HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարո Եղնուկյանը բողոքում է գլխավոր դատախազի անգործության դեմ

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր «Հիմնադիր-խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ:

«Մենք միջնորդություն ենք ներկայացրել գլխավոր դատախազին  Կարո Եղնուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու կամ մեկ այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, միջնորդությունն ուղարկվելուց հետո երկար ժամանակ պատասխան չէինք ստանում, հետագայում պատասխան ստացանք, որ մեր միջնորդությունն ըստ էության չի քննվում, որովհետև միջնորդության մեջ որևէ նոր փաստարկ  նշված չէ»,- ներկայացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Կարո Եղնուկյանի փաստաբանը հավելեց, որ դատախազության կողմից տրամադրած հիմնավորումն անհեթեթ է, քանի որ իրենք առաջին անգամ են դիմել գլխավոր դատախազին այդ միջնորդությամբ, որը հիմնված է եղել նախաքննության ավարտից հետո առաջ եկած հանգամանքներով, ինչպես նաև ԱԺ-ի մի քանի պատգամավորների միջնորդություններով:

«Միգուցե ԱԺ պատգամավորները մեկ այլ միջնորդություն են ներկայացրել գլխավոր դատախազին, որի մասին մենք տեղյակ չենք եղել, դրա համար է գլխավոր դատախազը պատասխանել ` «ձեր միջնորդությունից նմանատիպ եղել է»: Ե՞րբ են ԱԺ պատգամավորները, իրավապաշտպանները միջնորդությամբ դիմել Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու համար, հայտնի չէ»,- հայտնեց փաստաբանը:

Տիգրան Հայապետյանը նշեց, որ ինքը դիմել է դատախազին` պարզաբանելով, որ նախաքննությունն արդեն ավարտվել է, և բոլոր մտավախությունները, թե Եղնուկյանը կարող է ինչ-որ ձևով ազդել նախաքննության ընթացքի վրա, արդեն դարձել է առարկայազուրկ, իսկ Եղնուկյանի նկատմամբ կալանքը կիրառվել է այն հանգամանքով, որ նա կարող է խոչընդոտել նախաքննությանը:

«Եղնուկյանի ՀՀ անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ է եղել, ուստի  չէր կարող թաքնվել, իսկ ԱՄՆ քաղաքացու անձնագիրը նա պատրաստ է ինքնուրույն տրամադրել, ինչով կբացառվի նրա ` ՀՀ-ից չհեռանալու վտանգը»,-հայտնեց փաստաբանը, ապա հավելեց նաև, որ գլխավոր դատախազին են  ուղարկել Կարո Եղնուկյանի մասին դրական բնութագրեր, 7-8 պատգամավորների միջնորդություններ`խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ,  մարդու իրավունքերի երկու նախկին պաշտպանների միջնորդությունները, իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի և Ավետիք Իշխանյանի երաշխավորական միջնորդությունները, նաև 40-ից ավելի հեղինակավոր անձանց միջնորդությունները:

«Ստացել ենք պատասխան, որ ձեր միջնորդությունը չի քննվում, քանի որ դուք արդեն իսկ ներկայացրել ենք նմանատիպ միջնորդություն», - նշեց Տ. Հայրապետյանը, ապա անդրադառնալով դատարան ներկայացրած պահանջին՝ ասաց.

«Խնդրում ենք, որ դատարանը կանգնի օրենքի հետևում և պարտադրի, որ որևէ մեկը, որևէ պաշտոնյա բարձր չլինի Սահմանադրության մեջ նշված պարտավորություններից, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազն էլ կատարի օրենքով իր վրա դրված պարտավորությունը և պատասխանի Կարո Եղնուկյանի և նրա պաշտպանի միջնորդությանը»:

Կարո Եղնուկյանը նույնպես նշեց, որ պատրաստ է ԱՄՆ-ի անձնագիրը դատարանին տրամադրել, բայց միևնույնն է այդ անձնագրով  չի կարող Հայաստանից դուրս գալ, որովհետև Հայաստան է ժամանել իր հայկական անձնագրով:

Բողոքը լսելուց հետո դատախազ Պետրոս Պետրոսյանը հանդես եկավ ճառով և խնդրեց դատարանին մերժել բողոքը:

Դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա փետրվարի 24-ին: 

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Խոսքեր չկան: Այս դատավոր-դատախազները հույս ունեն, որ ՎԱՂԸ չի՞ գալու, որ հասցնելու են հեռանա՞լ... այս աշխարհից և պատասխան չե՞ն տալու այս բոլոր անօրենությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter