HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱՊՊԱ գրասենյակներ կգործեն նաև մաքսային կետերի տարածքում

Ապահովագրական գործակալությունները այսուհետ կգործեն ոչ միայն մաքսային կետերին հարող տարածքում, այլև դրանց տարածքում։

Կառավարությունը հավանության արժանացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանի ներկայացրած որոշման այս նախագիծը և փոփոխություն կկատարի 2011 թվականին ընդունած որոշման մեջ։

ԱՊՊԱ գրասենյակները նաև մաքսային կետերի տարածքներ տեղափոխելու այս որոշումը ՊԵԿ-ը հիմնավորել է այն հանգամանքով, որ ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողների համար մաքսային տարածքին հարող գործակալությունում ապահովագրական գործընթացը կազմակերպելն առաջացնում է լրացուցիչ ժամանակային կորուստներ:

Վարչապետը հարցի քննարկմանը Միրումյանին հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել, թափանցիկ գործել՝ հաճախորդին ապահովագրական գործընթացը կազմակերպելու համար այլընտրանք տրամադրելով։

Որոշման այս նախագիծը ներկայացվել է ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարությունների քննարկմանը, սակայն այնտեղից առաջարկություններ և առարկություններ չեն հնչել:

Ի դեպ, օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ այս հանգամանքը բողոքի ալիք էր առաջացրել մաքսակետերի տարածքին հարող ԱՊՊԱ գործակալության աշխատակիցների շրջանում։ Նրանք բողոքել էին, որ մաքսակետերի տարածքում արդեն բացվել են ապահովագրական գործակալություններ և արդյունքում անգործ են մնացել։ Փորձեցինք ՊԵԿ-ի լրատվական վարչությունից պարզաբանում ստանալ այն մասին, թե ինչպես են մաքսային կետերում արդեն իսկ բացվել ապահովագրական գործակալություններ, եթե դրա հաստատման հարցը այսօր է ներկայացվել կառավարություն։ Սակայն ՊԵԿ-ից հորդորեցին գրավոր կերպով ուղարկել մեր հարցերը՝ պարզաբանում ստանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter