HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Շվեդ ոստիկանները պիտի պատժվեն հայաստանցու մահվան համար». փաստաբան

Փետրվարի 7-ին՝ ժամը 22։23-ին, Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքի խցում մահացած վիճակում գտել են Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանին։ Դեպքից մոտ 1,5 ժամ առաջ Դավիթն ընկերոջ հետ գտնվել է քաղաքի խանութներից մեկում, որտեղից զանգել են Օրեբրոյում բնակվող երրորդ ընկերոջը՝ խնդրելով մեքենայով իրենց տեղափոխել։ Երեք ընկերների՝ խանութից արագ հեռանալը կասկած է առաջացրել ոստիկանության ծառայողների մոտ, ովքեր կանգնեցրել են մեքենան և բերման ենթարկել Դ․ Բարսեղյանին։ Այս մասին «Հետքին» հայտնեց Շվեդիայում Դավիթ Բարսեղյանի շահերը պաշտպանող փաստաբան Մարկ Սաֆարյանը։

«Բերման ենթարկելու պահին Դավիթը գտնվել է շատ ծանր առողջական վիճակում․ գիտակցությունը կորցրել է մի քանի անգամ, փսխել է, ասել է՝ ջուր եմ ուզում, ինձ փրկեք։ Դավիթին մեքենայից հանելու ընթացքում ոստիկանները տեսել են, որ նա փսխում է և ընկնում։ Շտապ օգնություն կանչելու փոխարեն նրան նստեցրել են ավտոբուսի կայարանի նստարանին, նստել չի կարողացել, գլորվել է։ Վկաների տեղեկատվությամբ՝ ոստիկանները նույնիսկ այդ պարագայում ադեկվատ բժշկական օգնություն չեն ցուցաբերել Դավիթին, և նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»,- պատմում է փաստաբան Սաֆարյանը։

Դավիթ Բարսեղյանը տուրիստական այցով էր գտնվում Շվեդիայում։ Փաստաբանը նշում է, որ ըստ հարազատների և ընկերների տեղեկության՝ նա որևէ լուրջ առողջական խնդիր չի ունեցել մինչ դեպքի օրը։

Նրա մահվան դեպքի առիթով Շվեդիայի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ բերման ենթարկելու և պահման ժամանակ ոստիկանության գործողություններում սխալ չի եղել։ Բացի այդ՝ շվեդական մամուլում ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, ըստ որի Դավիթը կասկածվում էր վերոնշյալ խանութից 20 տուփ խոզի միս գողանալու մեջ։

Ոստիկանության հաղորդագրությունը և շվեդական մամուլի հրապարակումները փաստաբան Սաֆարյանին հիմք են տալիս ենթադրելու, որ Օրեբրոյի ոստիկանության աշխատակիցները հնարավոր է չպատժվեն՝ բերման ենթարկվածին բուժօգնություն չտրամադրելու համար։

«Բերման ենթարկված անձը տվյալ պահին գտնվել է ոստիկանության անմիջական հսկողության տակ, և ոստիկանությունը պատասխանատու էր նրա անվտանգության համար։ Բացի այդ՝ դեպքից անցել է մոտ մեկ շաբաթ, բայց ոստիկանությունը դեռևս չի հարցաքննել վկաներին, ինչը բավականին լուրջ բացթողում է ոստիկանության կողմից»,- ասում է փաստաբանը։ Ըստ նրա՝ ոստիկանությունը, խախտելով նախաքննության գաղտնիությունը և մարդու անմեղության կանխավարկածը, շվեդական մամուլին ինֆորմացիա է հայտնել, թե Դավիթը կասկածվում էր հանցանք գործելու մեջ։ Փաստաբանը նշում է, որ չնայած մամուլի հրապարակումներին, ոստիկանությունը որևէ գողոն չի հայտնաբերել և գողության փաստով մեղադրանք չի առաջադրել ոչ Դավիթին և ոչ էլ նրա ընկերոջը։

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների ստանդարտներն ու պրակտիկան ոստիկանության համար փաստաթուղթն արգելում է բերման ենթարկվածին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Դավիթ Բարսեղյանը հանցավոր արարքի մեջ էր կասկածվում, դա չպետք է խանգարեր ոստիկանությանը՝ նրան բուժօգնություն տրամադրել։

Օրեբրոյի ոստիկանությունը։ Լուսանկարը՝ Լիզա Մաթթիսոնի

Փաստաբանի տեղեկատվությամբ՝ չնայած նրան, որ Շվեդիայում ոստիկանության բաժնում մահվան դեպքերը բացառիկ են, Օրեբրոյի ոստիկանության այդ բաժնում 9 ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ մահվան դեպքն է արձանագրվում։ Այդ բաժանմունքն, ըստ Սաֆարյանի, բավականին հայտնի է իր ոչ մարդասեր ղեկավարությամբ։ Սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում վերջերս ակտիվ քննարկվում էր Օրեբրոյի ոստիկանության բաժնի հետաքննիչ Փեթեր Սպրինգերեի հայտարարությունն այն մասին, որ քաղաքի հանցագործությունների մեծ մասը կատարում են միգրանտները։

Այս պահին Դավիթ Բարսեղյանի դին գտնվում է Շվեդիայում, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որը կարող է տևել մինչև 3 շաբաթ։ Փաստաբան Մարկ Սաֆարյանը նշում է, որ մինչև վերջ պայքարելու են՝ Օրեբրոյի ոստիկանության ծառայողների արարքն անպատիժ չթողնելու համար։ Շվեդիայի հեղինակավոր թերթերն ու հեռուստաընկերությունները շարունակում են բարձրաձայնել դեպքը։ Փաստաբանի հաղորդմամբ՝ Շվեդիայում Հայաստանի դեսպանատունը նույնպես իր աջակցությունն է ցուցաբերում՝ արդար դատավարության հասնելու համար։  

Առաջին լուսանկարը՝ www.metro.se-ից

Մեկնաբանություններ (2)

Քամ
Թափառաշրջիկ ազգի ողբալի վախճանը: Ցավոք Եվրուպայում նոր գաղթած հայերը մեծամասամբ այնտեղ են գտնվում ապաստարան խնդրողի կարգավիճակով, շատերը մերժումից հետո էլ մնում և չեն հեռանում: Ցավոք շատ երկրներում որտեղ չկա արդեն կայացած հայկական սփյուռք (ինչպես Ֆրանսիայում) որոշ շրջաններուն և որոշ անհատներ հային դիտում են ուղղակի որպես պարազիտի որը եկել է օգտվելու իր երկրի բարիքից' դիմացը ոչինչ չառաջարկելով: Այս պատկերի ձևավորմանը մեծամբ նպաստում է հենց շատ հայերի մեղմ ասած ոչ օրինական պահվածքը: Այստեղից էլ թացը չորի հետ վառելու ու խտրականության դեպքերը: Հուսով եմ որ հետևողական կլինեն փաստաբաններն ու ՀՀ Դեսպանատան աշխատակիցները այս գործում: Սակայն ոտքը պինդ է միայն սեփական հողում:
Mkrtchyan Nune
Դավիթին ճանաչող բոլոր մարդիկ վկայում են, որ նա գերազնիվ երիտասարդ էր, բարձրակարգ կրթությամբ՝ Միջազգային հարաբերությունների գծով, ինչպես նաև մագիստրատուրան։ Ծագումով՝ բարձր ընտանիքից։ Մեղքի մեջ մոլորվեցին ու դժողքի բաժին դարձան նրանք, ովքեր կազմակերված խլեցին այս անմեղ, արժանավայել հայորդու կյանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter