
«ԱրմենՏել»-ի նախկին աշխատակիցները կառերեսվեն դատարանում. Աշոտ Պողոսյանը ցուցմունք կտա Վլադիմիր Սաչկովի գործով
«ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ, տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի գործով հաջորդ նիստին ցուցմունք կտա ընկերության անվտնագության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանը: Նա, հիշեցնենք, դատարանի կողմից փետրվարի 6-ին դատապարտվեց 4 տարվա ազատազարկման:
Վլադիմիր Սաչկովի գործով այսօր նրան ներկայացրել էին դատարան, սակայն Պողոսյանն ասաց, որ ցուցմունք կտա իր փաստաբանի ներկայությամբ: Այդ հիմքով էլ դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը հետաձգեց մեկ շաբաթով:
Վլադիմիր Սաչկովի գործով վկաների քննությունը ևս դեռ չի ավարտվել, սակայն նրանցից մեկից՝ Ռուբեն Նալչաջյանից տեղեկություններ չունեն՝ մեկնել է ՌԴ և դեռ չի վերադարձել, իսկ վկա Գատնիկ Մարտիրոսյանը գտնվում է Հայաստանում, մինչդեռ նրան էլ մինչ օրս բերման ենթարկել չի հաջողվել:
Սաչկովի պաշտպան Արմեն Բաղդասարյանը դատարանին առաջարկեց ոչ թե համայնքային ոստիկանական բաժանմունք ծանուցում ուղարկել, այդ դիմել ՀՀ ոստիկանապետին՝ Գառնիկ Մարտիրոսյանի գտնվելու վայրը պարզելու և նրան բերման ենթարկելու համար:
Առկախ է մնում նաև ՌԴ քաղաքացի 3 վկաների հարցը: Նրանց մասին դատավոր Բեկթաշյանը վերջում է որոշում կայացնելու:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ-ին: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե ընկերությանը, թե, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով:
Մեկնաբանել