HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13 կմ երկարություն ունեցող Տաշտուն գետի վրա հէկ կառուցելու հայտ է ներկայացվել

«Գրին փաուր» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարության փորձաքննությանն է ներկայացվել Սյունիքի մարզում հէկ կառուցելու նախագիծը: 13 կմ երկարության հէկի 3,4 կմ հատվածը էլեկտրաէներգիայի արտադրության համար ճնշում ապահովելու նպատակով պետք է անցկացվի խողովակաշարի միջով:  Դա գետի 26%-ից ավելին է:

Փոքր հէկի հաշվարկային հզորությունը լինելու է 3.31 ՄՎտ: Տարեկան արտադրելու է 12.77 մլն/կՎտժ էլեկտրաէներգիա: Ընկերությունը, համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, արտադրված էլեկտրաէներգիան վաճառելու է 1կՎտժ =23.631 դրամ՝ առանց ԱԱՀ-ի առ:

Նախագծում նշվում է, որ «Չքնաղ» փհէկի կառուցվածքների զբաղեցնող տարածքները չեն ընդգրկվում «Արևիկ» ազգային պարկի մեջ, սակայն շինարարական աշխատանքների ընթացքում հաշվի է առնվել այն, որ «Չքնաղ» փհէկը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում, որի պահպանման գոտում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ռեժիմը:

Տաշտուն գետը Մեղրիի վտակն է, և ձկնային պաշարները նույնականացվել է Մեղրիի ձկնային պաշարների հետ: Կատարված ձկնաբանական հետազոտությունների տվյալներով՝ Մեղրի գետի իխտիոֆաունան ներկայացված է հետևյալ ձկնատեսակներով` Կարմրախայտ, Արևելյան տառեխիկ կամ արագաշարժ, Քուռի կողակ և Ծածան:

«Փոքր հէկի կառուցումը ուղղակի ձևով ազդում է գետի կենդանական աշխարհի, առանձնապես ձկների վրա, սակայն «Չքնաղ» փհէկի նախագծով նախատեսված է ձկնանցարանի կառուցումը, որը զգալիորեն կբարելավի իխտիոֆաունայի վիճակը»,- նշված է նախագծում: 

Բացի ձկնանցարանից, ձկների պահպանությունը լիարժեք և հուսալի ապահովելու համար նախագծում նախատեսված է ճնշումային ավազանում, դերիվացիոն խողովակաշարի մուտքի վրա տեղադրել մանրաճաղավանդակ և նաև լրացուցիչ՝ 5մմx5մմ չափերով ձկնապաշտպան մետաղական չժանգոտվող ցանց, որը կկանխի նաև մանրաձկների մուտքը հիդրոագրեգատների թիակների վրա:

Գետի բնապահպանական թողքի մեծությունը պետք է կազմի 0.03 մ3/վրկ:

«Չքնաղ» փհէկի կառուցման համար նախնական հաշվարկված ներդրումային գումարը կազմում է 1575.1 մլն դրամ՝ առանց ԱԱՀ-ի, որից 30 տոկոս սեփական ներդրումների և 70 տոկոս վարկային ռեսուրսների հաշվին:

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Գրին փաուր» ՍՊԸ-ի բաժնետերը և տնօրենը Բալահովիտում գրանցված Հակոբ Գրիգորի Թադևոսյանն է:

Մարտի 13-ին Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Չքնաղ» փհէկի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 

Բնապահպանության նախարարությունը 2014թ, դեկտեմբերին արդեն իսկ «Զանգեզուր էներգո» ՍՊԸ-ի «Արևիկ» հէկի կառուցման նախագծին տվել է դրական եզրակացություն: Այն ևս պետք է կառուցվի Տաշտուն գետի վրա: 3 կմ էլ «Արևիկ» հէկի խողովակաշարի երկարությունն է: Այդպիսով, եթե երկու հէկերն էլ կառուցվեն Տաշտունի վրա, գետի ուղիղ կեսը ծանրաբեռնված կլինի: 

Լուսանկարը՝ նախագծից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter