HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հրանտ Բագրատյան. «Ո՞նց կարող է մի երկրի տնտեսություն զարգանալ, որտեղ դրամով վարկը, լավագույն դեպքում, 15%-ով է տրվում»

«Հայաստանում առաջիկա հինգ տարիներին հնարավոր է ապահովել տարեկան միջինը 6.7-7.5% տնտեսական աճ»,- այս մասին հայտարարում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։

Կուսակցության  ներկայացրած «Մրցունակ Հայաստան. Կառավարության գործունեության նախընտրական ծրագիր»-ն, ըստ կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանի, հստակ պատասխանում է այն հարցին, թե ինչպես կարելի է ապահովել տարեկան միջինը 6.7-7.5% տնտեսական աճ։

Ըստ ծրագրի՝ տնտեսական աճի բարձր տեմպեր կարող են ապահովվել ՀՆԱ-ում կուտակման ու ներդրումների, ՓՄՁ տեսակարար կշռի, պետական պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժնի, համայնքների տնտեսական իրավունքների ու ռեսուրսների շեշտակի ավելացման, արտագաղթի կասեցման, կառավարման ազատականացման, կոռուպցիայի անկման և սոցիալական համերաշխոթյան հաշվին։

Մարտի 10-ին Հ. Բագրատյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը ներկայացրեց իրենց ծրագրերի խարիսխներն ու պատասխանեց «Հետք»-ի մի քանի հարցերին։

«Մեզ համար ծրագիրն այն է, երբ մարդը նստում ու համեմատում է մակրոտնտեսական ցուցանիշները, ասում է տնտեսությունը կաճի, հետո բյուջեն կաճի, հետո՝ այդ աճած մասն այսպես կբաժանեմ։ Երկիրն այսօր կոլապսի մեջ է։ Երկիրն անվճարունակ է, նոր պարտքեր վերցնելով մի կերպ յոլա ենք գնում։ Պարտքերի նոր փուլ էլ կգա ընտրություններից հետո։ Մենք նստել, մտածել ենք՝ ոնց անենք, որ երկիրն աճի։ Մտածել ենք զսպանակները, մակրոտնտեսական փոփոխականները»,- հայտարարեց  տնտեսագետը։

Նրա խոսքով առաջին անհրաժեշտ քայլն է՝ ավելացնել ներդրումները, հատկապես՝ ներքին խնայողությունների հաշվին։ Սակայն, այստեղ, ըստ Հ. Բագրատյանի, խանգարում է միայն ՀՀ Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ). «Չի թողնում ներդրումային հիմնադրամ լինի։ Մեր ներդրումները օլիգարխների ներդրումներն են՝ դրսից կամ ներսից։ Մենք չենք սովորեցնում ժողովրդին ներդրում անել։ Երկրում սպառումը գերազանցում է կամ մոտ է ՀՆԱ-ին։  Երկրորդը՝ մենք պետք է քաղաքներին ու գյուղերին տանք ֆինանսական լիարժեքություն։ Բոլորը՝ դու, ես, նա, քաղաքը, քաղաքապետը պետք է աշխատեն աճ ստեղծելու ուղղությամբ։ Մեր երկրում այսպես է՝ նախագահն ու վարչապետն են աշխատում  դրա վրա ու անընդհատ հարցազրույց տալիս դրա մասին»։

Ազատ դեմոկրատների առաջարկած հաջորդ «զսպանակը» տնտեսական ռեսուրսների ապակենտրոնացումն է։ «Օրինակ՝ փոքր բիզնեսի, նկատի ունեմ՝ միկրոն, փոքրն ու միջինը, տեսակարար կշիռը ՀՆԱ-ում պետք է լինի 70% (այսօրվա դրությամբ այս ցուցանիշը շուրջ 30%  է-հեղ.)։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով՝ այն կարող է արագորեն փոխվել։ Մեր երկրի տնտեսությունը չի պատժվում։ Եթե վատ տարի է կամ զրոյական աճով տարի, մենք չենք լսում, որ մի օլգիարխ սնանկանա։ Մինչդեռ պիտի սնանկանա, էլիտայի փոփոխություն պետք է լինի։ Անփոփոխ Հայաստա՞ն եք ուզում. այս ճահիճն է»,- վստահ է Հ. Բագրատյանը։

Սանձեք ԿԲ-ին՝ հորդորում է տնտեսագետը։ Ըստ նրա՝ թեև ԿԲ-ն գլխավորապես  դրամավարկային քաղաքականության համար է, սակայն այսօր ամեն ինչով զբաղվում է. «Հայաստանում տարվող շինարարությունը, հիփոթեքային ծրագրի հետ կապված, ԿԲ-ն է անում։ Ոչ ոք ինձ չի բացատրել՝ ինչու։

Մեր մյուս սանձողը ֆորվորդային բյուջետային քաղաքականությունն է։

Այս զսպանակները օգտագործելուց հետո տնտեսությունը  կսկսի զարգանալ։ Մենք հստակ հաշվարկներ ենք արել ու ստացել, որ կարող ենք ունենալ 6,5-7,5%  տնտեսական աճ, բայց այն դեպքում, երբ կունենանք դեմոկրատիա տնտեսության մեջ։ Մենք դեմոկրատիան կորցրել ենք քաղաքականության մեջ, հիմա էլ կորցնում ենք տնտեսության մեջ։

Ես կարծում էի, որ մեր ծրագրին մրցունակ ծրագիր կարող էի գտնել Հանրապետական կուսակցութան մոտ, բայց ես չեմ տեսնում այնտեղ այս խնդիրների բարձրացումը։ Այս ահռելի պրոբլեմների»,- նշեց Հ. Բագրատյանը։

Տնտեսագետը նաև շեշտում է. «Մենք տեսնում ենք, որ դեռևս կարելի է վիճակը փրկել։ Ավելին՝ պոպուլիստական ոչինչ չունենք։ Մենք ազնվորեն ասում ենք, եթե թոշակն ու նվազագույն աշխատավարձը պետք է արագ բարձրացնենք, ապա շանս չենք տեսնում միջին աշխատավարձը առաջին ութ տարիներին լրջորեն բարձրացնելու»։

Ազատ դեմոկրատների ծրագրի դրույթներից  մի քանիսը վերաբերում են հարկային համակարգին։ Առաջարկվում է կիրառել եռաստիճան հարկային համակարգ։ Առաջինը՝ գործունեության որոշ տեսակների, օրինակ՝ գյուղատնտեսության, հանրային սննդի կազմակերպման և առևտրի ոլորտներում սահմանել հարկում միանվագ կամ հաստատագրված վճարների տեսքով։ Երկրորդը՝ վարձու աշխատանքի վրա հիմնված ձեռներեցությունը (ՓՄՁ, խոշոր բիզնես) մինչև 150 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում վճարիէ շրջանառության հարկ (ՇՀ) և եկամտահարկ։ Երրորդը՝ 150 մլն դրամից ավել շրջանառության դեպքում բոլորը վճարեն ԱԱՀ և շահութահարկ, եկամտահարկ (ներառյալ պարտադիր սոցիալական-կենսաթոշակային վճարները)։

Ըստ Բագրատյանի` այս և մյուս ծրագրերը կհանգեցնեն նրան, որ «մարդիկ կսկսեն աշխատել»։

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության թեմային՝ նա նշեց. «Եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ, հիմա ավելի լավ վիճակում կլինեինք։ Մի մոռացեք, որ  մենք ԵԱՏՄ երկրների հետ ազատ առևտրի գոտում ենք 2011 թվականից։ Առևտրում ոչինչ չի փոխվել. անմաքս առևտուր է եղել։ Սկզբում մենք դեմ ենք եղել ԵԱՏՄ-ին անդամակցելուն։ Բայց 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի ահավոր իրադարձություն: Հայաստանը, առանց դիտողություն անելու, ստորագրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը: Համաձայն այդ օրենսգրքի՝ 2017թ. հուլիսի 1-ից մաքսային արտոնությունները վերանում են: Մենք ինչու՞ պետք է  Իրանից դիզվառելիք գնենք և վճարենք հսկայական մաքսատուրք: Ինչու՞, մեր հարևանն է, մեր գործընկերն է։ Մենք կարծում ենք, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից և մնալ ազատ առևտրի գոտու մեջ»։

Հայաստանի բնակչության արտագաղթի մասին խոսելիս Հ. Բագրատյանը նկատեց, որ դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ տնտեսության մեջ աշխատողի պահանջարկ չունենք։ «Տնտեսությունը հենց սկսում է թափ հավաքել, այդ պահանջարկն առաջանում է, և արտագաղթը կանգնում է։ Ոչ մի բան մոգոնել պետք չի։ Եթե տնտեսական աճը կազմի, օրինակ, 3%, ապա արտագաղթը երկրից աճելու է, 6%-ի դեպքում զրոյանալու է, իսկ 7%-ի դեպքում դրական դինամիկա է լինելու։ Դրա համար էլ իշխող կուսակցությանը ես ասում եմ՝ ցույց տվեք` աճե՞լու ենք, թե՞ չէ»,- ասաց տնտեսագետը։

«Ազատ դեմոկրատներ»-ի ծրագրում նաև նշված է, որ դրամի արհեստական արժևորման արգելում է անհրաժեշտ։ Հ. Բագրատյանն այն մեկնաբանում է այսպես. «2008 թվականից հետո ճիշտ չէ, որ ունենանք լողացող կուրս, քանի որ խարիսխային արժույթները, ինչպես դոլարն ու եվրոն, կամայական վոլատիլություն են ցուցաբերում։ ԱՄՆ նախագահ Թրամփի իշխանության գալուց հետո այն մեծանում է։ Թրամփն ասում է՝ ինձ ուժեղ դոլար պետք չէ. ուժեղ տնտեսության համար ինձ պետք է թույլ դոլար, ես մոնետար սրսկումներն ավելացնելու եմ տնտեսության մեջ։ Այս ընթացքում մենք դրամը թողնում  ենք ու՞մ հետ լողա։ Դրամը պետք է լողա մի բանի նկատմամբ, որը կայուն է։ Հիմա խարիսխային, կայուն արժույթ գոյություն չունի։ Այդ պատճառով էլ մենք հիմա կարծում ենք, որ պետք է, ես եմ անվանել՝ կիսահաղորդչային քաղաքականության անցնել։ Մենք անընդհատ պետք է ձգտենք, որ դրամը մի փոքր արժեզրկվի դոլարի համեմատ։ Մենք արժեզրկում ենք նախատեսում. 2021 թվականին 1 դոլարը՝  561 դրամ։ Եվ մենք համարում ենք, որ դա միակ տարբերակն է տնտեսական աճը խրախուսելու։ Մենք համարում ենք, որ ստեղծված կոլապսից դուրս գալու միակ ելքը ոչ թե աշխատավարձն է և այլն, այդ ամենը մի կողմ թողնենք, հաստատապես կայուն բարձր տնտեսական աճի տեմպերն են»։

Ծրագրում ֆինանսական ոլորտին առնչվող դրույթներից մեկն էլ բանկերի նորմատիվային կապիտալին է վերաբերում։ Ըստ ԿԲ որոշման՝ 2017 թվականի հունվարի 1-ից  տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձել է 30 մլրդ դրամ։ Դա վերաբերում է նաև նոր գրանցվող բանկերին։ Նախորդ երկու տարիներին այս պահանջը ստիպեց հայաստանյան բանկերի մեծ մասին զգալի բարձրացնել իրենց նորմատիվային կապիտալը։ Ըստ «Ազատ դեմոկրատներ»-ի, սակայն, հարկավոր է զգալիորեն թուլացնել նոր բանկերի գրանցման պահանջները։ Մասնավորապես, դրանց հիմնական կապիտալի նկատմամբ պահանջները սահմանափակել 5 մլրդ դրամով՝ ներկայիս 30 մլրդ դրամի փոխարեն։

«Այդ 30 մլրդ դրամը կազմում է մոտ 70 մլն դոլար։ ԱՄՆ-ում ընդհանրապես նման պահանջ գոյություն չունի։ Ռուսաստանում 15 մլն դոլար է, Ղրղզստանում՝ 8 մլն դոլար, Ղազախստանում՝ 29 մլն դոլար, Բելառուսում ՝ 22 մլն դոլար։ Եթե դուք պահանջում եք 30 մլրդ դրամի կապիտալ, ուրեմն վարկը պետք է թանկանա։ Վարկը չի էժանանում։ Այս վերջին մեկ տարում որևէ դրական փոփոխություն չկա։ Ամենակարևորը՝ դեպոզիտների և վարկերի միջին տոկոսադրույքների միջև սպրեդը գնալով աճում է։ Ո՞նց կարող է մի երկրի տնտեսություն զարգանալ, որտեղ դրամով վարկը, լավագույն դեպքում, 15%-ով է տրվում։  Այդ ի՞նչ շահութաբերություն պետք է ունենաս, որ կարողանաս այդ տոկոսի տակից դուրս գալ։ Դրա համար էլ դեմ ենք այդ որոշմանը։ Իսկ եթե դա պահուստավորում է, որը ԿԲ-ն սահմանում  է առանց հասկանալու, ապա ինչու՞ է դա անում։ Իշխանությունն ասում է` միայն վնաս չլինի, միայն կայունություն լինի։ Կայունությու՞ն եք ուզում։ Բայց տնտեսական զարգացումն արդեն իսկ նշանակում է անկայունություն։ Զարգացում նշանակում է փոփոխություն։ Ուրեմն ընտրություն կատարեք փոփոխության և չփոփոխության միջև։ Իսկ մենք չենք վախենում փոփոխությունից։ Փոփոխությունը ևս կարող է բացասական հետևանք ունենալ, բայց տեսնում ենք, որ պրոֆեսիոնալ ձևով կարող ենք կառավարել դա։ Եվ այդ դեպքում մենք կունենանք աճող տնտեսություն»,- նշեց Հ. Բագրատյանը։

Ավելի ուշ նա հավելեց, որ իրենց կարծիքով` հանգիստ կարելի է վարկերի տոկոսադրույքներն իջեցնել՝ կիրառելով հետևյալ քայլերը. «Առաջին՝ ժամանակն է, որ ԿԲ-ն, ինչպես դա անում են զարգացած երկներում, ունիվերսալ բանկային համակարգից անցնի մասնագիտացված համակարգի։ Դա նշանակում է տնտեսական նորմատիվը, որը պահանջվում է բանկերից, կարող է փոխվել։ Եվ եթե մենք վարկավորում ենք փոքր բիզնեսը, ապա նորմատիվային պահանջները պետք է թուլացվեն։ Երկրորդ՝ ես չեմ կարծում, որ բյուջեից կարելի է տանել ու վարկի վրա փող դնել»,- նշեց տնտեսագետը։ Ըստ նրա՝ ՀՀ ներքին պարտքի կշիռը համախառն պարտքի կազմում պետք է լինի ոչ թե 15%, այլ՝ 50%. «Լավ է, երբ ներքին պարտքը մարում ենք, եկամուտը մնում է ներսում։ Այնպես որ, պետք է և ճիշտ է, որ դեպոզիտների տոկոսները նվազեն։ Մեր կոնցեպցիայի հիմքում ներքին ներդրումների խրախուսումն է։ Չպետք է խրախուսվեն միայն արտաքին ներդրումները»,- նկատում է Հ. Բագրատյանը։

«Ազատ դեմոկրատներ»-ի ծրագրում նաև նշված է, որ աշխարհասփյուռ հայությունն այսօր տնօրինում է 440-450 մլրդ դոլարի կապիտալ։ Կուսակցությունն առաջարկում է մեխանիզմներ, թե ինչպես կարելի է այդ գումարները ներդրումների տեսքով ծառայեցնել Հայաստանի տնտեսությանը։ Մասնավորապես` ասվում է, որ ՀՀ ԿԲ-ն, ինչպես նաև այլ սուվերեն ներդրումային ֆոնդեր, ըստ մեր հայրենակիցների տարաբնակեցման, տեղում նրանց կառաջարկեն դրամական և արժութային սերտիֆիկատներ, ՀՀ պետական և կառավարական ներդրումային արժեթղթեր, դեպոզիտային հաշիվներ և այլն։

«Հայաստանը մինչև հիմա Սփյուռքին ներդրումներ անելու մեխանիզմներ չի առաջարկում։ Ասում է՝ եթե  նվեր տաս, հնարավոր է, բայց ներդնել հնարավոր չէ։ Օրինակ՝ մահանում  է ամուսնական զույգը Անգլիայում կամ Ֆրանսիայում։ Այս զույգը բանկում ունի 50 հազար ֆունտ։ Այդ փողը մնում է Անգլիային ու Ֆրանսիային։ Ինքը հնարավորություն չունի ներդրում անելու և իմանալու, որ իրեն չեն խաբի։ ՀՀ ԿԲ-ն թույլ չի տալիս, որ ներդրումային ֆոնդեր բացվեն, այսինքն՝ այդ մարդկանց ներդրումներ անելու հնարավորություն չի տալիս։ Պետությունը պետք է հստակ մեխանիզմ ու երաշխիք ներկայացնի, որով ցույց կտա Սփյուռքին, որ այստեղ ներդրումներ անելով՝ նրանք չեն կորցնի»,- նշեց Հ. Բագրատյանը։

Բագրատյանը և նրա թիմն իրենց ծրագրով նախատեսում են նաև փոխել ներկա պարտադիր կենսաթոշակային համակարգը։ Մասնավորապես՝ միջոցների կուտակման ժամկետը կսահմանափակվի 10 տարով. «Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսում։ Պետությունը պետք է երաշխավորի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը և թույլ տա եկամուտների մինչև 5 տոկոսը (ինչպես աշխատողների, այնպես էլ` գործատուների համար), առանց հարկման, փոխանցել նշված հիմնադրամներին։ Այդ միջոցներն ամբողջությամբ կհաշվառվեն արտադրանքի ու ծառայությունների ինքնարժեքի մեջ։ Պարտադիր կուտակայինի ներկա համակարգը կփոխվի՝ միջոցների կուտակման ժամկետը կսահմանափակվի 10 տարով, դրանք 100%-ով կներդրվեն ՀՀ պետական արժեթղթերի մեջ։ Առանց պետական երաշխիքների կուտակային ներդրումային ֆոնդերի գործառույթները չեն սահմանափակվի»։

Հավելենք, որ Ազատ դեմոկրատների ներկայացրած ծրագրի տնտեսական դրույթները , թերևս, ամենածավալունն են, բաղկացած են 133  կետից։

Լուսանկարը՝ Անուշ Բաբաջանյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter