HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կուրսանտի սպանության գործով վկան չի հստակեցնում՝ ամբաստանյալ Գնել Թևոսյանը սպանության գիշերն իր ննջարանում է եղել, թե՞ ոչ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկա Արթուր Կարապետյանն, ով ամբաստանյալ Գնել Թևոսյանի հետ նույն սենյակում է քնել, հստակ չի պատասխանում՝ սպանության գիշերը Թևոսյանը ննջարանում է եղել, թե ոչ: 

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կուրսանտի սպանության գործով դատական նիստի ժամանակ, ի պատասխան Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի վերը նշված հարցին, վկա Կարապետյանը պատասխանեց, որ Թևոսյանը ննջարանում չի եղել, ապա ավելի ուշ հակասեց իր խոսքին ու նշեց, որ ննջարանը մութ է եղել, և ինքը չէր կարող տեսնել, թե այնտեղ ով կար: Զաքարյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ նախաքննություն իրականանցնող մարմնին Կարապետյանը չի հայտնել Գնել Թևոսյանի՝ սենյակում գտնվելու կամ այնտեղից բացակայելու վերաբերյալ որևէ հանգամանք և այդ մասին միայն այսօր՝ դատարանում է խոսում: Պարզվեց, որ առհասարակ Կարապետյանի ցուցմունքների գրավոր արձանագրություններում Թևոսյանի գտնվելու վայրի մասին որևէ նշում չկա.  կամ քննիչը նրան նման հարց չի տվել կամ տվել է, սակայն հարցն ու պատասխանը գրավոր չեն արձանագրվել: Դատարանը վկայից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նա դատարանում հայտնեց, որ Գնել Թևոսյանը ննջարանում չի եղել, երբ հիմա պնդում է, որ մթի պատճառով չէր կարող տեսնել, թե ով կար սենյակում, որին ի պատասխան Կարապետյանը նշեց՝ չեմ կարող ասել: 

Վկա Կարապետյանը սպանության՝ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում գործով ամբաստանյալ Նորիկ Սահակյանի և մեկ այլ կուրսանտի՝ Հովիկ Հովհաննիսյանի հետ զորամասի մարտկոցի միջանցքում դաս սովորելիս է եղել, նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Նորիկ Սահակյանը պարապելուց որոշ ժամանակ անց միջանցքից բացակայել է և մինչև իր՝ ննջարան գնալու պահն այլևս չի վերադարձել այնտեղ: 

Նախաքննության ընթացքում Կարապետյանը նախ նշել է, որ գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում է միջանցքից գնացել ննջարան, ապա դրան հաջորդած մյուս բոլոր ցուցմունքներում պարզաբանել, որ ոչ թե 02:30-ի, այլ 03:00-ի սահմաններում է գնացել, և դրանից րոպեներ անց սենյակ է վերադարձել նաև իր հետ միջանցքում պարապող Հովիկ Հովհաննիսյանն ու հայտնել, որ «Հայկազ Բարսեղյանին թևանցուկ դուրս էին տանում»: Հովհաննիսյանն, ըստ Կարապետյանի ցուցմունքի, իրեն ասել է, որ հետաքրքրվել է, թե ի՞նչ է պատահել, և Նորիկ Սահակյանը պատասխանել է, թե Հայկազն իրեն լավ չի զգում: 

Նշենք, որ ըստ գործի մեղադրական եզրակացության՝ Հայկազ Բարսեղյանի սպանությունը տեղի է ունցել գիշերը՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, որից հետո սպանության գործով ամբաստանյալները Հայկազ Բարսեղանին սպանված վիճակում զորամասից դուրս են տարել ու կախել մարզահրապարակի պտտաձողից: 

Այսինքն՝ վկայի ցուցմունքում Նորայր Սահակյանի միջանցքից բացակայելու, Հայկազ Բարսեղյանին թևանցուկ զորամասից դուրս տանելու ժամանակահատվածը մոտավոր համընկնում է ըստ գործի նյութերի սպանության ժամանակահատվածի հետ: 

Մինչդեռ Նորայր Սահակյանը պնդում է, որ ինքը սպանության օրը, ժամը 01:00-ից 03:00-ի սահմաններում մշտապես միջանցքում է գտնվել, Հովիկ Սահակյանի ու վկա Կարապետյանի հետ պարապել են, սուրճ խմել, գնացել ծխելու: Կարապետյանը, սակայն, դատարանին հայտնեց, որ ինքն այդ օրը սուրճ չի խմել, իսկ Սահակյանը բացակայել է միջանցքից: Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը բարձրաձայնեց այն մասին,  որ իր պաշտպանյալի ներկայությամբ Կարապետյանի նկատմամբ նախաքննության ընթացքում բռնություն է գործադրվել, վկան, սակայն, ժխտեց այդ հանգամանքը: 

Դատարանում այսօր Կարապետյանը պնդեց նաև, որ ինքը Հովիկ Հովհաննիսյանից չի հետաքրքրվել, թե ովքեր էին հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը  Հայկազին դուրս տանում, ինչ էր եղել նրան, և միայն առավոտյան է, որ իմացել է տեղի ունեցածի մասին: 

Սպանության գործի վերաբերյալ որևէ այլ էական հանգամանք վկան չնշեց, բայց խոսեց  կանոնադրային հարաբերություններ խախտելու մեջ մեղադրվող Վարազդատ Սաֆարյանի գործի մասին`հայտնելով, որ տեսել է, թե ինչպես է Վարազդատ Սաֆարյանը հրել ու հարվածել Տիգրան Մանասարյանին: 

Խոսքը սպանության գործի նյութերի հիման վրա և այժմ դատարանում դրա հետ միասին քննվող մեկ այլ քրեական գործի մասին է, որով ինստիտուտի՝ արդեն նախկին կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը մեղադրվում է 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի և մի խումբ այլ անձանց հետ կուրսանտ Տիգրան Մանասարյանին ծեծի ենթարկելու մեջ: 

Վկան հանգամանքներ հայտնեց նաև Գնել Թևոսյանի հոր՝ ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյանի նկատմամբ քրեական գործի վերաբերյալ: Սպանության դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար: Կարապետյանի ցուցմունքի համաձայն՝ Գնել Թևոսյանը բոլոր շաբաթ և կիրակի օրերը զորամասից բացակայել է, հաճախ է բացակայել նաև մյուս օրերին. կեսօրին գնացել, ապա երեկոյան վերադարձել է ինստիտուտ: 

 Վկա Կարապետյանն այսօր դատարանում հարցաքննության ընթացքում պարբերաբար կրկնում էր, որ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքները: Այս պնդումն անում էր անգամ այն դեպքում, երբ  հնչեցվում էին հարցեր, որոնց  նախաքննության ընթացքում անդրադարձ չէր կատարվել: Փաստաբան Անահիտ Հովհաննիսյանի մեջ կասկած առաջացավ, որ Կարապետյանը նախաքննական ցուցմունքներով կաշկանդված է, և մտավախություն ունի դատարանում դրանց չհամապատասխանող հանգամանքներ հայտնելու դեպքում սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվել:

Հովհաննիսյանի հարցին՝ դուք գիտե՞ք, թե ինչ է սուտ ցուցմունքը, վկան պատասխանեց, որ դա «նախաքննության ընթացքում մի բան, իսկ դատարանում՝ մեկ այլ բան հայտնելն է»: Դատարվոր Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ եթե անգամ վկան ճշմարտությունը չի հայտնել, ապա  մինչև դատարանի`խորհրդակցական սենյակ գնալու պահը ճշմարտությունն ասելու դեպքում  ինքը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության: Կարապետյանը, սակայն, պնդեց, որ հայտնել է ճշմարտությունը, պարզապես սպանությունից բավական ժամանակ է անցել և որոշ հանգամանքներ մոռացել է: Ըստ վկայի՝ դա է պատճառը, որ ինքը ցանկանում է հիմք ընդունվեն իր`նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: 

Հիշեցնենք. 2015-ի հունվարի 29-ին  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում  հայտնաբերվել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանը՝  պտտաձողից կախված վիճակում: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Սպանության գործի նյութերի հիման վրա հարուցվել է մի քանի քրեական գործ ինչպես այլ կուրսանտների, այնպես էլ սպայական կազմի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter