
Հայաստանցի զբոսաշրջիկների չնչին մասն է օգտվում գործակալությունների ծառայություններից
2016 թվականին՝ ամբողջ տարվա ընթացքում, Հայաստան է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ: 2015-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 5.7%-ով:
Միևնույն ժամանակ, զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 262 687 մարդ՝ 6.3%-ով ավելին, քան նախորդող տարում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):
Հայաստան եկած զբոսաշրջիկների միայն 14%-ն է հանգրվանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Սա Իսկ մնացածը նախընտրել են բարեկամների ու հարազատների տանը իջևանել կամ վարձով տրվող բնակարաններում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների զգալի մասը մեր հայրենակիցներն են, որոնք հանդիսանում են օտարեկրյա քաղաքացիներ։
Միայն ՀՀ հյուրանոցներում իջևանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել 174 724։ Սա հյուրանոցներում հաշվառվածների թիվն է։ ԱՎԾ-ից նշում են, որ նրանց 25.7%-ը ԱՊՀ երկրներից են, 25.8%-ը` ԵՄ երկրներից և 48.5%-ը` այլ երկրներից:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Այսպիսով, ՀՀ հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների մեծամասնությունը Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից են։
Հյուրանոցներում հաշվառված զբոսաշրջիկների բացարձակ թվաքանակը 2015 թվականի համեմատ աճել է 6.1%-ով։ 2015-ին նրանց թիվը կազմել էր 164 732։ Ընդ որում՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 4.2%-ով, գերմանացիներինը՝ 30.1%-ով, իրանցիներինը՝ 79.7%-ով։ Իսկ ամերիկացի զբոսաշրջիկների թիվը պակասել է 32.4%-ով, ֆրանսիացիներինը՝ 9.3%-ով։
Ըստ երկրների ներկայացրինք միայն հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների ցոցանիշները։ Իսկ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը ըստ երկրների վիճակագրությունը չի ներկայացնում։
Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Ինչ նպատակով են Հայաստան եկել
Կրկին ըստ հյուրանոցներում հաշվառվածների ցուցանիշների՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ կեսը նախորդ տարի հանգստի և ժամանցի նպատակով է եկել, մոտ 32%-ը՝ գործնական, իսկ մնացածն՝ այլ նպատակներով։
17%-ով աճել է հանգստի ու ժամանցի նպատակով եկածների թիվը։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Հայաստանցի զբոսաշրջիկների մեծ մասն ինքնություն է կազմակերպում իր ուղևորությունը
Ինչպես նշեցինք վերևում 2016 թվականին Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնածների թիվը կազմել է 1 262 687։ Նրանցից կազմում ուղևորությունը կազմակերպելու համար զբոսաշրջային գործակալություններին ծառայություններից օգտվողների կշիռը 1%-ի էլ չի հասնում։ Սա էլ նշանակում է, որ հայաստանցիները նախընտրում են ինքնուրույն կազմակերպել իրենց ուղևորությունը դեպի արտասահման։
Մեկնաբանել