
Իրավապաշտպանի ուղղությամբ կրակելու ահազանգով կատարվում է հետաքննություն
Երեկ` փետրվարի 15-ին, հրազենային կրակոցներ են արձակվել Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան, Արմինե Առաքելյանի տան մոտ: Ա․Առաքելյանի խոսքերով` կրակոցներն արձակվել են իր ուղղությամբ: Նա բնակվում է Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Հետքին» տեղեկացրին, որ այս պահին կատարվում է հետաքննություն և քրեական գործ դեռ չի հարուցվել:
«Նոր տուն հասա հենց մեջքովս դարպասից տան բակ էի մտնում տանս վերևի ճամփից կրակեցին: Ինձ չդիպչեց, փառք Աստծո, բայց գիժուկ Ֆիֆիին կպավ։ Նա ջան է տվել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմինե Առաքելյանը: Վերջինս հրապարակել է նաև հրազենային գնդակից սատկած շան լուսանկարը:
Նրա խոսքերով` կրակոցից հետո, երբ տուն է բարձրացել, կրակ արձակած անձը կամ անձինք դիմել են փախուստի:
Արմինե Առաքելյանը նկատել է, որ փախուստի դիմածը եղել է «կապույտ ժիգուլիով» և շարժվել է Մուղնիի եկեղեցու ուղղությամբ։ ՄԻԺԻ-ի ղեկավարը դիմել է ոստիկանություն:
Լուսանկարը` Արմինե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել