ, ովքեր պահանջում էին ոստիկաններից բացել ճանապարհը։ Մարդիկ կային, որ ջահելներին հորդորում էին հանգստանալ և գնալ՝ նշելով, որ ոստիկանները պատասխանատու չեն  ջուր, հոսանք, գազ չլինելու համար»։

Տուժող Իշխան Ավագյանը նշեց, որ նկատել է՝ ինչպես իր վաշտի ծառայողներից մեկը վնասվածք է ստացել, մոտեցել է, սակայն այդ պահին իրեն էլ են վնասել, ստացել է պատռվածք, որից հետո տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրն։ Տուժողը նշեց, որ ինքը այրվող անիվներ չի տեսել։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, հակասություններ տեսնելով տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքերի միջև, որոշեց ընթերցել նաև վերջինիս նախաքննական ցուցմունքները։

Այս գործով հաջորդ նիստը կկայանա փոտրվարի 23-ին։

Հիշեցնենք, որ ամբաստանյալների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նկարում՝ տուժող Արազի Թիրաբյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter