HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը դատավորի փոխարեն որոշել է արգելել լրագրողի մուտքն արտագնա դատական նիստին

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում այսօր նշանակված էր Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության առնչությամբ քրեական գործով արտագնա դատական նիստ: Նշենք, որ սպանությունից տասը տարի անց այսօր դատարանում քննվում է գործ, ըստ որի՝ Նարեկ Խաչատրյանը, սպանությունը   պատվիրելու համար դատապարտված Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նյութապես շահագրգռելով Արսեն Առուշանյանին՝  դրդել է, որպեսզի  վերջինս սպանի Զատիկյանին, այսինքն՝ Խաչատրյանն, ըստ իր վերաբերյալ քրեական գործի նյութերի սպանության «երկրորդ պատվիրատուն» է:

Այս գործի շրջանակներում դատարանն անհրաժեշտ է համարել հարցաքննել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Ստեփան Հակոբյանին, ում նկատմամբ սպանությունը պատվիրելու համար նշանակվել է 15 տարվա ազատազրկում: Հակոբյանը, սակայն, մի քանի դատական նիստերի տարբեր պատճառաբանություներով չի ներկայացել դատարան, և դատավոր Ռոբերտ Պապոյանը նրան հարցաքննելու համար որոշում է կայացրել արտագնա նիստ անցկացնել «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Նշենք, որ դատական նիստի մեկնարկից առաջ «Հետքի» լրագրողը ներկայացավ քրեակատարողական հիմնարկ՝ զգուշացնելով, որ պատրաստվում է լուսաբանել Նարեկ Խաչատրյանի գործով դատական նիստը: ՔԿՀ համապատասխան աշխատակիցները լրագրողին ասացին, որ դեռևս հայտնի չէ դատական նիստի դահլիճն`առաջարկելով սպասել: Այս ընթացքում ՔԿՀ եկավ նաև դատավոր Պապոյանը, և ՔԿՀ աշխատակիցները նրան հայտնեցին, որ լրագրողը ցանկանում է լուսաբանել դատական նիստը: Դատավորն այս առնչությամբ որևէ բացասական արձագանք չտվեց և  ի գիտություն ընդունեց ասվածը:

Քիչ անց ՔԿՀ պետի՝ Արսեն Աֆրիկյանի աշխատասենյակ տարան գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանին, և երբ «Հետքի» լրագրողը ցանկանում էր մտնել աշխատասենյակ, որտեղ, ինչպես պարզվեց, պիտի տեղի ունենար դատական նիստը, Աֆրիկյանի քարտուղարկուհին թույլ չտվեց:

«Դա Ստյոպիկի նիստը չի»,- նկատի ունենալով դատապարտյալ Ստեփան Հակոբյանին`ասաց քարտուղարուհին: Րոպեներ անց ՔԿՀ պետի աշխատասենյակ տարվեց նաև Ստեփան Հակոբյանը: Քարտուղարուհին դարձյալ լրագրողին թույլ չտվեց պետի աշխատասենյակ՝չնայած  արդեն պարզ էր, որ այնտեղ տեղի է ունենալու հենց Ստեփան Հակոբյանի հարցաքննությունը:

«Հետքի» լրագրողի պնդումից հետո, որ ինքը մտնում է աշխատասենյակ, և եթե անհրաժեշտություն լինի, ինքը դատարանին կպարզաբանի, թե ինչ իրավունքով է դահլիճում, քարտուղարուհին խնդրեց սպասել ևս մի քանի րոպե, մինչև ինքը կապ հաստատի պետի հետ:

Աֆրիկյանը քարտուղարուհու միջոցով «Հետքի» լրագրողին ասաց, որ սպասի ևս մի քանի րոպե, մինչև ինքը կզանգահարի:

Րոպեներ անց Աֆրիկյանը զանգահարեց, և քարտուղարուհու փոխանցմամբ`հայտնեց, որ լրագրողի մուտքը դատական նիստին արգելվել է:

Մինչդեռ, ինչպես պարզվեց, դատարանում լրագրողի մասնակցության հարց առհասարակ չի քննարկվել այն պարզ պատճառով, որ դահլիճում լրագրող չի եղել:

Նիստի ավարտից հետո «Հետք»-ի լրագրողը Աֆրիկյանից պարզաբանում պահանջեց, թե ի՞նչ իրավունքով է վերջինս դատավորի փոխարեն որոշում կայացրել և արգելել լրագրողի մուտքը դռնբաց դատական նիստին:

Աֆրկյանը փորձեց հերքել, թե ինքն արգելելէ ու մեղքը բարդել դատավորի վրա:

«Ներս թողողը ես չէի»,- շարունակ կրկնում էր ՔԿՀ պետն ու հավելում, որ եթե ինքը միտում ունենար լրագրողին ներս չթողնելու, ապա առհասարակ ՔԿՀ տարածք չէր թողնի:

Մեր հարցին, թե ի՞նչ է ասել իրեն դատավորը լրագրողի ներկայության առնչությամբ, Աֆրիկյանը պատասխանեց, որ երբ քարտուղարուհին իրեն զանգել է, ինքն այդ մասին տեղյակ է պահել դատավորին և վերջինս պատասխանել է`«նիստը սկսվել է» և ինքն այդ խոսքերը փոխանցել է քարտուղարկուհուն:

Մեր դիտարկմանը, որ քարտուղարուհին այդ խոսքերը չի փոխանացել, այլ հայտնել է, որ լրագրողի մուտքը նիստերի դահլիճ արգելվում է, և հարցին`այսինքն՝ քարտուղարկուհին ապատեղեկատվությո՞ւն է հայտնել,  Աֆրիկյանը հստակ պատասխան չտվեց, ապա ներս մտավ քարտուղարուհին:

Վերջինս չհերքեց, որ լրագրողին ասել է, թե իր մուտքը չի թույլատրվում:

Հարցին' այսինքն՝ ըստ ձեզ «դատական նիստը սկսվել է» արտահայտությունը նշանակում է, որ լրագրողի մուտքը այդ նիստին արգելվո՞ւմ է, Աֆրիկյանը պատասխանեց, որ այո, դատարանի այդ խոսքերից բխում է, որ լրագրողի մուտքը նիստերի դահլիճ արգելվել է՝ հավելելով, որ երբ ինքը դատավորից հարցրել է՝ լրագրողը կարող է ներս մտնել, դատավորն ասել է՝ «ոչ, դատական նիստը սկսվել է»:

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ  Նարեկ Խաչատրյանի գործով դատավորը արտագնա դատական նիստ է անցկացնում ՔԿՀ-ում:

Ավելի վաղ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հարցաքննվել է նաև Զատիկյանի սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը, և դատավորը որևէ խոչընդոտ չի առաջացրել`դռնբաց դատական նիստը լուսաբանող լրագրողների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter