HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մխիթարյան. «Կիթառի պատրաստումը կարող է դառնալ եկամտաբեր բիզնես»

Գայանե Սարգսյան

Վանաձորցի ռոք երաժիշտ Տիրայր Մխիթարյանի պատրաստած կիթառները վերջին շրջանում սկսել են ակտիվորեն շրջանառվել ֆեյսբուք սոցիալական ցանցում: Առաջին կիթառը Տիրայրը պատրաստել է հենց իրեն համար: Սկզբնական շրջանում  հումքի ձեռք բերման, տեղեկատվության պակասի պատճառով նախ դժվարությունների է հանդիպել:

«Ամենատարբեր մանրուքներ կային: Ինֆորմացիայի հետ կապված դժվարություններ կային. ձեռնարկներ չկային, անհրաժեշտ տեղեկատվությունը համացանցում էի փնտրում, որը հիմնականում անգլերեն լեզվով էր,  չկար որևէ մեկը, ում կարող էի ինչ-որ բան հարցնել, նաև հումքի ձեռք բերման հետ կապված խնդիրներ կային»,- հիշում է Տիրայրը:

Առաջին կիթառի պատրաստումը տևել է մոտ վեց ամիս: Այդ ամիսների ընթացքում ընտանիքի անդամները  բազմիցս խորհուրդ են տվել՝   հերիք է գլուխ դնես, շատ ես չարչարվում: Տիրայրը, սակայն, հասել է նպատակակետին:

«Իհարկե, ծանր պրոցես է, շատ ժամանակ հոգնում ես, ասում ես՝ հերիք է, էլ չեմ անելու... Այդ պահին պետք է կանգնես, դադար տաս ու մի քանի օր հետո միայն նորից մոտենաս գործին,- ասում է նա,- սկզբում է դժվար, հետո, երբ խնդիրները լուծվում են, մտածում ես՝ փաստորեն ամեն ինչ այսքան հեշտ էր, ուղղակի աշխատանքի ճիշտ ձևը չգիտեի»:  

Առաջին կիթառը փորձարկել է համերգների ժամանակ, նվագել են նաև գործընկեր երաժիշտներն ու իրենք էլ կիթառ պատվիրել: Գործիքի պատրաստման համար Տիրայրն օգտագործում է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում  աճող ծառատեսակների փայտը:

«Իմն, օրինակ, թխկու և հացենու փայտից է: Հիմա պատրաստում եմ հինգերորդ կիթառը, սա էլ ծիրանենու ու վայրի տանձենու փայտից է»,- ասում է երաժիշտը, փաստելով, որ կախված փայտի տեսակից գործիքի արժեքը տատանվում է,- կան էկզոտիկ փայտատեսակներ, որոնք Հայաստանում չկան: Աֆրիկյան, հնդկական, ամերիկյան փայտատեսակները մինչև հասնում են Հայաստան, գինը բարձրանում է»:

Նախընտրելին, սակայն, նրա համար Հայաստանի ծառատեսակների փայտն է: Ընտրություն կատարելիս հաշվի է առնում պատվիրատուի պահանջներն ու նախասիրությունները, որովհետև ինչպես ինքն է նշում, կախված փայտի տեսակից ու  չորությունից  փոփոխվում են նաև գործիքի ձայնի հնչողականությունն  ու ներբերանգները:

Հայկական փայտն օգտագործելու համար Տիրայրը երկարաժամկետ ծրագրեր է կազմում հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գործիքի պատրաստման համար կիրառելի է 5-10 տարի չորացնելուց հետո միայն:

Ասում է՝ ներդումներ պետք է արվեն նախօրոք, որպեսզի տարիներ հետո կարղանաս օգտագորել փայտը:

Ամբողջությամբ ձեռքով պատրաստված կիթառի արժեքը գործարանայինից թանկ է, Տիրայրը, սակայն , վստահ է, պրոֆեսիոնալ  երաժիշտները կնախընտրեն գնել ձեռքով պատրաստվածը:

«Ձեռքով սարքածը թեև միշտ ավելի թանկ է, բայց որակն ավելի բարձր է, որովհետև անհատական աշխատանք ես անում, սիրտդ ու հոգիդ դնում ես մեջն ու նվագողը գիտի՝ այն պատրաստված է հատուկ իր համար,- նշում է նա ու հիշում իր համար պատրաստելու շարժառիթը,- իմ ցանկացած կիթառից Հայաստանում չէին վաճառում ու ես սարքեցի այն, ինչ ուզում էի, սկսած կորություններից, դիրքից, ձևից...  Իմ սարքած կիթառում ամեն ինչ անհատական է: Շատ հաճախ դու կարող է ուղղակի խանութում   չգտնես այն, ինչ քեզ պետք է, իսկ ես սարքում եմ այնպես, ինչպես պատվիրատուն է ցանկանում: Ես միայն կիթառ չեմ սարքում , ինքս երաժիշտ եմ, մշտապես  նվագում եմ, շփվում եմ կիթառիստների հետ ու գիտեմ՝ ինչ են ուզում:

Տիրայրն ասում է, որ մտադիր է նոր գործիքներ ձեռք բերել ու ընդլայնել կիթառի պատրաստման ծավալները: Վստահ է, այն կարող է դառնալ եկամտաբեր բիզնես, որովհետև դրա պահանջարկը կա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter