HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ-ն արմատական փոփոխություններ է նախատեսում դասագրքերի ստեղծման գործընթացում

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես» և «Արևիկ» հրատարակչությունների ղեկավարներին: Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետևաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային և արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում:

Այս կապակցությամբ հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու հիմնախնդիրը և համապատասխան լուծումեր գտնելու համար: Ըստ նախարարի`  վարչապետի հանձնարարականով նախատեսվում  է Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների շրջանակում հիմնել դասագրքաստեղծ կառույց` դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով: Լևոն Մկրտչյանի խոսքով` բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց այսօր, որպեսզի հաջորդ տարի արդեն դաշտը բարելավված լինի:

Նախարարը նշել է, որ ներկայումս տարրական դասարանների և ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցով: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանն անդրադարձել է որոշ դասագրքերի բովանդակության, որակի, դրանք ավելի ընկալելի դարձնելու, ինչպես նաև որոշ տեխնիկական խնդիրների: Ըստ նախարարի` քանի որ մեր երկրում բացակայում է դասագիրք գրելու մշակույթը, այդ պատճառով երբեմն հաշվի չեն առնվում երեխայի ծանրաբեռնածության աստիճանը, տարիքային առանձնահատկությունները և այլն:

Լ. Մկրտչյանի խոսքով` հիմնականում առկա է երկու դժգոհություն,  մասնավորապես, բնագիտական և պատմական առարկաների մասով ակադեմիական չափից բարձր մակարդակ և հայերենի խրթին շարադրանք: Նախարարը հրատարակիչներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կինի նաև վերջիններիս ներկայացուցիչը: Խումբը կամփոփի դասագրքաստեղծ կենտրոնի ձևավորման վերաբերյալ հրատարակիչների ներկայացրած առաջարկությունները և դիտարկումները, ինչպես նաև այլ խնդիրներ` փորձագետների բազա ստեղծելու, դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների և մեթոդաբանության հետ կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter