HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեյտենանտ Արամ Աղայանի բաց նամակը պաշտպանության նախարարին

2 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված լեյտենանտ Արամ Աղայանին Շուշիի բերդից մի քանի օր առաջ տեղափոխել են Երևան: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, և փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով «Հետքի» խմբագրությանն է փոխանցել իր բաց նամակը՝ ուղղված Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Պարոն նախարար, արդեն մեկ տարի 2 ամիս է` գտնվում եմ անազատության մեջ մի արհեստական ու շինծու քրեական գործի պատճառով: Քրեական գործ, որը իրավաբանության հետ որևէ աղերս չունի: Քրեական գործ, որն ուղղված է իմ և բանակի կենսունակությունն ու մարտունակությունը ապահովող տարբեր գործընթացների դեմ:

Սակայն այս ընթացքում, ցավոք սրտի, թե՛ ինձանով որպես ՀՀ ԶՈՒ զինծառյողի, թե՛ իմ քրեական գործի իրավաբանական գործընթացով, այդպես էլ բանակի ոչ մի ներկայացուցիչ չհետաքրքրվեց: Անգամ չգտնվեց մեկը, որ դատարան գար և ներկայացներ բանակի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, քանի որ գործով տուժող հիմնական օբյեկտ է հանդիսանում հենց զինվորական կարգը: Չգտնվեց նաև մեկը, որ այս ողջ ընթացքում՝ որպես բանակի ներկայացուցիչ, այցելեր ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողությունից դուրս գտնվող Շուշիի ՔԿՀ, որը մշտապես լեցուն է ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներով և տեղում հետաքրքրվեր ազատազրկված զինծառայողների որպիսությամբ՝ մարդկանց, ովքեր ոչ վաղ անցյալում զենքը ձեռքին պաշտպանում էին հայրենի սահմանները, մարդկանց, որոնց շատերի արարքները և սխրանքները բանակի մերօրյա պատմության լավագույն դրվագներից են:

ՊՆ-ի կողմից ցուցաբերվող այս անտարբերությունը հատկապես անտրամաբանական է դառնում, երբ այն դիտարկում ենք տարիներ շարունակ պետական ամենաբարձր մակարդակներում տարվող «Բանակի՝ մի մեծ ընտանիք լինելու» գաղափարի կոնտեքստում: Մի՞թե ընտանիքի անդամին միայնակ են թողնում փորձության պահին: Մի՞թե ընտանիքի անդամը դադարում է ընտանիքի անդամ լինելուց, երբ հանկարծ խնդիրների մեջ է ընկնում և վտանգվում է նրա ապագան, մի՞թե ընտանիքի անդամին կարելի է ասել, թե դու գնա և ինքդ լուծի քո խնդիրները: Եվ այս ամենը ասում են մարդու, ում համարում էին Հայաստանի ապագան հանդիսացող վառ երիտասարդներից մեկը: Մի՞թե այդ ամենը միայն դատարկ խոսքեր էին: Մի՞թե որևէ հայ մարդ, առավել ևս պետական պաշտոնյա, կարող է իրեն թույլ տալ «Ընտանիքի» գաղափարն օգտագործել անձնական փիարի կամ քարոզչության նպատակով: Ես չեմ ուզում հավատալ դրան:

Ես հուսով եմ, որ Ազգն այնպիսի բանակի չի վերածվի, ինչպիսի ընտանիքի որ բանակն է վերածվել, որ գեղեցիկ գաղափարների մասին խոսելուց բացի կյանքի կկոչեք այն պարզ ճշմարտությունը, որ բանակի գրավչությունը ու նրա նկատմամբ վստահությունը կբարձրանա միայն այն ժամանակ, երբ բանակի յուրաքանչյուր անդամ իրեն պաշտպանված կզգա, թե՛ իրավական, և թե՛ ռազմական առումով, որ յուրաքանչյուրը կգիտակցի, որ ինքը իրոք մի մեծ ու հզոր ընտանիքի անդամ է, որ ցանկացած փորձության մեջ ինքը մենակ ու անտեր չի մնա: Այն ժամանակ, երբ բանակում, առավել ևս ԱԶԳ-ԲԱՆԱԿՈՒՄ այլևս մարդիկ կդադարեն կրկնել այն չարաբաստիկ ու այնքան տարածված արտահայտությունը. «Տերովին տերն է տարել, անտերին էլ՝ գելը»…

Պարո՛ն նախարար, ես վստահ եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ և դեռ շատ բան կարելի է փոխել, դեռ կարելի է վերականգնել արդարությունը, դեռ կարելի է անել քայլեր և ցույց տալ, որ զինծառայողը անպաշտպան չի մնա իր դժվարության մեջ:

Հուսով եմ, որ Դուք թույլ չեք տա ոտնահարել Ձեր զինծառայողների իրավունքները՝ ստեղծելով հիասթափության մթնոլորտ: Հուսով եմ, որ Դուք, լինելով ավելի մոտ կանգնած «մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ» հասկացություններին, անկեղծորեն սրտացավություն կցուցաբերեք ՀՀ ԶՈՒ զինծառայողի ոտնահարված իրավունքների ու ճակատագրերի նկատմամբ»:

Արամ Աղայան

«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter