HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը 4 տարվա ազատազրկում է պահանջում Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվողին

Ամալյա Մարգարյան

Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Արման Առաքելյանի նկատմամբ դատախազ Հայկ Պետրոսյանը պահանջեց չորս տարվա ազատազրկում՝ նշելով, որ դատաքննության ընթացքում մեղադրանքն ամբողջությամբ ապացուցվել է։

«Տվյալ քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում մենք ականատես եղանք, որ բացի տուժողներին պատճառված վնասվածքի` վնասվել է նաև տարբեր կազմակերպությունների պատկանող մի շարք ապրանքներ՝ ցուցափեղկեր, դռներ և այլն։ Ապացուցվել են տուժողի ցուցմունքերը, զննվել են իրեղեն ապացույց հանդիսացող դեպքի վայրից առգրավված փայտերը, շշերը։ Հիմնավորվել է Արման Առաքելյանի մեղադրանքը»,- ճառի մեջ ներկայացրեց դատախազը։ Մեղադրող Հայկ Պետրոսյանը նշեց նաև, որ զննվել է Արման Առաքելյանի բնակության վայրը և առգրավվել դեպքի օրը եղած հագուստը։

«Էլմիրա Հովհաննիսյանի ցուցմունքով հրապարակվել է, որ վկան, դիտելով Արման Առաքելյանին պատկերող տեսանյութերը, ճանաչել է նրան և նկարագրել ագրեսիվ վարքագծի արդյունքում նրա կատարած գործողությունները։ Արման Առաքելյանին գործով ապացույց է ճանաչվել լազերային տեսասկավառակը, որտեղ ոստիկանների նկատմամբ բռնություն կատարող անձանց մեջ նկատվել է նաև Արման Առաքելյանը, ով ձեռքի առարկան նետել է ոստիկանության աշխատակցի վրա, այնուհետև շարունակելով ագրեսիվ վարքագիծ դրսևորել, բռնություն է գործադրել, ձեռքի և ոտքի հարվածներ հասցրել ոստիկանության աշխատակիցներին, նրանց վահաններին և սաղավարտներին»,- հայտնեց դատախազը։

Մեղադրող Հայկ Պետրոսյանը, շարունակելով ճառը, ասաց, որ միջնորդում է Արման Առաքելյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում  և պատիժ նշանակել չորս տարի ազատազրկում։ «Նկատի ունենալով, որ նա չի ընդունել իր մեղքը, չի զղջացել կատարածի համար, հաշվի առնելով հանցագործության բնույթը և վտանգավորության բարձր աստիճանը, վերջինիս նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով՝ 4 տարի ժամկետով՝ խափանման միջոցը թողնելով անփոփոխ»,- առաջարկեց դատախազը։

Դատախազի ճառը լսելուց հետո Արման Առաքելյանի պաշտպան Արա Կարագյոզյանը դատարանին միջնորդեց հետաձգել նիստը և իրենց ժամանակ տալ պատրաստվել պաշտպանական ճառին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 6-ին։

Նիստի ավարտից հետո մենք զրուցեցինք Արման Առաքելյանի պաշտպան փաստաբան Արա Կարագյոզյանի հետ, ով նշեց, որ պաշտպանական ճառի մեջ կանդրադառնա դատախազի կողմից հնչեցված ճառին։ Փաստաբանը շեշտեց, որ Արման Առաքելյանի դեմ ցուցմունք տված Էլմիրա Հովհաննիսյանի և իր պաշտպանյալի միջև առերեսում չի եղել, ո´չ նախաքննության, ո´չ դատաքննության ընթացքում, քանի որ վկան երկրից բացակայում է։

«Միակ անձն է, որը Արման Առաքելյանի դեմ ցուցմունք է տվել, սակայն մենք նրան մեր հարցերը տալու հնարավորություն չենք ունեցել, իսկ զանգվածային անկարգությունների մեղադրանքը չի հիմնավորվել։ Դատախազը անդրադարձավ այն հարցերին, որոնք Արման Առաքելյանին չեն վերաբերում, Արման Առաքելյանը չի կարող կոլեկտիվ կատարած գործողությունների համար պատասխան տա, չի հիմնավորվել` արդյո՞ք տուժողների մարմնական վնասվածքը նա է հասցրել, թե ոչ։ Խորենացի փողոցում կալանավորված 15 և ավելի մեղադրյալների համար ինչու՞ պիտի իմ պաշտպանյալը պատասխան տա»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter