HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Խանդոյանը կոչ արեց դատավորին չընդհատել իր խոսքը (տեսանյութ)

Ամալյա Մարգարյան

Քրեական վերաքննիչ դատարանում Արայիկ Խանդոյանի՝ տեսակցությունների արգելքի վերաբերյալ բողոքի գործով նիստի ընթացքում Արարատ Խանդոյանի պաշտպաններ Արա Կարագյոզյանը և Արայիկ Պապիկյանը հանդես եկան դատավորի բացարկի միջնորդությամբ։ Փաստաբանները միջնորդության մեջ նշեցին, որ նիստը նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը Արայիկ Խանդոյանի կալանքի գործով նիստի ընթացքում կանխակալ վերաբերմունք է դրսևորել նրա նկատմամբ՝ վերջինիս հեռացնելով նիստերի դահլիճից ։

«Սույն գործով նախագահող դատավորը կիրառեց դատական սանկցիա, դատավորի և Խանդոյանի միջև խոսակցությունը դատավարական բնույթ չէր կրում, դա դատավարական քնարկում չէր, ուստի գտնում ենք, որ դատարանն արդեն իսկ ունի կանխակալ վերաբերմունք։ Գտնում ենք, որ դատարանը պետք է սեփական նախաձեռնությամբ նման դիրքորոշում հայտներ», - հատնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Պաշտպանների ելույթից հետո Արայիկ Խանդոյանն իր դիրքորոշումը ներկայացնելուց առաջ փորձեց խոսել ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ պատգամավորիների ընտրությունների մասին, սակայն նիստը նախագահողը ընդհատեց՝ շեշտելով, որ այն տվյալ գործին չի վերաբերում։

«Մի ընդհատեք, քանի ներում ենք, դուք անընդհատ անում եք։ Եթե մի անգամ էլ, ինձ, իմ պաշտպանյալներին, ժողովրդին ընդհատեք, կստանաք ադեկվատ պատասխան», - ասաց Արայիկ Խանդոյանը, որից հետո նախագահողը նորից ընդհատեց Արայիկ Խանդոյանին ՝ նշելով, որ խոսի ըստ էության՝ կապված բացարկի միջնորդության հետ։

Արայիկ Խանդոյանը դատավորին ասաց, որ չխանգարի իրեն, որից հետո դահլիճում հավաքվածները կոչեր ուղղեցին նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանին՝ պահանջելով չընդհատել Արայիկ Խանդոյանի խոսքը։ Դահլիճում ներկա գտնվող դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը նույնպես միացավ կոչերին և հայտարարեց․ «Որևէ մեկը այս հողի վրա, այս մարդուն ընդհատելու իրավունք չունի»։ Այս կոչին միացան դահլիճում հավաքվածները և սկսեցին վանկարկել Արայիկ Խանդոյանի անունն ու ծափահարել նրան։

Դատավորը նշեց, որ դահլիճում ներկաները չեն ենթարկվում դատարանի պահանջներին, ուստի նիստը ընդհատեց և հետաձգեց մինչև ապրիլի 4-ը։

Նիստի ավարտից հետո Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը խոսեց լրագրողների հետ և նշեց, որ նույն դատական կազմը քննել է Արայիկ Խանդոյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։

«Դատարանում տեղի է ունեցել երկոսություն նախագահողի և Արայիկ Խանդոյանի միջև, դա դատավարական քննարկում չէր, անձնավորված բնույթի խոսակցություն էր։ Այդ պահից պարզ էր՝ ինչու կիրառվեց դատական սանկցիա։ Երբ դատավորը նույն գործը վարույթ էր ընդունում, պետք էր ինքը ինքնաբացարկ հայտներ և չընդուներ վարույթ։ Ակնհայտ է, որ կա կանխակալ վերաբերմունք Արայիկ Խանդոյանի անձի, քրեական գործի նկատմամբ»,  -հայտնեց Պապիկյանը։

Փաստաբանը հայտնեց նաև, որ դահլիճում գտնվող մարդկանց զայրույթը, հասկանալի ու տրամաբանական էր։ «Նրանցից շատերը Խանդոյանի հարազատներն էին, ում տեսակցություններն օգոստոսից մինչև օրս անհասկանալիորեն փակ են, որի վերաբերյալ մենք բողոք ենք ներկայացրել կամ քաղաքացիներ, ովքեր այցելել էին Արայիկ Խանդոյանի դատին, որպեսզի տեսնեն մեր Արցախյան ազատամարտի հերոսին»,- հայտնեց Արայիկ Պապիկյանը, ապա ավելացրեց, որ դահլիճում բարձրացրած աղմուկը տեղի չէր ունենա, եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ հայտներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter