HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալի մորեղբոր ցուցմունքներում էական հակասություններ կան

Վերլուծաբան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց 4 վկա:

Այս գործով սպանության մեջ մեղադրվում են Գևորգ Զոհրաբյանն և Արթուր Միհրանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Կարեն Վարդանյանին առևանգելու և շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, Վարդանյանին պատկանող զգալի չափով գույքը գաղտնի հափշտակելու մեջ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կարեն Վարդանյանն իրեն պատկանող բնակարանը նվիրել է գործով ամբաստանյալ, 23-ամյա Գևորգ Զոհրաբյանին, որի դիմաց վերջինս Վարդանյանին պետք է վճարեր 20 000 ԱՄՆ դոլար գումար կամ այդ գումարին համարժեք այլ բնակարան:

Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանը մտադրվել է նրան սպանել, որից հետո Վարդանյանին առաջարկել է Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ պլանավորելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։

Ըստ նախաքննության տվյալների՝ իր մտադրության մասին Զոհրաբյանը հայտնել է գործով մյուս ամբաստանյալ`1973 թվականին ծնված Արթուր Միհրանյանին, ով 2016-ի հունվարից օրավարձով վարելիս է եղել Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ գործի նյութերի՝ պայմանավորվածության համաձայն՝ Արթուր Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կարեն Վարդանյանը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Վարդանյանին Վրաստան ուղեկցելու պատրվակով: 

Ճանապարհին Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով՝ Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Վարդանյանի կողքին և քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաև ավտոմեքենայի վարորդը Միհրանյանը։

Տեսնելով անշնչացած Վարդանյանին և հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։

Դատարանում այսօր ցուցմունք տված վկաներից մեկը Գայանե Հակոբյանն էր՝ այն անձն, ում անունով ներկայում գրանցված է Կարեն Վարդանյանին պատկանող և այժմ դատարանի որոշմամբ կալանքի տակ գտնվող բնակարանը:

Գ․ Հակոբյանն, ինչպես նաև վերջինիս ամուսինը աշխատում են անշարժ գույքի գործակալությունում: Ըստ Հակոբյանի՝ բնակարանը ձեռք բերելու ժամանակ ինքն ու ամուսինը նշանված են եղել:Վերջինս Կարեն Վարդանյանի բնակարանի վաճառքի մասին իմացել է List.am կայքում տեղադրված հայտարարությունից, և որպես բնակարանի սեփականատեր նրան ներկայացել է Գևորգ Զոհրաբյանը:

Հակոբյանի խոսքով՝ ինքը ամուսնու և ևս երկու անձի հետ այցելել է բնակարան՝ տեսնելու այն: Դա եղել է այն ժամանակ, երբ բնակարանի համար արդեն կանխավճար է տրված եղել Գևորգ Զոհրաբյանին: Վկայի խոսքով՝ երբ իրենք, Գևորգի հետ նախապես պայմանավորվելով`այցելել են բնակարան, այնտեղ եղել են Կարեն Վարդանյանն ու մի աղջիկ, իսկ Զոհրաբյանը չի եկել`ասելով, թե զբաղված է:

Հակոբյանը դատարանին հայտնեց, որ ինքը մանրամասն ուսումնասիրել է բնակարանը, հարցեր տվել, և Կարեն Վարդանյանի համար չէր կարող ակնհայտ չլինել, որ իրենք բնակարանի գնորդ են:

Ըստ վկայի պատմածի՝ բնակարանի` Կարեն Վարդանյանին պատկանելու մասին ինքը իմացել է Վարդանյանի հարևանուհուց, բայց, ինչպես փորձում էր դատարանում ներկայացնել վկան, այդ հանգամանքին էական նշանակություն չի տվել, դա իր մեջ կասկածներ չի առաջացրել:

Վարդանյանի հարևանուհուն Հակոբյանը տեսել է այն ժամանակ, երբ եղբոր հետ եկել է բնակարանի բանալիները վերցնելու, բայց պայմանավորված ժամին Զոհրաբյանը չի եկել՝ դրանք տալու, այլ զանգահարել և ասել, որ Կարեն Վարդանյանի հետ միասին իր բնակարանում ապրող աղջիկը բանալին վերցրել է, և այժմ քաղաքից դուրս է գտնվում:

Դրանից հետո Վարդանյանի հարևանուհին Հակոբյանին ու եղբորը ներս է հրավիրել, նրանք պատմել են, որ գնել են Վարդանյանի բնակարանը, հարևանուհին էլ բարկացած հայտնել է, որ այդ բնակարանը պատկանում է Կարենին:

Ըստ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի՝ Հակոբյանը դրանից հետո զանգահարել է Զոհրաբյանին՝ պարզելու`ինչ խնդիր կա, վերջինս էլ պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ ա: Մինչդեռ դատարանում տված ցուցմունքում Հակոբյանը նույն հանգամանքի վերաբերյալ հայտնեց, որ ինքը տեղի ունեցածի մասին պատմել է ամուսնուն, վերջինս զրուցել է Գևորգի հետ, իսկ ինքը մանրամասներին տեղյակ չէ:

Հակոբյանն, ի պատասխան դատավարության կողմերի շատ հարցերի առաջարկում էր դիմել ամուսնուն: Վկան հստակ չհիշեց՝ ի՞նչ արժեք է ունեցել բնակարանը, այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում հստակ նշել էր, չհիշեց`որքան գումար են վճարել Գևորգ Զոհրաբյանին, և որքան գումար պետք է դեռ վճարեին և այլ մանրամասներ:

Դատակոչված հաջորդ վկան ամբաստանյալ Արթուր Միհրանյանի մորեղբայրը՝ Վաղինակ Եղիկյանն էր:

Վերջինիս նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային:

Ըստ դատարանում տված ցուցմունքի՝ մարտի 18-ի, այսինքն՝ սպանությանը հաջորդած առավոտյան Արթուր Միհրանյանն ու Գևորգ Զոհրաբյանն այցելել են իրենց բնակարան, և դուռը բացել է իր աղջիկը:

Միհրանյանի հագուստի վրա արյուն է եղել, իսկ Զոհրաբյանի հագուստի վրա՝ ոչ: Եղիկյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ է պատահել, և Միհրանյանն ասել է, որ կռվել են, մարդ են ծեծել, բայց արդեն ամեն ինչ նորմալ է:

Ըստ Եղիկյանի ցուցմունքի՝ Արթուրն իրենից հագուստ է խնդրել, փոխել իր կեղտոտ հագուստն ու գնացել, իսկ Զոհրաբյանին հագուստ չեն տվել: Վերջիններիս գնալուց հետո, ըստ Եղիկյանի, ինքն աղջկան խնդրել է լվալ Արթուրի շորերը: Վկայի պնդմամբ՝ ինքը նախկինում Գևորգ Զոհրաբյանի հետ չի առնչվել, միայն դեպքի օրը Արթուրը նրան ներկայացրել է որպես իր տնօրեն:

Նախաքննության ընթացքում, սակայն, Եղիկյանը հայտնել է, որ բնակարանի դուռը բացել է ոչ թե իր աղջիկն, այլ կինը, Արթուրի և Գևորգի հագուստն ամբողջությամբ արյունոտված է եղել, ինքը երկուսին էլ այլ հագուստ է տվել, և Արթուրը խնդրել է լվալ իր հագուստը, ինչն արել է Եղիկյանի կինը, այլ ոչ թե դուստրը:

Վկան դատարանում այդպես էլ չհստակեցրեց, թե իր տված որն ցուցմունքն է ճիշտ. վերջինս պարբերաբար կրկնում էր, որ ամբաստանյալների այցի ժամանակ խմած է եղել:

Դատակոչված հաջորդ վկան Կարեն Վարդանյանի ընկեր Ֆիլիպ Արզումանյանն էր: Վերջինս պատմեց, որ Կարեն Վարդանյանի բնակարանում նրա հետ համատեղ ժամանակավոր բնակվելիս է եղել իրենց ընկեր Տաթևիկ Բեգլարյանը: Արզումանյանի խոսքով՝ վերջին անգամ մարտի 17-ին է խոսել Կարենի հետ, ով ասել է, որ մեկնում է Հայաստանից:

Մարտի 19-ին, երբ Արզումանյանը Տաթևիկ Բեգլարյանի հետ գտնվելիս է եղել Կարեն Վարդանյանին պատկանող բնակարանում, Տաթևիկի ֆեյսբուքի էջին նամակ է եկել Գևորգ Զոհրաբյանից, ով հայտնել է, որ բնակարանը վաճառվել է, և Տաթևիկը պետք է այն լքի:

Անակնկալի եկած Տաթևիկն, ըստ Արզումանյանի, հարցրել է, թե ի՞նչ պիտի հիմա ինքն անի, և Զոհրաբյանը առաջարկել է նրան որոշակի գումար տալ, մինչև իր բնակարանային հարցերը կլուծվեն:

Այս ընթացքում Կարեն Վարդանյանի ֆեյսբուքի էջից նշվել է նրա գտնվելու վայրը, համաձայն որի՝ Կարենը Դուբայում է, ըստ որում՝ Ֆիլիպ Արզումանյանի խոսքով՝ որոշակի տեղեկությունների համաձայն՝ այդ նշումն արվել է Երևանից: Վկան, սակայն, այս հանգամանքը դատարանում չպնդեց:

«Ես միայն այն կարող եմ պնդել, ինչն իմ աչքով եմ տեսել»,- ասաց Արզումանյանը:

Ֆիլիպ Արզումանյանի խոսքով՝ տեղի ունեցածից հետո ինքը փորձել է Կարեն Վարդանյանից պարզաբանումներ ստանալ, գրել է նրա ֆեյսբուքի էջին, և Կարենի էջից կծկտուր պատասխաններ ստացել, թե չի կարող խոսել, ինտերնետի կապը լավը չէ և այլն: Տաթևիկ Բեգլարյանն էլ Զոհրաբյանին հայտնել է, որ ինքը չի լքելու բնակարանը, մինչև Կարեն Վարդանյանն այդ մասին իրեն սկայպով չասի:

Ֆիլիպ Արզումանյանի խոսքով՝ իրենք հասկացել են, որ ինչ- որ բան այն չէ և այդ պահից քայլեր ձեռնարկել՝ Կարենին հայտնաբերելու ուղղությամբ, դիմել ոստիկանություն, որից հետո արդեն ապրիլ ամսին ոստիկանության կողմից տարածված տեսնյութից պարզ է դարձել, որ իրենց ընկերոջը սպանել են:

Արզումանյանի խոսքով՝ մինչև Գևորգ Զոհրաբյանի ձերբակալվելն ինքը մեկ անգամ հանդիպել է նրա հետ, և վերջինս հայտնել է, որ տեղյակ չէ Վարդանյանի գտնվելու վայրի մասին:

Դատարանում այսօր հարցաքննված վերջին վկան Էդիկ Ավետիսյան էր, ով նշեց, որ Արթուր Միհրանյանն իր մորեղբոր որդին է:

Ավետիսյանն ասաց, որ Արթուր Միհրանյանն ու Գևորգ Զոհրաբյանը, հավանաբար իրենց ձերբակալման օրը, գնացել են իր մոտ՝ «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով՝ դրա սալոնի վերևի հատվածը փոխելու:

Ըստ վկայի՝ Արթուրն իրեն ասել է, որ մեքենան Գևորգից է գնել, ապա ինքը վերանորոգել է այն, վճարել են ու գնացել:

Ի պատասխան դատախազի հարցի՝ Ավետիսյանը նշեց, որ մեքենայի սալոնում արյան հետքեր չի տեսել, չի հետաքրքվել, թե ինչու է պոկված սալոնի վերևի հատվածը:

Դատական նիստն ավարտվեց. հաջորդը մարտի 17-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter