HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական «հյութեղ» խոստումներ՝ նախընտրական ծրագրերում. մաս 1

Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ։ Ինչպես միշտ, նախընտրական ծրագրերում առանձին ուշադրություն է դարձվում տնտեսությանը՝ խոստումներով, հեռանկարներով, ախտորոշումներով ու կանխատեսումներով։ Ով ինչ է խոստանում բնակչությանը, եթե իշխանության գա։ Համառոտ ներկայացնում ենք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ տնտեսությանը վերաբերող դրույթները: 

ՀՀԿ-ի խոստումներում թվային ցուցանիշներ չկան

 Հայաստանի հանրապետական հուսակցությունը շեշտադրում է  գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների աճի անհրաժեշտությունը, արտահանման խթանումը, առաջընթացը ենթակառուցվածքների մասով, գյուղերի վիճակն ու զբոսաշրջությունը։

Այս ամենով հանդերձ՝ ՀՀԿ-ի ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածում չկան թվային ցուցանիշներ։ Այլ կերպ ասած՝ չկան չափելի խոստումներ։  Ի դեպ, այդ հատվածում տեղ գտած մտքերի մի մասը, կարծես թե, կրկնությունն են վարչապետ Կարեն Կարապետյանի և նոր կառավարության 100 օրվա գործունեության առիթով հրապարակված   զեկույցի մտքերի։

«Մեր նպատակն է. բիզնեսի համար անկանխատեսելի ռիսկեր պարունակող գործարար միջավայրից անցում ապահովել դեպի այնպիսի միջավայր, որտեղ պետության կարգավորումներն ունեն նվազագույն անհրաժեշտ ծավալ, բարձր հստակություն, համաչափ և հավասար կիրառություն, կայունություն և կանխատեսելիություն, իսկ բիզնես վեճերը կարգավորվում են արդար ու արդյունավետ (հատկապես՝ ժամանակայի առումով)»,- նշված է ծրագրում։

ՀՀԿ-ն իր նպատակներից է համարում օտարեկրյա ներդրումների՝ ներկայիս անբավարար ամակարդակի կտրուկ աճի ապահովումը։ Դրա համար, ըստ կուսակցության, պետք է բարձրացնել ներդրումների ոլորտում պաշտպանության և վստահության, ճանաչելիության մակարդակը։

Կարևորվում է նաև արտահանման խթանումը՝ նեղ ուղղվածությամբ արտահանող երկրից վերածվելու դիվերսիֆիկացված, ենթակառուցվածքներով ապահովված, հարևան շուկաների պահանջարկներին արագ արձագանքով տնտեսության։

«Որպես առաջնային նպատակադրում՝ անհրաժեշտ է սահմանել ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման առնվազն 40-45% տեսակարար կշռի ապահովում»,- նշված է ծրագրում։

Ենթակառուցվածքների բարելավման մասով ՀՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է մշակել և իրականացնել ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա ծրագիր, որը ձգվելու է 2017-2022 թվականները։ Ստեղծել ու ներմուծել նոր համակարգեր, ավիաընկերությունների համար ապահովել ազատ մրցակցային շուկա, անցում կատարել ժամանակակից էլեկտրաէներգետիկական նոր շուկայի, բարձրացնել ջրամատակարարման որակը և այլն։

Գյուղերում առաջընթաց ապահովելու համար կուսակցությունը նախատեսում է 2018-2020 թվականներին բարձրացնել գյուղատնտեսական հողատարածքների նպատակային օգտագործումը, նույն ժամանակում տարեկան մինչև 100 հա նոր պտղատու այգիներ հիմնելու համար նախապայմաններ ստեղծել։ Ինչպես նաև՝ ավելացնել գյուղատնտեսական վարկերի մատչելիությունը, բարելավումներ ներառել գյուղտեխնիկայի, ապահովագրության, գինեգործության և այլ ենթաոլորտների մասով։ Խոստանում են գերկարևորություն տալ սննդամթերքի անվտանգությանը։

Եվ տնտեսության վերջին ենթաոլորտը, որն իր ծրագրում առանձնացրել է ՀՀԿ-ն, զբոսաշրջությունն է։ Աշխարհին Հայաստանն ավելի ճանաչելի ու զբասաշրջիկների գրավելու համար կուսակցությունն անհրաժեշտություն է տեսնում արդյունավետ մարքեթինգի, սահմանային անցման ընթացակարգային պարզեցման, Ճապոնիայի, Կանադայի, Ծոցի որոշ երկրների քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանման, բաց երկնքի քաղաքականության բարելավման և այլն։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն առաջարկում է փոփոխություններ հարկային դաշտում և ոչ միայն

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրում արդեն հանդիպում ենք թվային ցուցանիշներ։ Տնտեսական խոստումներն էլ ավելի համառոտ են։ Օրինակ՝ տնտեսությունը զարգացնելու քայլերից մեկն, ըստ Դաշինքի, ազատ և հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33% շեմ սահմանելն է։  

Կամ՝ լիովին պարզեցնել հարկային և մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6-ի (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Նշվում է նաև ԱԱՀ-ի գանձումը սահմանում վերացնելու մասին և այլն։

Մյուս քայլը՝ ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա։ Այսինքն՝ «հսկիչ գներ» կոչվող երևույթի վերացումը։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջարկած քայլերից են նաև ծանր վիճակում գտնվող գյուղացիական տնտեսությունների վարկերի համաներումը, գազի և էլեկտրաէներգիայի սակագների 25%-ով նվազեցումը, երթևեկության կանոնների  խախտման համար սահմանվող տուգանքների առնվազն երկու անգամ նվազեցումը, «Նաիրիտ»-ի վերագործարկման նոր ծրագրի մշակումն ու համապատսխան քայլերը և այլն։

Առանձնացված են նաև ներդրումները։ «Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթն ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով»,- նշված է ծրագրում։

Դաշինքը կարևորում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու տուրիզմի զարգացումը։

«Ծառուկյան» դաշինքը խոստանում է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը

«Ծառուկյան» դաշինքն ավելի վաղ էր հրապարակել իր տեսլականն ու առաջարկվող քայլերը, որոնց բաղկացած են 15 կետերից։ Դրանք բավականին երկար քննարկվեցին։ Ոմանք որակեցին պոպուլիզմ, ոմանք՝ իրատեսություն։

Առաջին հինգ կետերն են. «Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել:

22018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ:

Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից:

Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:

Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում»։

«Ծառուկյան» դաշինքը խոստանում է, որ իրենց կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և կարմիր գծերի վերացումը: Դաշինքը նաև խոստանում է սառեցնել  կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը, էապես իջեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագները, առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը, վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը և այլն։

Ինչպես «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, անպես էլ՝ «Ծառուկյան» դաշինքը խոստանում է մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչների» կիրառումը:

«Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»,- այս կետով էլ եզարփակվում են «Ծառուկյան» դաշինքի 15 առաջ քաշած 15 կետերը։

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter