HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյանի գործով շարունակվեց տուժողների հարցաքննությունը

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մարտի 9-ին շարունակվեց Արարատ Խանդոյանի գործով դատաքննությունը, ցուցմունքներով հանդես եկան հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության տուժած աշխատակիցները։

Տուժող ոստիկան Սմբատ Գաբրիելյանը ցուցմունքի մեջ նշեց, որ չի տեսել, թե ովքեր են կիրառել հատուկ միջոցներ, ասաց, որ ինքը մասնագետ չի եւ չի կարող ասել՝ ինչպիսին են լուսաձայնային նռնակներից առաջացած հետևանքները։

Տուժող Դավիթ Սարգսյանն էլ ասաց, որ ոստիկանության շղթայում գտնվելու ժամանակ 10-15 քայլ առաջ շարժվելու հրաման են լսել, ինքը ոտքից վնասվածք է ստացել։ Ոստիկանության աշխատակիցը նշեց նաև, որ ոստիկանության զինծառայողների կողմից ժողովրդին հանգստացնող կոչեր են արել։ «Ոստիկանության աշխատակիցները կոչ էին անում ժողովրդին ցույցը դադարեցնել, ասում էին, որ անօրինական է, իսկ ժողովուրդն ուզում էր գնալ դեպի ոստիկանության աշխատակիցների գումարտակ»,-ասաց Դավիթ Սարգսյանը։

Տուժող Նորիկ Անտոնյանը նույնպես նշեց, որ ոստիկանության աշխատակիցները փակել են ճանապարհը, որպեսզի ժողովուրդը չկարողանա դեպի ՊՊԾ գունդ շարժվել։ «Քաղաքացիների համար վտանգավոր էր, քանի որ գնդում զինված մարդիկ կային։ Ժողովուրդը գոռում էր ՝ ճանապարհը բացեք, մենք գնում ենք ՊՊԾ գունդ»,- նշեց ոստիկանության աշխատակիցը։

Նորիկ Անտոնյանը հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցները զինված չեն եղել, տարածքում չի տեսել նաև մարտական մեքենաներ։

Տուժող ոստիկաններից Ժիրայր Պետրջիկյանը նշեց, որ ժողովրդի կողմից նետել են քար, շշեր, փայտեր։

Վաշտի ավագ Արամայիս Հարությունյանն էլ ցուցմունքում նշեց, որ լուսաձայնային նռնակները նետելուց հետո ժողովուրդը գնացել է հետ, ոստիկանները շղթան առաջ են տարել։ Տուժող ոստիկանը նշեց, որ հրամանը լսել է կապի միջոցով՝ականջակալով, և չի կարող ասել՝ ով է հրաման տվել։

Դատական նիստի վերջում  Արարատ Խանդոյանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց և նշեց, որ նա պաշտպանում է միայն ոստիկանության տեսակետը։ Միջնորդությանը միացավ նաև Արա Կարագյոզանը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներին ձեռքերով և ոտքերով հարվածելու, ինչպես նաև քաշքշելու և վահան քաշելու մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter