HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ու՞ր է «անհետացել» Լեհաստանից Հայաստան արտահանված միլիոնավոր դոլարների պանիրը

Լեհաստանի կենտրոնական վիճակագրական գրասենյակից «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2015-2016թթ. Լեհաստանից մեծ խմբաքանակով պանիր և կաթնաշոռ է արտահանվել Հայաստան։ Մինչդեռ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ նույն ընթացքում այս ցուցանիշը ընդամենը մի քանի հազար դոլար է։ Ու՞ր են «կորել» Լեհաստանից Հայաստան ճանապարհված միլիոնավոր դոլարների պանիրն ու կաթնաշոռը. վերջին երկու տարիներին Հայաստանից պանրի արտահանման ու ներմուծման վերաբերյալ սա միակ հարցը չէ։ Բայց, ամեն ինչ՝ նախ սկզբից։

Վերջին երկու տարիները (2015-2016թթ.) հայ պանրագործների համար լավագույն ժամանակները չէին։ Հատկապես 2015 թվականին պանիր արտադրող հայկական ընկերությունների աշխատանքին լրջորեն խոչընդոտեց համաշխարհային շուկայում կաթի փոշու գնանկումը։ Այն հարվածեց պանրագործների եկամտին։

Եվ մեկ տարի անց այս իրավիճակում պարզվեց, որ նույն 2015 թվականին Հայաստանից պանրի արտահանումը զգալի և վերջին տարիների համար աննախադեպ աճ է գրանցել։ Սա ավելի քան տարօրինակ էր՝ հաշվի առնելով պանրագործների վիճակը և բողոքները, թե ամբողջ տարին էական վնասներ են կրել։  Այսպես, ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ 2015 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ  23,6 մլն դոլար մաքսային արժեքով պանիր ու կաթնաշոռ (9,1 հազ. տոննա), որը 4,8 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը։ Իսկ արտահանման ֆիզիկական ծավալներն աճել են 5,9 անգամ։ Եվ սա այն պարագայում, երբ երկրում պանրի արտադրության ֆիզիկական ծավալներն, ըստ ազգային վիճակագրական ծառայության, 2015-ին աճել են ընդամենը  1,5%-ով։

Ընթերցողի համար միջանկյալ նշենք, որ պանիր և կաթնաշոռ ապրանքախումբը մաքսային ծառայությունը ներկայացնում է մեկ կոդի ներքո։ Դա միջազգային չափանիշ է։ Հայաստանից այս ապրանքախմբի արտահանման դեպքում պետք է նկատի առնել հիմնականում պանիրը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ)  «Հետք»-ին տեղեկացրին, որ  2015-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 8,7 հազ. տոննա պանիր։ Այսինքն՝ մաքսայինի նշած 9,1 հազ. տոննա պանիր և կաթնաշոռից 8,7 հազ. տոննան միայն պանիրն է։

Հայաստանից արտահանվող պանրի ու կաթնաշոռի հիմնական «հանգրվանը» Ռուսաստանն է։ 2015-ին, ըստ մաքսային արժեքի, արտահանված խմբաքանակի 98 %-ի գնորդն այս երկիրն է։        

Չնայած նվազմանը՝ 2016-ին զգալի չափով պանիր է արտահանվել

2016 թվականին հայ պանրագործների վիճակը որոշակիորեն բարելավվել է։ Այդ տարի ևս Հայաստանից մեծ քանակությամբ պանիր է արտահանվել։ Թեև ՀՀ մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել տարեկան տվյալները, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած զեկույցներից տեղեկանում ենք, որ 2016-ին ՀՀ-ից դեպի Ռուսաստան է արտահանվել 13,1 մլն դոլար մաքսային արժեքով 5,6 հազ. տոննա պանիր և կաթնաշոռ։ Նախորդող տարվա համեմատ ընդհանուր արժեքը նվազել է 43,5%-ով, իսկ ֆիզիկական ծավալները՝ 38 %-ով։

Նույն ընթացքում Հայաստանում պանրի արտադրությունն ավելացել է 20 %-ով։

 

Պանրի ռեսուրսների տարօրինակ դինամիկան

Թե որքան պանիր է Հայաստանում սպառվում ամեն տարի, կոնկրետ ցուցանիշ որևէ կառույց չի տրամադրում։ Փոխարենը ազգային վիճծառայությունը ներկայացնում է երկրում տվյալ ապրանքի ռեսուրսները տարեկան կտրվածքով։ Այն հաշվարկվում է այսպես՝ ընդամենը ռեսուրսները=արտադրություն+ներմուծում-արտահանում։ Եվ եթե տարիների համեմատությամբ ցուցանիշը նույն շրջանակներում է լինում, ապա դրանից կարելի է եզրակացնել, որ մոտավորապես տարեկան այդքան պանիր է սպառվում երկրում։

Ըստ այդ տվյալների՝ Հայաստանում պանրի տարեկան ռեսուրսները, և ինչպես կարելի է ենթադրել՝ նաև սպառումը կազմում է շուրջ 17-19 հազ. տոննա («Լարի» պանրագործների միությունը ևս մի առիթով այս շրջանակն է նշել որպես պանրի տարեկան սպառում)։ Սակայն 2015 թվականին այս ցուցանիշը խիստ անկում է ապրել և 11 հազ. տոննա էլ չի կազմել։ Բանն այն է, որ պաշտոնական տվյալներով՝ այդ տարի արտահանումը զգալի աճել է, իսկ արտադրության աճն այնքան փոքր է եղել, որ արդյունքում ռեսուրսները գնահատվել են մոտ 11 հազ. տոննա։

2016-ին էլ պանրի ռեսուրսները, պաշտոնական տվյալներով, վերադարձել են գրեթե նախկին մակարդակին, քանի որ արտադրությունն աճել է, արտահանումը՝ կրճատվել։ 

Ստացվում է, որ 2015 թվականին ՀՀ բնակչության շրջանում կտրուկ նվազե՞լ է պանրի օգտագործումը։ Եւ այս ցուցանիշները համադրելով՝ կարելի է հաստատել շրջանառվող այն տեղեկութոյւնները, որ արտահանվածի գերակշիռ մասը հայկական պանիր չէ։ Հայկական պանիրը տեղում է մնացել, սպառումն էլ՝ նույն մակարդակում, իսկ արտահանվածը ոչ հայկական պանիր է՝ հայկականի անվան տակ։ 

Տեղեկությունները տանում են Լեհաստան

Մինչ հայկական պաշտոնական կառույցները ոգևորվում են հայկական պանրի արտահանման ծավալների կտրուկ աճով, որոշ գործարարների շրջանում տեղեկություններ են պտտվում, որ արդեն երկու տարի է, ինչ Լեհաստանից մեծ ծավալի պանիր է հասնում Հայաստան, սակայն հայկական սահմանում չի մաքսազերծվում, այլ խոսքով՝ մաքսանենգ ճանապարհով։ Հետո այդ խմբաքանակը հայկական պանրի անվան տակ արտահանվում է Ռուսաստան։ Նույն աղբյուրները հենց սրանով են բացատրում 2015-2016թթ. Հայաստանից ՌԴ պանրի արտահանման կտրուկ աճը։ Լեհաստանից ստացված տվյալները ևս հաստատում են, որ այդ կասկածները հիմնավոր են։ 

Ու՞ր է «անհետացել» Լեհաստանից Հայաստան ճանապարհված միլիոնավոր դոլարների պանիրը

ՀՀ մաքսային ծառայության տվյաներով՝ Հայաստանը 2015 թվականին ներմուծել է ընդամենը 1,1 հազ. տոննա պանիր և կաթնաշոռ, որի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5 մլն դոլար։ Այդ թվում՝ Լեհաստանից Հայաստան է ներմուծվել ընդամենը մոտ 32 հազ. դոլար մաքսային արժեքով պանիր և կաթնաշոռ։

Մինչդեռ լեհական պաշտոնական վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ նույն ընթացքում միլիոնավոր դոլարների պանիր և կաթնաշոռ է Լեհաստանից արտահանվել Հայաստան։ «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Լեհաստանի կենտրոնական վիճակագրական գրասենյակից պատասխանեցին, որ 2015 թվականին իրենց երկրից Հայաստան է արտահանվել մոտ 16,4 մլն դոլարի պանիր և կաթնաշոռ։

 

 

2016 թվականին պանրի և կաթնաշոռի առևտրի վերաբերյալ Լեհաստանի ու Հայաստանի պաշտոնական կառույցների տրամադրած տվյալները դարձյալ էականորեն տարբերվում են։ Լեհաստանի վիճակագրական գրասենյակից շուրջ մեկ ամիս առաջ մեզ պատասխանեցին, որ 2016 թվականի իրենց տվյալներն ընդգրկում են հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը. տարեկանն առայժմ չկա։ Այսպես՝ նախորդ տարվա առաջին ինն ամիսներին, ըստ նրանց, Հայաստան է արտահանվել մոտ 7,5 մլն դոլարի պանիր և կաթնաշոռ։

Իսկ ՀՀ մաքսային ծառայության վերջին հրապարակման համաձայն՝ նախորդ տարվա առաջին վեց ամսում Լեհաստանից Հայաստան է արտահանվել ընդամենը մոտ 15 հազ. դոլարի պանիր։ Թեև հայկական կողմի ցուցանիշները կես տարվա կտրվածքով են, սակայն ակնհայտ է, որ տարբերությունը մեծ է նաև 2016 թվականի ցուցանիշներում։

Ուշագրավ է, որ պանրի ու կաթնաշոռի արտահանման վերաբերյալ Լեհաստանի պաշտոնական վիճակագրությունը Հայաստանի անունը ներառել է հիմնական երկրների շարքում միայն 2015 թվականին։ Այդ երկրի վիճակագրական գրասենյակն ամեն տարի հրապարակում է տարեգիրք, որտեղ առանձնացվում են նաև ապրանքներն՝ ըստ արտահանման և ներմուծման հիմնական երկրների։ 2015-ի պատկերը նկարագրող տարեգրքում պանիր և կաթնաշոռ ապրանքախմբում Հայաստանը ներառված է հիմնական երկրների շարքում, որտեղ Լեհաստանն արտահանել է այդ ապրանքախմբից։ Իսկ նախորդ առնվազն հինգ տարիների տարեգրքերում Հայաստանը հիմնականների շարքում չէ, ինչը նշանակում է, որ դեպի մեր երկիր պանրի և կաթնաշոռի արտահանման ծավալները իրենց վիճակագրությունում մեծ չեն եղել։ Եվ միայն 2015-ից է էական ծավալների հասել։

Իսկ, առհասարակ, Լեհաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր-երկրներից է, սակայն՝ ոչ առաջատարներից։ 

Պետական եկամուտների կոմիտեն խորհուրդ է տալիս, բայց չի պարզաբանում 

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչով է պայմանավորված հայկական և լեհական կողմի պաշտոնական տվյալների էական տարբերությունը պանրի և կաթնաշոռի առևտրի վերաբերյալ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խորհուրդ տվեց խորությամբ ուսումնասիրել համադրվող երկրների վիճակագրության վարման և տվյալների համադրության մեթոդաբանությունները: Գրավոր պատասխանում, մասնավորապես, նշված է. «Նմանատիպ համադրություններ կատարելիս (եթե վերլուծության առարկա են հանդիսանում տարբեր երկրների կողմից հրապարակված կամ անհայտ աղբյուրներից ստացված տվյալները), անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել համադրվող երկրների վիճակագրության վարման և տվյալների համադրության մեթոդաբանությունները:

Մեթոդաբանության տարբերությամբ պայմանավորված կարող են էական (օբյեկտիվ) շեղումներ առաջանալ համադրվող տվյալների մեջ, (մասնավորապես՝ ներմուծման վիճակագրությունը վարվում է ըստ ծագման երկրի, իսկ արտահանման վիճակագրությունը վարվում է ըստ նշանակման երկրի), հետևաբար հրապարակված տվյալները համադրելիս անհրաժեշտ է վերցնել համադրելի տվյալներ»։

ՊԵԿ-ի պատասխանն այսքանն էր, որում որևէ հստակություն չկար մեր հարցի վերաբերյալ։ 

Ի՞նչ ենք կարդում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ

Թեև ՊԵԿ-ը չի մանրամասնել, թե որ դեպքերում են երկրների պաշտոնական տվյալներն առևտրի վերաբերյալ տարբերություններ ունենում, սակայն այդ մանրամասները կարդում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից http://armstat.am/file/article/ft_2_nish_2016_14.pdf մեկում։ Դրանում ներկայացված են արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջացած տարբերությունների պատճառները։

Այդ պատճառներն, ըստ ԱՎԾ-ի, կարող են և՛ օբյեկտիվ լինել, և՛ սուբյեկտիվ։

Առաջինը մեթոդաբանական տարբերություններն են։ Այս տարբերակը, կարծես թե, մեր թեմայի համար չէ, քանի որ խոսքը միլիոնավոր դոլարների հասնող տարբերության մասին է, և դժվար թե երկու երկրների ցուցանիշներում այդքան մեծ տարբերություն լինի միայն մեթոդաբանական պատճառներով։ Մանավանդ այն դեպքում, երբ, ինչպես նշված է ԱՎԾ-ի պարզաբանման մեջ, բոլոր երկրները կիրառում են ՄԱԿ-ի կողմից առաջարկվող («Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ», 2010թ. հրապարակում) արտաքին առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությունը։

Մյուս պատճառը կարող է լինել տեխնիկական։ Այստեղ նկատի է առնվում, որ կարող են լինել գրանցման ամսաթվերի տարբերություններ։ Կամ՝ որոշ դեպքերում արտահանող երկրի կողմից առաքված ապրանքը չի հասնում նշանակման երկիր: Կամ էլ գործընկեր-երկիրը կարող է միտումնավոր չգրանցել արտահանվող կամ ներմուծվող ապրանքը, մինչդեռ մյուս գործընկեր-երկրում տվյալ ապրանքը գրանցվում է։

Եվ երրորդ պատճառը վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղումն է։ Այստեղ առևտրային հարաբերությունների մեջ գտնվող կողմերը կարող են դիտավորյալ սխալ նշել գործընկեր-երկրին։ Ինչպես նաև՝ ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաև միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով: Արտահանողները կարող են միտումնավոր գերագնահատել արտահանվող ապրանքների քանակը և արժեքը վերադարձվող ԱԱՀ-ի ավելացման նպատակով։

Այս երրորդ տարբերակն, ըստ երևույթին, հենց մաքսանենգությունն է։

Թե հայ-լեհական առևտրում պանրի ու կաթնաշոռի առուվաճառքում այս պատճառներից որն է գործել, կարող են պարզել համապատասխան պաշտոնական կառույցները։ Եվ եթե գործարարների տեղեկությունները ճիշտ են, ու մասքանենգություն է տեղի ունեցել, ապա ՀՀ պետբյուջեն զգալի գումարներ է կորցրել դրա հետևանքով, քանի որ փաստացի մեծ ծավալի ներմուծումը չի գրանցվել, և դրա համար համապատասխան վճարներ չեն գանձվել։ Դրան էլ գումարած մյուս բացասական հետևանքները։

Համենայնդեպս, փաստ է, որ Հայաստանից պանրի արտահանման և ներմուծման ցուցանիշները կասկածների ու անվստահության տեղիք են տալիս։

Եվ վերջում հավելենք, որ ՍԱՊԾ-ից «Հետք»-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանից պանիր է արտահանել 28 ընկերություն։

Ի դեպ, պանիրը միակ ապրանքատեսկը չէ, որի արտահանման ցուցանիշների վերաբերյալ կասկածներ կան, որ իրականում այն վերաարտահանում է և ոչ թե՝ արտահանում։ Նախորդ տարի բուռն քննարկվեց թուրքական լոլիկի թեման։ Թե՛ մամուլում, թե՛ գործարար աշխարհում տեղեկություններ հայտնվեցին, որ մեծ քանակությամբ թուրքական լոլիկ է մաքսանենգ ճանապարհով մտել Հայաստան, չի մաքսազերծվել և հայկականի անվան տակ արտահանվել է Ռուսաստան։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Եվ դրանով էր պայմանավորված ՀՀ-ից դեպի ՌԴ լոլիկի արտահանման աստղաբաշխական աճը։ Պատասխանատու մարմիններն, ինչպես և սպասվում էր, հերքեցին այս տեղեկությունները, բայց այդ հերքումները ոչ բոլորի համար են համոզիչ ու տրամաբանական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter